Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական ուղերձներ է հղել Սերժ Թանկյանին, Ատոմ Էգոյանին և Արսինե Խանջյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական ուղերձներ է հղել System of A Down խմբի և Axis of Justice կազմակերպության հիմնադիր Սերժ Թանկյանին, կանադահայ կինոբեմադրիչ, ռեժիսոր Ատոմ Էգոյանին և նրա տիկնոջը՝ դերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած ջանքերի համար:
Սերժ Թանգյանին ուղղված ուղերձում նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նրա հասարակական ու ազգային գործունեության համար. «Նաև ձեր ջանքերի արդյունքում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն աստիճանաբար ընդգրկում ավելի լայն ու ազդեցիկ շրջանակներ»:
Ատոմ Էգոյանին և Արսինե Խանջյանին ուղղված ուղերձում նախագահը գնահատելի է համարել մշակութային գործունեությանը զուգահեռ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված նրանց ջանքերը. «Մենք կհասնենք ճշմարտության վերջնական հաղթանակին, եթե լինենք ուժեղ, միակամ ու վճռական և օգտագործենք մեր բոլոր հնարավորությունները»: