29
03, 2021

Մենք ոչ աջ ենք, ոչ ձախ ենք, ոչ սև ենք, ոչ սպիտակ ենք, այլ փորձում ենք պաշտպանել ու պահպանել պետական շահը. նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը aravot.am կայքին և «Առավոտ» օրաթերթին (մաս1-ին)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել aravot.am կայքին և «Առավոտ» օրաթերթին: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի 1-ին մասը.

Արամ Աբրահամյան- Պարոն նախագահ, երկրում ստեղծված ճգնաժամի հաղթահարման ձևերի մասին. Դուք մեկ սեղանի շուրջ եք հրավիրել վարչապետին, խորհրդարանական խմբակցություններին և արտախորհրդարանական ընդդիմությանը, որը միտինգներ էր անում: Բայց մեկ սեղանի շուրջ բոլորը չհավաքվեցին: Ինչո՞ւ:

- Կարծում եմ՝ հարցն իրենց պետք է տաք: Ես չեմ կարող իրենց փոխարեն պատասխանել: Ցավում եմ: Չեմ կարծում, որ չեմ շարունակելու ոչ միայն շփվել բոլորի հետ, այլև փորձել, որ ի վերջո ինչ-որ ներդաշնակության, համաձայնության, փոխզիջումների և հանդուրժողականության գանք: Առանց դրա հնարավոր չէ:

Ինձ համար նշանակություն չունի, որ որոշ քաղաքական ուժեր, կուսակցություններ նույնիսկ իրենց անհարգալից են պահել, քանի որ ես, որպես նախագահ, իրենց արտահայտությունները թողնում եմ մի կողմ, նայում եմ այն իրավիճակին, որ գոյություն ունի այսօր մեր երկրում և այն մարտահրավերներին ու խնդիրներին, որ այսօր ունենք: Նորից եմ ասում՝ անձնավորելը սխալ է, հետևաբար, ես ինչպես փորձել եմ բոլորի հետ շփվել, այդպես էլ շարունակելու եմ՝ կոչ անելով, որ երկխոսություններ լինեն, մարդիկ հանդուրժող լինեն: Ուրիշ ճանապարհ չունենք:

Հնարավոր չէ, որ որևէ մեկը, մեկ կամ երկու կուսակցություն երկիրն այս իրավիճակից միայնակ հանեն: Բոլորիս ներդրման անհրաժեշտությունը կա: Կարիք կա, որ բոլորս կարգապահ ձևով ամեն օր մեր աշխատանքով ներդրում ունենանք մեր տունը վերակառուցելու գործում: Հետևաբար, եթե նույնիսկ գնում ենք ընտրությունների, որովհետև երեք խորհրդարանական կուսակցությունները որոշել են, հուսով եմ, որ ամբողջ ընթացքում, բուն ընտրություններին և դրանից հետո մենք բոլորս մեզ կպահենք քաղաքակիրթ ձևով:

Արամ Աբրահամյան- Որպես այդ հարցի շարունակություն. մեր նախորդ հարցազրույցի ժամանակ Դուք ձեր առաջարկություններն արեցիք, ասացիք, որ վարչապետը պետք է հրաժարական տա, պետք է ձևավորվի կամ ազգային համաձայնության, կամ տեխնոկրատների կառավարություն, այդ ընթացքում շտկվեն ընտրական օրենսգիրքը և Սահմանադրության որոշակի հոդվածներ, հետո՝ անցկացվեն ընտրություններ: Այդպես չեղավ: Երկու ամսվա ընթացքում շտկել ընտրական օրենսգիրքը, առավել ևս Սահմանադրությունը հնարավոր չէ: Հետևաբար, այն չէ, ինչ Դուք ուզում էիք: Հունիսի 20-ին ընտրություններ անցկացնելը կլուծի՞ քաղաքական ճգնաժամը, թե՞ ոչ:

- Նախ, վերադառնանք մեր նախկին զրույցում իմ առաջարկությանը, որ կառավարությունը պետք է հրաժարական տար: Նորից, ի տարբերություն շատերի, ես աշխատում եմ չանձնավորել քաղաքականությունը, որոշումները, գործընթացները: Հրաժարական պետք է տար, ըստ իմ առաջարկի, կառավարությունը: Ընդ որում, իմ առաջարկը ոչ թե իմ անձնական կարծիքն է, այլ շատ երկրներում կամ միջազգային պրակտիկայում ընդունված պրոցես է: Եթե խորհրդարանական հանրապետություն ես և ունես ճգնաժամային իրավիճակ, կառավարությունը հրաժարական է տալիս, ձևավորվում է ազգային համաձայնության կառավարություն, այսինքն՝ հիմնական կուսակցությունները, համաձայնության գալով, ձևավորում են կառավարություն կամ ազգային համաձայնության կառավարություն, բայց զրոյական մակարդակով, այսինքն՝ որևէ քաղաքական ուժ չկա, միայն պրոֆեսիոնալ, արհեստավարժ մարդիկ են: Եթե դու երկիր ես, որտեղ Ազգային ժողովը, հանրությունը, քաղաքական ուժերը, որոնք առաջնորդում են կամ որոնք ընդդիմադիր են, գտնում են, որ ընտրական օրենսգրքի եւ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա, ապա բավարար ժամանակ պետք է տրամադրվի այդ կառավարությանը, որը կկազմակերպի քննարկումներ, ընդհուպ հանրաքվե: Սա իդեալական լուծումն է, որին համամիտ եմ այսօր էլ: Չեմ փոխել իմ կարծիքը:

Այսօր ունենք ուրիշ իրավիճակ, երբ Ազգային ժողովի երեք քաղաքական ուժեր որոշել են ընտրություններ անցկացնել և հայտարարել են օր: Օրը, իհարկե, պետք է ինչ-որ գործընթացի արդյունքում հայտարարվի կամ կհայտարարվի, բայց, համենայն դեպս, ենթադրվում է, որ այդ օրը հունիսի երկրորդ կեսին է, ինչը շատ քիչ ժամանակ է թողնում այն ամենի համար, ինչի մասին մենք խոսեցինք: Ես շարունակելու եմ պնդել, որ, ի վերջո, եթե մենք համարում ենք, որ մեր Սահմանադրությունը բարեփոխումների կարիք ունի, եթե համարում ենք, որ ընտրական օրենսգիրքը բարեփոխումների կարիք ունի, եթե ուզում ենք, որ ընտրություններից հետո նորից քաղաքական ուժերն իրար չմեղադրեն, ապա պետք է աշխատենք առավելագույնս մոտ լինել այն առաջարկությանը, որ ես արել եմ: Հակառակ դեպքում ընտրություններից հետո, գուցե մի սցենարով կամ մի հնարավորության դեպքում կունենանք կուսակցություն, որը կունենա մեծամասնություն, և այդ դեպքում մյուսները, հնարավոր է, բավարարված չլինեն: Հնարավոր է՝ այնպիսի Ազգային ժողով ունենանք, որ որևէ կուսակցություն չունենա մեծամասնություն, և Ազգային ժողովի ներսում ունենանք զանազան խնդիրներ, այսինքն՝ ոչ կայուն և ոչ հավասարակշիռ Ազգային ժողով ունենանք:

Տարբեր հնարավոր լուծումներ կարող են լինել, որոնք, ցավոք սրտի, հնարավոր է՝ նորից բերեն քաղաքական իմաստով ճգնաժամային իրավիճակի:

Արամ Աբրահամյան- Սահմանադրությունը փոխվել է հաճախ քաղաքական կոնյուկտուրայից ելնելով, արագ-արագ փոխվել է, և հետո մենք, կոպիտ ասած, «կրակն ենք ընկել»: Այդ պատճառով ես միշտ կասկածներ ունեմ, երբ սկսվում է խոսակցություն Սահմանադրություն փոխելու մասին: Ես գիտեմ, որ հիմա էլ խոսակցություն կա, և Դուք վարչապետի հետ այդ հարցը քննարկել եք: Արդյո՞ք նորից նույն ծուղակը չենք ընկնի:

- Այս հարցը ես քննարկել եմ ոչ միայն վարչապետի հետ: Դուք երկու ճանապարհ ունեք կա՛մ ընդունում եք, որ այս Սահմանադրությունը՝ լավ, թե վատ, սա է, և շարունակենք դրանով ապրել, կա՛մ փորձում եք այդ Սահմանադրությունը բարեփոխել, կամ ավելի ճիշտ՝ փոփոխել, որն ավելի տրամաբանական կլինի և ավելի լավ կծառայի ժողովրդին ու պետությանը:

Անձնապես չեմ կարող դատել, թե որն է ավելի լավ՝ նախագահակա՞նը, թե՞ խորհրդարանականը: Սկզբունքորեն երկուսն էլ կարող են լինել լավ, բայց կարող են նաև լինել վատ, իրականում որևէ տարբերություն չկա և դրա պարզ օրինակները երկու մեծ պետություններ են իրար կողքի Գերմանիան և Ֆրանսիան: Մեկը խորհրդարանական պետություն է, մյուսը՝ նախագահական: Երկուսն էլ հաջողված պետություններ են, նրանցից որևէ մեկը չի մտածում իր Սահմանադրությունը փոխելու մասին: Գերմանացիները չեն ուզում նախագահական դառնալ, ֆրանսիացիները չեն մտածում դառնալ խորհրդարանական պետություն: Հետևաբար՝ երկու տարբերակն էլ կարող են լինել շատ հաջողված և լավ ծառայել, և՛ երկուսն էլ կարող են լինել ձախողված:

Հարցն այն չէ, թե որն է լավը: Հարցն ավելի շատ մասնավոր է՝ ինչպիսի՞ Սահմանադրության կարիք ունես: Սահմանադրությունը, որ ժամանակին ընդունել ես, արդյո՞ք բավարարում է այսօրվա պահանջներին: Արդյո՞ք ժամանակին ընդունելով այդ Սահմանադրությունը՝ դու որոշակի տեղերում թերություններ չես թողել: Երբ ես համաձայնում էի դառնալ նախագահ, և ինձ առաջարկություն արվեց, ակնկալվում էր, որ ես իմ ներդրումը պետք է ունենամ և՛ սփյուռքի հետ հարաբերություններում, և՛ ներդրումների ոլորտում, և՛ գիտության ու կրթության, տեխնոլոգիաների մեջ, ինչն իր հերթին ենթադրում էր որոշակի օրենսդրական փոփոխություններ, որպեսզի նախագահը կարողանար այդ պարտականությունները կատարել: Սահմանադրությունն ուժի մեջ մտավ իմ երդմնակալությունից հետո, ես և իմ գործընկերները հանդիպել ենք Սահմանադրության հետ կապված խնդիրների, և չխոսել դրանց մասին, լռել՝ ասելով, որ խոսելն անիմաստ է, չեմ կարծում, թե ճիշտ է:

Երկրորդը. անվանել մեր Սահմանադրությունը մաքուր խորհրդարանական, սխալ կլինի, որովհետև ցանկացած խորհրդարանական կամ նախագահական համակարգում անպայման կան հավասարակշռության և զսպումների մեխանիզմներ, որոնք մեզ մոտ բացակայում են: Խոսքը նախագահին տրված գործիքների մասին չէ, այլ՝ ԱԺ-ի և հանրության ու մնացած ինստիտուտների հետ կապված:

Եթե ունես ուժեղ իշխանություն, հանրություն, որը ներդաշնակ է ապրում ինքն իր հետ, ապա Սահմանադրության անհարթությունները չես նկատում: Սահմանադրության անհարթություններն սկսում են քաղաքական, տնտեսական և այլ տիպի խնդիրների ու ճգնաժամերի հետ: Հետևաբար, այսօր ամեն առիթով հանդիպում ես խնդիրների, որոնք կապված են բուն Սահմանադրության հետ: Վերցնենք Իտալիայի Հանրապետությունը, որը նույնպես խորհրդարանական է, շատ իմաստներով մեր սահմանադրությունների մեջ ընդհանրություններ կան: Իտալիայի սահմանադրությունն ասում է, որ Հանրապետության նախագահը ճգնաժամային իրավիճակներում կարող է ցրել Ազգային ժողովը: Ընդամենը մի նախադասություն է: Իտալիայի նախագահ Մատարելան երբեք չի խառնվում գործադիրի գործունեությանը, ես ևս փորձում եմ երբեք չխառնվել գործադիրի գործունեությանն ու ընդհանրապես քաղաքական գործընթացներին: Փորձում եմ միշտ լինել մեջտեղում, և դրա համար նախագահն ու ինստիտուտը քննադատվում են և՛ աջից, և՛ ձախից: Եթե քո որոշումն այս կամ այն օրենքի կամ երևույթի հետ կապված համընկնում է կառավարության որոշման հետ, այդ դեպքում գուցե կառավարությունը բավարարված է, բայց ընդդիմությունը քեզ քարկոծում է: Եթե հակառակն է՝ քո որոշումը համընկնում է այն ցանկությունների հետ, որ ունի ընդդիմությունը, դու դառնում ես իրենց մարդը, հերոս, բայց հանկարծ եթե չի համընկնում, քեզ քարկոծում են: Քանի որ քարկոծումը երկու կողմից կա, ես մտածում եմ, որ մենք ճիշտ ենք անում, որովհետև ոչ աջ ենք, ոչ ձախ ենք, ոչ սև ենք, ոչ սպիտակ ենք, այլ փորձում ենք պաշտպանել ու պահպանել պետական շահը:

Նախագահ Մատարելան, ունենալով այդ փոքրիկ գործիքը, արդեն քանիերորդ անգամ Իտալիայում քաղաքական ճգնաժամ է հաղթահարել: Վերջին դեպքում նախագահ Մատարելան որպես վարչապետ հրավիրեց Դրագիին, որը Եվրոպական բանկի նախագահն էր, պրոֆեսիոնալ մարդ, և որը ձևավորեց պրոֆեսիոնալ կառավարություն՝ քաղաքականի փոխարեն, մինչև հաջորդ ընտրություն: Այդ փոքրիկ գործիքը Հանրապետության նախագահին հնարավորություն է տալիս մինչև հաջորդ ընտրություն հաղթահարել ճգնաժամային իրավիճակները:

Մեզ մոտ, ցավոք սրտի, Սահմանադրության մեջ նմանատիպ գործիքների հսկայական պակաս կա: Պետք չեն շատ գործիքներ: Պարզ օրինակ. օրենքը գալիս է Հանրապետության նախագահի սեղանին, նախագահն ունի հնարավորություն կա՛մ ստորագրել ԱԺ-ից եկած օրենքը, կա՛մ, եթե տվյալ օրենքը, ըստ նախագահի, նրա իրավաբանների կամ խորհրդատվական կարծիքների, սահմանադրական խնդիրներ է պարունակում, դիմել Սահմանադրական դատարան: Կամ՝ ուղղակի չստորագրել, և որոշակի օրերից հետո ստորագրում է ԱԺ նախագահը, և այն դառնում է օրենք:

Ենթադրենք՝ օրենքը վերաբերում է կրթությանն ու կրթական համակարգին: Տվյալ դեպքում Հանրապետության նախագահն իր կյանքի մեծ մասն անցկացրել է հենց այդ ոլորտում: Այսինքն, ինչ-որ պատկերացում ունեմ կրթական համակարգի մասին, հետևաբար, նմանատիպ օրենքը կարող եմ գնահատել նաև որպես մասնագետ: Տեսնում եմ, որ այս օրենքը Սահմանադրության հետ խնդիր չունի, սակայն կարող է վնասել կրթական համակարգին: Ինչո՞ւ Հանրապետության նախագահն իրավունք չունի այդ օրենքն իր դիտողություններով վերադարձնել ԱԺ՝ խնդրելով, որ ԱԺ-ն մեկ անգամ ևս քննարկի ու քվեարկի՝ հաշվի առնելով նախագահի առաջարկությունները: Չեմ կարծում՝ սրա մեջ որևէ բացասական երևույթ կա:

Նմանատիպ փոփոխություններ, կարծում եմ, անհրաժեշտ են Սահմանադրության մեջ: Բայց ավելի մեծ քննարկում, թե՝ նորից վերադառնանք նախագահականին և այլն, համաձայն եմ, դրա համար ժամանակ է պետք, և այդ ժամանակը պետք է ճիշտ օգտագործվի: Իսկապես հանրային քննարկման կարիք կա, մասնագետների, փորձագետների, պրոֆեսիոնալների քննարկման կարիք և լրջության: Մեր ողջ հանրությունը լրջորեն պետք է ներգրավված լինի նման քննարկման մեջ, որպեսզի մեկ անգամ և ընդմիշտ որոշենք, թե ինչ Սահմանադրության կարիք ունենք և դրանից հետո այլևս երբեք չվերադառնանք այդ հարցին:

Արամ Աբրահամյան- Պարոն նախագահ, նախորդ հարցազրույցից հետո ինձ սկսեցին հարցնել` նախագահն ասում է տեխնոկրատների կամ ազգային համաձայնության կառավարություն: Ի՞նչ մեխանիզմներ, ի՞նչ սահմանադրական մեխանիզմներ կան այն ձևավորելու համար: Այսինքն՝ Ազգային ժողովը հրաժարվու՞մ է քաղաքական բոլոր ամբիցիաներից և ընտրու՞մ է այդպիսի կառավարություն: Դա հնարավո՞ր է:

- Նորից եմ ուզում նշել, որ դա հնարավոր է, եթե Ազգային ժողովում ներկա հիմնական կուսակցությունները քաղաքական որոշում ընդունեին և անեին այն, ինչ Դուք ասում եք: Սակայն դրա համար իրենք որոշում պետք է կայացնեն: Իմ առաջարկությունը պրակտիկ առաջարկություն չէր, որ նախագահն ասում է այս ճանապարհով պետք է գնանք, և հաջորդ քայլը հրաման է արձակում, թե ինչպես անել: Նույն օրինակը բերեմ՝ եթե մեր հանրապետության Սահմանադրությունն ունենար նույն նախադասությունը, ինչ Իտալիայի Հանրապետության Սահմանադրությունում է, այդ ժամանակ ես կհրավիրեի վարչապետին և իր հետ զրույց կունենայի առաջարկելով՝ կա՛մ Հանրապետության նախագահը ցրում է Ազգային ժողովը, կա՛մ Ազգային ժողովը գնում է այն ճանապարհով, որ Հանրապետության նախագահն առաջարկել է: Տվյալ դեպքում Իտալիայի Հանրապետության նախագահն առաջարկել էր տեխնոկրատների կառավարություն, և Իտալիայի Ազգային ժողովն ընդունել էր դա: Իտալիայի Սահմանադրության մեջ մեկ նախադասությունը նախագահին թույլ էր տալիս անել այն, ինչ Իտալիայում հնարավոր էր, իսկ Հայաստանի Հանրապետության նախագահին՝ չանել այն, ինչ ցանկալի էր:

Արամ Աբրահամյան- Հասկանալի է:

Ամենաինտրիգայինը՝ Օնիկ Գասպարյանի պատմությունը և Ձեր՝ Սահմանադրական դատարան դիմել-չդիմելու հարցը, որը, մեղմ ասած, թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության կողմից, այսպես ասենք, սուր քննադատության է արժանացրել Ձեզ: Խնդրում եմ՝ մեկնաբանեք Ձեր գործողությունները:


- Նախ և առաջ, եթե երկու կողմից թեժ քննադատության է արժանացել՝ ուրախ եմ: Հետևաբար, ես, հավանաբար, ճիշտ որոշում եմ ընդունել: Բնական է՝ երբ վարչապետի առաջարկությունը եկավ՝ Օնիկ Գասպարյանին ազատել աշխատանքից, ակնկալիքն այն էր, որ Հանրապետության նախագահը պետք է ստորագրի: Սակայն, քանի որ այս ամբողջը տեղի էր ունեցել Գլխավոր շտաբի ղեկավարի և իր գործընկերների հայտարարությունից հետո, բնական է, իմ առաջին քայլը հետևյալն էր՝ ես որևէ փաստաթուղթ չեմ ստորագրի, մինչև մարդկանց հետ չհանդիպեմ: Գնացի Գլխավոր շտաբ, հանդիպեցի Օնիկ Գասպարյանի հետ: Ներկաներ կային, հետո գեներալների հետ առանձին հանդիպեցի, բավականին երկար տևեց՝ մի քանի ժամ: Չեմ կարծում, թե էթիկայի տեսակետից ճիշտ է, որ Ձեզ փոխանցեմ՝ ինչ ենք խոսել Օնիկ Գասպարյանի հետ: Դրանից հետո նորից հանդիպել ենք Օնիկ Գասպարյանի և նաև գեներալների հետ: Ընդհանուր տպավորությունը կարող եմ փոխանցել. նախ և առաջ ինձ համար հստակ էր, որ ո՛չ Օնիկ Գասպարյանը, ո՛չ Գլխավոր շտաբի գեներալները չեն պատրաստվում ուրիշ քայլ անել, բացի իրենց հայտարարությունից: Սա իրենք հայտարարում էին, և իրենց ելույթներում էլ ինձ համար շատ հստակ էր: Գեներալների հետ հանդիպման ժամանակ ես լսում էի բաներ, որոնց մասին, արդեն գիտեի, և որոշ բաներ, որ նորություն էին ինձ համար՝ բանակի վիճակի մասին: Այդ հանդիպումից հետո իմ եզրակացությունը (խորհրդակցելով գործընկերների, իրավաբանների հետ և հաշվի առնելով առանձին կարծիքներ) հետևյալն էր՝ կա առերևույթ սահմանադրական խնդիր: Եվ ես հստակ ասացի, որ չեմ ստորագրելու, ուղարկեցի վարչապետին, ըստ ընթացակարգի՝ վարչապետն իր կարծիքը հետ ուղարկեց, ես նորից, երկրորդ անգամ հաստատեցի, որ չեմ ստորագրելու և խնդիրը տանելու եմ Սահմանադրական դատարան, ինչպես և արեցի:

Երբ հայտարարեցի, որ չեմ ստորագրելու, ընդդիմությունը, որի մասին Դուք խոսում եք, հայտարարեց, որ նախագահը միացավ իրենց: Ցավում եմ, որ երեք տարի ուշադիր չեն հետևում, թե նախագահը և նախագահական ինստիտուտն ինչպես են աշխատում: Սակայն իրենք իրենց պատկերացումներն ունեին, թե ես ինչպես պետք է դիմեմ Սահմանադրական դատարան, և, իրենց պատկերացմամբ, պետք է դիմեի Օնիկ Գասպարյանի անձնական գործով: Սակայն ես գտնում էի, որ նախագահը պետք է դիմի ոչ միայն Օնիկ Գասպարյանի գործով, այլ ընդհանրապես այդ օրենքի և դրա գործառնության գործով՝ դիմումի մեջ ներառելով և՛ Օնիկ Գասպարյանի դեպքը, այսինքն՝ նմանատիպ դեպքում ազատման գործընթացը, և նաև նշանակման ու ընդհանրապես այդ օրենքի հետ կապված առերևույթ սահմանադրական խնդիրները, ինչը և ես արեցի: Սա ընդդիմությանը չբավարարեց, և «վերջապես նախագահ ունեցանք, նախագահը միացավ մեզ» արտահայտությունները փոխարինվեցին ուրիշ բառերով:

Ես բացարձակապես համոզված եմ, որ այն, ինչ մենք արել ենք, ճիշտ ենք արել: Արել ենք ճիշտ և՛ պետության, և՛ երկրի կայունության համար, և ճիշտ լուծում գտնելու համար դիմել ենք Սահմանադրական դատարան: Հիմա գործը Սահմանադրական դատարանում է, և Սահմանադրական դատարանն իր վերաբերմունքը կարող էր ցույց տալ հենց առաջին օրը կամ չգիտեմ N-երորդ օրը: Երբ վարչապետը նորից դիմեց, որ ստորագրեմ Օնիկ Գասպարյանի փոխարեն նոր նշանակումը, ինչպես Դուք գիտեք, ես նորից հրաժարվեցի և ասացի, որ չեմ ստորագրելու, բայց Սահմանադրական դատարան չդիմեցի, որովհետև արդեն իսկ դիմել էի այդ հարցով: Այսինքն՝ իմ դիմումը ներառում էր ոչ միայն Օնիկ Գասպարյանի դեպքը, այլև բոլոր հնարավոր դեպքերը: Հետևաբար, իմ՝ նման ձեւով Սահմանադրական դատարան դիմելը ճիշտ էր:

Կա քննադատություն, որ սիրում եմ, որովհետև սիրում եմ մարդկանց կարծիքը լսել: Եվ եթե որևէ մեկն առողջ տրամաբանությամբ մտքեր է ասում, միշտ պատրաստ եմ լսել, բայց պատրաստ եմ նաև բանավիճել մարդկանց հետ՝ ապացուցելով, որ տվյալ դեպքում ես կարծում եմ՝ ես եմ ճիշտ, մինչև այն պահը, երբ մեզնից մեկը տրամաբանորեն կապացուցի, որ ինքն ավելի ճիշտ է: Ես որևէ ձևով չեմ կարծում, թե մենք որպես ինստիտուտ սխալ ենք գործել, մենք շատ ճիշտ ենք գործել և ճիշտ պահին ճիշտ ձևով դիմել ենք Սահմանադրական դատարան: Սա առիթ է տվել Օնիկ Գասպարյանին, մյուսներին դիմել վարչական դատարան, ինչն իրենք արեցին: Այդ օրերի ընթացքում ես ոչ թե մեկ անգամ, այլ մի քանի անգամ եմ հանդիպել Օնիկ Գասպարյանի հետ: Հանդիպել եմ և՛ վարչապետի հետ, և՛ ԱԺ-ում ներկայացված կուսակցությունների, և՛ ընդդիմության հետ:

 

← Վերադառնալ