11
03, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը՝ գերիների, անհետ կորած անձանց խնդիրների հարցում. Հայաստանի ու Էստոնիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդի հետ՝ էստոնական կողմի նախաձեռնությամբ:

Էստոնիայի նախագահը հետաքրքրվել է նախագահ Արմեն Սարգսյանի առողջական վիճակով և լիարժեք ապաքինում մաղթել:

Նախագահներ Սարգսյանը և Կալյուլայդը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության հեռանկարների շուրջ, ինչպես նաև խոսել են երկու երկրներում համավարակային իրավիճակի, կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի և դրա կանխարգելմանն ուղղված միջոցառումների մասին:

Զրուցակիցներն անդրադարձել են պատերազմից հետո ստեղծված իրողություններին, ի հայտ եկած նոր մարտահրավերներին, մարդասիրական և մի շարք այլ խնդիրների: Նախագահ Սարգսյանն առանցքային է համարել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի, ինչպես նաև անհետ կորած անձանց հայտնաբերման խնդիրները՝ ընդգծելով, որ մեր երկիրն ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունն այդ կարևորագույն հարցերի լուծման գործում: Միաժամանակ, նախագահ Արմեն Սարգսյանն իր մտահոգությունն է արտահայտել պատերազմական և հետպատերազմական շրջանում Եվրամիության և Հյուսիս-ատլանտյան դաշինքի դիրքորոշման վերաբերյալ:

 

← Վերադառնալ