26
05, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հորդանանի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հորդանանի Հաշիմյան Թագավորության նորանշանակ դեսպան Խալեդ Շավաբկան (նստավայրը՝ Մոսկվա):

Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով դեսպանին՝ նախագահն ասել է, որ ակնկալում է համատեղ ակտիվ աշխատանք՝ ընդլայնելու ու խորացնելու հարաբերությունները եղբայրական երկրների միջև:

Նորանշանակ դեսպանը փոխանցել է Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի լավագույն բարեմաղթանքները Հայաստանի նախագահին և հայ ժողովրդին:

Դեսպան Շավաբկան վստահեցրել է, որ կգործադրի բոլոր ջանքերը՝ բարեկամ երկրների հարաբերություններն առավել ամրապնդելու և խորացնելու համար: Նա նշել է, որ Հայաստանի նախագահի և Հորդանանի թագավորի միջև հաստատված հիանալի հարաբերությունները լավ հիմք են երկկողմ համագործակցությունն առաջ մղելու համար:

Հանդիպմանը խոսվել է տարբեր ոլորտներում երկկողմ գործակցության խթանման մասին, արձանագրելով, որ արդյունավետ համագործակցության մեծ հնարավորություններ կան նորագույն տեխնոլոգիաների, զբոսաշրջության, կրթության ոլորտներում:

Հայաստանի նախագահն անդրադարձել է պատերազմից հետո մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին, ինչպես նաև ՀՀ սահմանների և տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակվող ոտնձգություններին՝ նշելով, որ դրանք միջազգային իրավունքի նորմերի ակնհայտ խախտում են և պետք է արժանանան միջազգային հանրության ամենախիստ հակազդմանը:

← Վերադառնալ