22
04, 2021

Հայտարարություն Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքների մասին

Ազգային ժողովի ընդունած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքների փաթեթն Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն է ներկայացվել 2021 թվականի ապրիլի 2-ին:

Հանրապետության նախագահն Օրենքը քննարկել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարության, ակադեմիկոսների, բուհերի, գիտության և կրթության ոլորտի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները:

Ըստ Օրենքին կից ներկայացված հիմնավորման՝ Օրենքի գլխավոր նպատակն է կրթության և գիտության համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացումը: Սակայն հարկ է ընդգծել, որ Օրենքը համակարգային բնույթ չունի, և դրանով նախատեսված կարգավորումներով գիտության և կրթության ոլորտում առկա խնդիրների համար առավելապես հատվածական լուծումներ են առաջարկվում:

Նման օրենքի ընդունման համար նախ և առաջ պետք է ունենալ գիտության և կրթության զարգացման հստակ տեսլական, ռազմավարություն, ծրագիր՝ ինչ ուղղությամբ ենք գնում, ինչպիսի գիտություն ու կրթություն ենք ուզում զարգացնել: Օրենքը ներկա վիճակով լիարժեքորեն չի արտացոլում գիտության և կրթության զարգացման ժամանակակից միտումները:

Միևնույն ժամանակ, Օրենքի վերաբերյալ Հանրապետության նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները և փորձագիտական կարծիքները հանգեցրել են այն եզրակացության, որ Օրենքի առանձին դրույթներ առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Հանրապետության նախագահը չի ստորագրել Օրենքը՝ դիմելով Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը Օրենքի համապատասխանությունը որոշելու համար:

← Վերադառնալ