Մամուլի հաղորդագրություններ
Հայաստանն ու Ճապոնիան կարող են ավելին անել՝ մի շարք ոլորտներում երկկողմ հարաբերություններն ընդլայնելու համար. նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Ճապոնիայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսoր հավատարմագրերն է հանձնել Հայաստան Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորին:
Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: Նա նշել է, որ ջերմությամբ է հիշում իր այցը Ճապոնիա՝ կայսեր գահակալության տոնակատարությանը մասնակցելու նպատակով, և խնդրել է իր ողջույնները փոխանցել կայսեր Նարուհիթոյին:
Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Ճապոնիայի հետ հարաբերությունների խորացումը, և երկու երկրները կարող են ավելին անել մի շարք ոլորտներում երկկողմ հարաբերություններն ընդլայնելու համար: Նախագահը նշել է, որ փոխշահավետ համագործակցության մեծ ներուժ է առկա մասնավորապես էներգետիկայի, այդ թվում՝ միջուկային էներգետիկայի և միջուկային անվտանգության, բարձր տեխնոլոգիաների, կրթության ու մշակույթի ոլորտներում:
Դեսպան Մասանորին նշել է, որ իր համար պատիվ է Հայաստանում դիվանագիտական ծառայություն սկսելը: Նա վստահություն է հայտնել, որ, չնայած պատերազմի և համավարակի դժվարություններին, Հայաստանն ընթանալու է զարգացման ճանապարհով, և Ճապոնիան պատրաստ է աջակցել բարեկամ Հայաստանին: Նա հավաստիացրել է, որ իր կողմից ամեն ջանք կներդնի՝ երկկողմ հարաբերությունների խորացման համար: