Մամուլի հաղորդագրություններ
Մենք պատասխանատվություն ենք կրում հայ և վրացի ժողովուրդների գալիք սերունդների միջև հարաբերությունների ձևավորման համար. նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Վրաստան կատարած իր պաշտոնական այցի ընթացքում ցուցաբերված ջերմ ընդունելության, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ կառուցողական քննարկումների համար: Նամակում մասնավորապես ասվում է.
«Լիակատար փոխվստահության և հարգանքի մթնոլորտում կայացած մեր հանդիպումը Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման նոր ուղիներ նախանշեց: Միանգամայն համաձայն եմ, որ մենք պատասխանատվություն ենք կրում հայ և վրացի ժողովուրդների գալիք սերունդների միջև հարաբերությունների ձևավորման համար:
Ուրախ եմ արձանագրել, որ առկա են համատեղ հետաքրքրություններ ու խոստումնալից հեռանկարային փոխգործակցություն նոր տեխնոլոգիաների, կրթության և գիտության, ենթակառուցվածքների, արհեստական բանականության, էներգետիկայի, տրանսպորտի և մի շարք այլ բնագավառներում:
Հավատացած եմ, որ այցի շրջանակներում ձեռք բերված գործնական և արդյունավետ պայմանավորվածություններն առավել կխորացնեն մեր երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը՝ ի բարօրություն մեր եղբայր ժողովուրդների»: