Մամուլի հաղորդագրություններ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
Սիրելի մայրեր,
Շնորհավորում և բարեմաղթանքներս եմ հղում ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Դուք առաջինն եք լսում նոր կյանքի ձայնը և զգում կորստի ցավը:
Խոնարհումս և երախտագիտության խոսքերս բոլորիդ:
Թե խաղաղ և թե տագնապալի, առավել ևս պատերազմական ժամանակներում մայրերը եղել են հայրենիքի կարևորագույն հիմնասյունը: Եվ եթե նույնիսկ այդ հենասյունը ցավից սասանվել է, երբեք չի կոտրվել ու շարունակել է ամուր պահել ընտանիքի, օջախի, երկրի հիմքը:
Մայրական անվերջանալի սերն ու ջերմությունը, հոգատարությունն ու աջակցությունն ամենաարժեքավոր նվերներն են, որ ստանում ենք մեր կյանքում:
Կարողանա՛նք այդ ամենը ոչ միայն արժանապատվորեն փոխադարձել մայրերին, այլև փոխանցել մեր սերունդներին, փոխակերպել հայրենիքի հանդեպ սիրո:
Եղեք առողջ ու երջանիկ, սիրելի՛ մայրեր: