13
05, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Յանդեքս» ընկերության գլխավոր գրասենյակ

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Յանդեքս» ընկերության գլխավոր գրասենյակ, հանդիպել ընկերության գլխավոր տնօրեն Ելենա Բունինայի և գործադիր տնօրեն Տիգրան Խուդավերդյանի հետ։

Նախագահ Արմեն Սարգսյանն ընկերության տնօրենների հետ շրջել է «Յանդեքս» ընկերության տարածքում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև «Յանդեքս»-ի նորարարական և գիտակրթական նախագծերին ու ծրագրերին։

Նախագահ Սարգսյանին են ներկայացվել «Յանդեքս»-ի կրթական ծրագրերը, որոնք իրականացվում են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Բելառուսում և մասամբ նաև Հայաստանում: Քննարկման մասնակիցներն ընդգծել են Հայաստանում իրականացվող կրթական ծրագրերի ծավալն ընդլայնելու անհրաժեշտությունը: Մասնավորապես, հեռանկարային է համարվել Հայաստանում արհեստական բանականության և տվյալների վերլուծությամբ զբաղվող մասնագետների վերապատրաստման նպատակով «Յանդեքս»-ի դպրոցի մասնաճյուղի բացումը։

← Վերադառնալ