24
04, 2021

Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում ձեր պատմական որոշումը մեծ կամքի և համարձակության դրսևորում էր. նախագահ Սարգսյանը պարգևատրել է Ֆրանսիայի Սենատի նախագահին և մի խումբ սենատորների

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով hայ-ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Պատվո շքանշանով է պարգևատրել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն, իսկ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի մի խումբ պատգամավորներ պարգևատրվել են Բարեկամության շքանշանով:

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հանձնել է պետական պարգևները և շնորհակալություն հայտնել ֆրանսիացի խորհրդարանականներին:

«Հայ-ֆրանսիական հարաբերությունները դարերի բարեկամության պատմություն են, պատմություն, որ մենք երբեք չենք մոռանա, պատմություն, որ լավ ենք հիշում, պատմություն, որ շատ բարձր ենք գնահատում,- իր խոսքում ասել է Հայաստանի նախագահը: -Պատմություն, որ սկսվել է դարեր առաջ՝ փայլուն օրինակներով՝ Հայկական Կիլիկիայի Թագավորության, Ֆրանսիայի Թագավորության և ֆրանսախոս Երուսաղեմի փայլուն պատմությամբ:

Մենք երբեք չենք մոռանա, որ Մեծ եղեռնից հետո հազարավոր հայեր իրենց փրկության հանգրվանը գտան Ֆրանսիայում: Մենք շատ լավ հիշում ենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում բազում հայորդիներ պայքարում էին ֆաշիզմի դեմ ոչ միայն խորհրդային բանակի, այլև Ֆրանսիայի բանակի ու, մանավանդ, ֆրանսիական Դիմադրության շարքերում: Եվ դրա փայլուն օրինակն է մեր հայրենակից Միսաք Մանուշյանը:

Մենք շատ լավ ենք հիշում, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մեր հազարավոր հայրենակիցներ Ֆրանսիայից վերադարձան հայրենիք՝ իրենց հետ բերելով ոչ միայն իրենց և իրենց ընտանիքները, այլև սերը, մշակույթը, պրոֆեսիոնալիզմը և ընդմիշտ կապվածությունը Ֆրանսիայի հետ՝ ամրացնելով հայ-ֆրանսիական բարեկամությունը:

Մենք շատ լավ հիշում ենք, որ Հայաստանի անկախության առաջին օրերից սկսած, ղարաբաղյան շարժման առաջին օրերից սկսած՝ ունեցել ենք մեր ֆրանսիացի բարեկամների աջակցությունը:

Եվ որպեսզի լավ պատկերացնեք, թե ինչպիսի ազդեցություն է ունեցել ֆրանսիական մշակույթը, ես չեմ բերելու Շառլ Ազնավուրի, Անրի Վեռնոյի և մյուսների օրինակները, այլ ուղղակի կասեմ, որ անկախության առաջին տարիներին, երբ քննարկվում էր Հայաստանի անկախ Հանրապետության առաջին սահմանադրությունը, բոլորի մտքում հետևյալն էր՝ օգտագործել Ֆրանսիայի Հանրապետության սահմանադրությունը: Դրանից լավ բարեկամության ազդանշան չէր կարող լինել:

Մենք շատ լավ հիշում ենք, որ 20 տարի առաջ նախագահ Շիրակի նախաձեռնությամբ Ֆրանսիան ընդունեց, ճանաչեց 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Մենք շատ լավ հիշում ենք, որ Մեծ Եղեռնի 100-ամյակի օրերին մեզ հետ էր ֆրանսիայի նախագահ Օլանդը:

Մենք շատ լավ գիտենք և հիշում ենք, որ ընդամենը 3 տարի առաջ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ այս օրը՝ ապրիլի 24-ը, Ֆրանսիայում համարվում է Եղեռնի հիշատակության օր:

Մենք շատ լավ հիշում ենք ու գնահատում, սիրելի գործընկերներ, ձեր պատմական որոշումը նախորդ տարի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում, մասնավորապես առաջարկել Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը: Որոշումը ոչ միայն պատմական էր, այլև որոշում էր՝ ցույց տալու ձեր վերաբերմունքն ընդհանրապես ազգերի ինքնորոշմանը, ազատության գաղափարներին, հայ-ֆրանսիական բարեկամությանը: Ես կասեի, սա նույնպես ինչ-որ տեղ մեծ կամքի և համարձակության դրսևորում էր Սենատի կողմից: Եվ ես ուզում եմ որպես Հանրապետության նախագահ, նաև որպես հայ մարդ իմ խորին շնորհակալությունը հայտնել ձեզնից յուրաքանչյուրին, ի դեմս ձեզ՝ նախագահ Մակրոնին և ձեր բոլոր գործընկերներին: Հայաստանը, Արցախը և մեր ողջ ժողովուրդը միշտ հիշելու են և երբեք չեն մոռանա ձեր այդ ազնիվ որոշումը և քայլը:

Ես շատ բարձր եմ գնահատում երեկ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի կողմից ինձ ուղղված նամակը: Նամակը շատ ջերմ, եղբայրական-բարեկամական գնահատական է մեր հարաբերություններին, երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության ապացույցը: Այն նաև վկայում է, որ մեր ազգի ցավը՝ Հայոց ցեղասպանությունը, նույնքան ցավալի, նույնքան խորն է ընկալվում Ֆրանսիայի Հանրապետության նախագահի, Սենատի, ֆրանսիացի ժողովրդի կողմից:

Այս այցելությունը ես շատ բարձր եմ գնահատում: Դուք այսօր մեզ հետ եք, մեր ժողովրդի համար ծանրագույն, ողբերգական իրադարձության հիշողության օրը և կիսում եք մեզ հետ ոչ միայն կորստի ցավը, այլև հավատը, որ մեր ժողովուրդը ձեզ նման ունի կամք, ունի վճռականություն՝ հաղթահարելու ոչ միայն 106 տարվա դժբախտությունը, այլև անցյալ տարվա պատերազմի հետևանքները»:

Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն շնորհակալություն է հայտնել Հայաստանի բարեկամների համար նախատեսված շքանշանին արժանանալու համար: «Այդ պարգևը արտահայտում է մեր ժողովուրդների, մեր երկրների միջև լավագույն հարաբերությունները,-ասել է նա:- Սա միակ հայկական շքանշանն է, որը Փարիզի դրամահատարանում է հատված, մեջտեղում ամենակարևոր խորհրդանիշն է՝ Արարատ լեռը, ինչը շատ առանձնահատուկ է: Այն արժեքների ուղենիշ է, վայր, որտեղ հսկայական ողբերգություններից հետո կյանքի սկիզբ դրվեց: Արարատը, որը խորհրդանշում է Հայաստանը, խորհրդանշում է նաև վերածնունդը ողբերգություններից հետո»:

Ժերար Լարշեն հիշել է, որ քսան տարի առաջ, երբ նախագահ Ժակ Շիրակի նախաձեռնությամբ Ֆրանիսայի Սենատում քննարկվում էր Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, քաղաքական ուժերը, չնայած քաղաքական տարակարծություններին, միակամ և միահամուռ էին քվեարկության հարցում. «Դա միայն մեր ցանկությունների դրսևորումը չէր, դա մեր կամքի արտահայտությունն էր, և այդ կամքն արտահայտեցինք բանաձևի միջոցով,- ասել է նա: -Մենք նաև ցանկանում ենք անցնել Լեռնային Ղարաբաղի ճանաչման ճանապարհով»:

Ֆրանսիայի Սենատի նախագահն ընդգծել է, որ Հայաստան այցից հետո պատգամ են տանելու Մինսկի խմբի համանախագահներին: «Մենք կարծում ենք, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան պետք է կարողանան առաջարկել տևական կայուն խաղաղության մի ճանապարհ: Այսօր ապրիլի 24-ն է՝ հիշողության օր ձեզ համար, սակայն այս տարին նաև առանձին խորհուրդ ունի: Մենք այսօր այցելեցինք Զինվորի տուն, տեսանք երիտասարդների, որոնք վիրավորվել են պատերազմում: Նրանց նայելով՝ մենք տեսնում ենք, որ այլ ճանապարհ, քան խաղաղության ճանապարհն է, չկա,-ասել է Ժերար Լարշեն: -Այսօր առավոտյան մենք այցելեցինք նաև Ցեղասպանության հուշահամալիր, որը ցույց է տալիս մարդկության անմարդկային բնույթը: Մեր բազմակարծության մեջ մենք ուզում ենք դառնալ Ֆրանսիայի համամարդկայնության կրողները, և այդ համամարդկայնությունը մեր եղբայրությունն է, մեր բարեկամությունը»:

Պարգևատրման արարողությունից հետո տեղի է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը Ժերար Լարշեի և Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ: Քննարկվել են հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, երկու երկրների խորհրդարանների կապերի ամրապնդմանը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

 

 

← Վերադառնալ