14
07, 2021

Հայաստանն արժևորում է Ֆրանսիայի հետևողական ջանքերը և Ձեր անձնական ներդրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ:

Ուղերձում ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներս եմ հղում Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ:

Հայաստանի և Ֆրանսիայի՝ դարերի խորքից եկող բարեկամությունը, մեր պետությունների առանձնահատուկ հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և փոխվստահությունը հսկայական ներուժ են հայ-ֆրանսիական համագործակցության հետագա զարգացման համար:

Հայաստանն արժևորում է Ֆրանսիայի հետևողական ջանքերը և մասնավորապես Ձեր՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ղեկավարի անձնական ներդրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման:

Հուսով եմ, որ երկուստեք ջանքերով հայ-ֆրանսիական արդեն իսկ ընդգրկուն օրակարգը կհարստացնենք նոր գաղափարներով և նախաձեռնություններով:

Մեծարգո պարոն Նախագահ,

Լիահույս եմ, որ շատ մոտ ապագայում առիթ կունենանք ուսումնասիրելու համագործակցության կոնկրետ ծրագրեր, որոնք տարբեր առիթներով հնարավորություն ենք ունեցել քննարկել: Հատկապես կցանկանայի նշել ATOM (Advanced tomorrow - Ժամանակն առաջ) նախագահական նախաձեռնությունը, սննդի անվտանգությունը, փոքր և հաջողակ պետությունների ակումբի ստեղծումը, «Պարտք՝ ի նպաստ կլիմայի» ծրագիրը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և Եվրասիական տնտեսական միության միջև տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը:

Մաղթում եմ Ձեզ անսպառ եռանդ և հաջողություն, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն»:

← Վերադառնալ