06
07, 2021

Դուք միշտ կանգնած եք եղել հայ ժողովրդի կողքին. նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին:

Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Դուք միշտ կանգնած եք եղել հայ ժողովրդի կողքին, կիսել եք մեր ցավն ու տառապանքը և հնարավոր ամեն ճանապարհով աջակցել ազատության ու անկախության հասնելու մեր արդար պայքարին: Ձեր՝ ավելի քան ութսուն այցելություններն Արցախ իրական բարեկամության լավագույն վկայություններն են:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ խորին երախտագիտությունը հայտնել Ձեզ՝ պատերազմի առաջին իսկ օրվանից կատարած անգնահատելի աշխատանքի, Արցախի ժողովրդի իրավունքները պաշտպանելու հարցով միջազգային հանրությանն ուղղված կոչերի համար: Համոզված եմ, որ Հայաստանի և Արցախի ժողովրդին Ձեր անսահման մեծահոգությունն ու նվիրվածությունը կհիշվեն դարերով»:
 

← Վերադառնալ