Մամուլի հաղորդագրություններ
Մարդկանց ունեցած ամենամեծ զենքը խոսքն է, այսինքն՝ բանակցությունները. նախագահ Արմեն Սարգսյանն առցանց մասնակցել է Կատարի միջազգային տնտեսական ֆորումին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առցանց մասնակցել է «Վաղվա նոր հեռանկարները» խորագրով Կատարի միջազգային տնտեսական հեղինակավոր ֆորումին, որն անցկացվում է հունիսի 21-23-ը:
Տարբեր երկրների առաջնորդների, համաշխարհային առաջատար ընկերությունների և կորպորացիաների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, ֆինանսատնտեսական, տեխնոլոգիաների, էներգիայի, կրթության ոլորտներում որոշումներ կայացնող անձանց համախմբող ֆորումում այս տարի քննարկվում են Covid-19 համավարակի հետևանքով առաջացած տնտեսական շոկերը, ինչպես նաև դրանք հաղթահարելու նորարարական մոտեցումներն ու գաղափարները:
Ավելի քան 2000 մասնակիցների թվում են Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն, Գանայի նախագահ Նանա Ադդո Դանկվա Ակուֆո-Ադդոն, Սենեգալի նախագահ Մաքի Սալը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Առևտրի համաշխարհային կազմակերպության, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ղեկավարները:
Ֆորումն անցկացվում է հեղինակավոր Bloomberg L.P. & Bloomberg Philanthropies կազմակերպության աջակցությամբ:
Բացման խոսքով հանդես են եկել Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին և Bloomberg L.P. & Bloomberg Philanthropies-ի հիմնադիր, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը:
Կատարի տնտեսական ֆորումի շրջանակներում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանել է Bloomberg Television–ի թղթակից Սայմոն Ֆոքսմենի հարցերին.
Սայմոն Ֆոքսմեն- Ցանկանում եմ անդրադառնալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՌԴ Վլադիմիր Պուտինի հանդիպման վերաբերյալ լուրերին, որի ընթացքում ըստ երևույթին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը կամ չի բարձրացվել, կամ քննարկվել է շատ հպանցիկ: Դա Ձեզ չի՞ հիասթափեցնում:
- Գերտերությունների ղեկավարները՝ պարոնայք Բայդենը և Պուտինն են որոշում, թե ինչն են համարում այսօր կարևոր: Չէի ցանկանա մեկնաբանել, թե ինչ են նրանք քննարկել: Առաջին հերթին, ես այդ քննարկման մանրամասներին տեղյակ չեմ: Հույս ունեմ, որ նրանք երկուսն էլ կենտրոնացել են այն խնդիրների վրա, որոնք համաշխարհային տեսանկյունից կարևոր են, որոնք ներառում են նաև հարցեր՝ կապված Ադրբեջանի, Հայաստանի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ:
Սայմոն Ֆոքսմեն- Չե՞ք կարծում, որ հակամարտության կարգավորման առումով Ռուսաստանը բավարար աջակցություն չցուցաբերեց Հայաստանին:
- Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, պատմականորեն Հայաստանի գործընկերն է երկար տարիներ: Սա մի պարզ բան է, որը պետք է հիշենք:
Սայմոն Ֆոքսմեն- Նրանք բավարար չափով աջակցե՞լ են:
- Նախքան Միացյալ Նահանգներին, Ռուսաստանին, Ֆրանսիային կամ մեկ այլ երրորդ երկրի դիմելը, իմ՝ որպես երկրի նախագահի պարտքն է մտածել, թե ինչպես մե՛նք պետք է փորձենք ավելին անել: Հույս ունեմ, որ այս ընտրությունները Հայաստանի ներքին կյանքում ինչ-որ առումով հասկացվածություն, կայունություն, կանխատեսելիություն կբերեն:
Մենք պետք է կենտրոնանաք և նայենք դեպի ապագա: Հայաստանի համար ապագան կապված է նոր տեխնոլոգիաների, համաշխարհային վարքագծի, գլոբալիզացիայի հետ: Ապագան բոլոր հայերի, արտասահմանում ապրող հայերի մասին հոգ տանելն է, հայկական սփյուռքի մեծ ներուժն օգտագործելն է:
Սայմոն Ֆոքսմեն- Թույլ տվեք աշխարհաքաղաքականության առումով ավարտել և հետո խոսել տնտեսության մասին: Դուք ակնկալում եք, որ ԱՄՆ-ն, նախագահ Բայդենը՝ կզսպեն Թուրքիային՝ միգուցե Սփյուռքի աջակցությամբ, ինչպես նաև հաշվի առնելով սերտ հարաբերությունները, որ ունենք ԱՄՆ հետ:
- Անկեղծ ասած, մենք դա ակնկալում ենք բոլորից, ովքեր կարող են զսպել Թուրքիայի գործելաոճը: Մենք Թուրքիայի հետ ունեցել ենք շատ դրամատիկ, ողբերգական պատմություն: Ինչպես գիտեք, ավելի քան 100 տարի առաջ Հայոց ցեղասպանություն է տեղի ունեցել, և սա մի բան է, որը մեր ազգը երբեք չի կարող ներել:
Սայմոն Ֆոքսմեն- Նախագահ Բայդենը ճանաչել է այն ...
- Գիտեմ, որ նախագահը ճանաչել է այն, և ես շնորհակալություն եմ հայտնել նախագահ Բայդենին՝ պաշտոնական նամակ ուղարկելով:
Կարծում եմ՝ երկու հարևան երկրների միջև հարաբերություններ կառուցելու համար կարևոր է, որ Թուրքիան ընդունի, որ 106 կամ ավելի տարի առաջ Օսմանյան կայսրությունում սխալ բաներ են կատարվել: Դրանից հետո մենք կսկսենք կառուցել մեր ապագան: Որպես երկրի նախագահ՝ ցանկանում եմ առաջնորդել իմ ժողովրդին ու պետությունը դեպի ապագա, հիշելով անցյալը՝ գնալ դեպի ապագա: Ես նկատի ունեմ դեպի ապագա գնալ ինչպես տեխնոլոգիաների, էկոլոգիայի, այնպես էլ քաղաքականության տեսանկյունից: Ուրախ կլինեմ, որ Հարավային Կովկասի այս պատերազմը լինի վերջինը Հայաստանի մասնակցությամբ: Մենք շուրջ 5 հազար մարդ կորցրեցինք, վիրավորվեց ավելի քան 10 հազար երիտասարդ:
Ես մեկն եմ, ով հավատում է, որ մարդկանց ունեցած ամենամեծ զենքը խոսքն է, այսինքն՝ բանակցությունները: Եթե մենք չենք կարողանում բանակցել, դա ձախողում է ինչպես հայկական ու ադրբեջանական կողմերի, այնպես էլ միջազգային հանրության համար: Բանակցությունների փոխարեն ամեն պատերազմ ձախողվում է, կյանքերի կորուստ, նոր դժբախտության, ատելության ու նոր իրավիճակների ստեղծման պատճառ: Ես ողջ կյանքս ապրել եմ՝ հավատալով, որ թե՛ գիտության, թե՛ տեխնոլոգիաների, թե՛ բիզնեսի և թե՛ քաղաքականության մեջ դիվանագիտությունը, նկատի ունեմ՝ խոսքի ուժը, ամենակարևորն է: Բայց քանի որ մենք խորհրդարանական երկիր ենք, ես ներգրավված չէի նախագահ Ալիևի հետ բանակցություններում: Ես անձամբ կարծում եմ, որ ցանկացած հակամարտությունից մենք ունենք միայն մեկ ելք՝ բանակցությունները:
Սայմոն Ֆոքսմեն- Կարծում եք՝ հնարավո՞ր է նախագահ Ալիևին հետ բերել բանակցային սեղան, քանի որ նա հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լավագույն լուծումը պատերազմն է:
- Կարծում եմ՝ այդ հարցը պետք է ուղղեք նրան, ոչ թե ինձ: Ես միայն կարող եմ իմ կողմից ասել, որ մենք պատերազմից հետո շատ խնդիրներ ունենք, Ադրբեջանում հայ ռազմագերիներ կան, մինչդեռ Հայաստանում ոչ մի ադրբեջանցի գերի չկա: Կան հարցեր՝ կապված անհետ կորած հայ զինվորների ճակատագրի հետ: Կան խնդիրներ սահմանին: Սահմանազատումն ու սահմանագծումը խնդիրներ են, որոնք կարևոր են, սակայն նաև ժամանակատար ու զգայուն՝ հատկապես ներկայիս Հայաստանում՝ պայմանավորված քաղաքական անկայունությամբ և տարբեր քաղաքական կողմերի առճակատմամբ: Այս ամենը հարցեր են, որոնք ի վերջո պետք է լուծվեն: Եվ կա միայն մեկ ճանապարհ՝ ընդմիշտ լուծելու դրանք: Այդ ճանապարհը մարդկային ճանապարհն է, այսինքն՝ խոսքի ուժը՝ բանակցությունները:
Սայմոն Ֆոքսմեն- Կա՞ն որոշակի հատուկ բարեփոխումներ, որոնք կուզեիք տեսնել՝ բարելավելու Հայաստանի տնտեսական իրավիճակը: Դուք ասում եք, որ երկիրը չպետք է ձևացնի, թե ինքը բարձր տեխնոլոգիաների երկիր է այն պարագայում, երբ չունի դրա կարողությունը: Փոխարենն ի՞նչ կանեիք Դուք:
- Մենք ունենք այդ ներուժը՝ դառնալու տեղեկատվական տեխնոլոգիաների երկիր: Սակայն դրանից առաջ, կարծում եմ, պետք է փոխել Հայաստանի սահմանադրությունը, վերադարձնել կառավարման նախագահական համակարգը, քանի որ ներկայիս Սահմանադրությանը թույլ չի տալիս ստեղծել պետական կառավարման հավասարակշռված համակարգ: Այն սուպերվարչապետական է, իսկ մյուս ինստիտուտները զրկված են զսպման լուրջ մեխանիզմներից, բացակայում է հավասարակշռման և զսպումների համակարգը: Պետք է վերադառնանք նախագահականին, սկսենք բարեփոխումներ՝ կենտրոնանալով ապագայի, նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, բիոտեխնոլոգիաների վրա, բացելով մեր դռները մեծ Սփյուռքի առաջ, օգտագործելով նրանց, ովքեր կրթություն են ստացել ու հետազոտություններ արել ողջ աշխարհում, որ նրանք գան և նպաստեն Հայաստանի զարգացմանը գիտության, տեխնոլոգիաների, բիզնեսի, ինչպես նաև քաղաքականության ոլորտներում: Ես շատ լավատես եմ ապագայի նկատմամբ:
Սայմոն Ֆոքսմեն- Պարոն նախագահ, կուզեի՞ք մնալ նախագահ արդեն նախագահական համակարգում:
- Գիտեք, այս համակարգով ես դեռ պետք է շարունակեմ որպես նախագահ պաշտոնավարել ևս մոտ 4 տարի: Եթե մենք փոխենք Սահմանադրությունը, իսկ ես պնդելու եմ, որ այդպես արվի, արդեն այդ ժամանակ կզանգահարեք ինձ, և ես կպատասխանեմ Ձեր հարցին: Սակայն նախ և առաջ, մենք պետք է փոխենք Սահմանադրությունը և միավորենք ողջ հայ ժողովրդին, Սփյուռքին՝ երկիրը դարձնելու ապահով ու կանխատեսելի՝ կենտրոնացած ապագայի վրա:
Սայմոն Ֆոքսմեն- Պարոն նախագահ, շնորհակալ ենք մեզ հատկացված ժամանակի և մեզ միանալու համար:
- Ես ևս շնորհակալ եմ: