14
12, 2020

Նախագահ Արմեն Սարգսյանը Climate Ambition Summit-ում կլիմայի փոփոխության արդյունքում ֆինանսական խնդիրներ ունեցող զարգացած և զարգացող երկրներին առաջարկել է նորարարական մոտեցում` «Պարտքը` ի նպաստ կլիմայի» բանաձևով

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կլիմայական փոփոխությունների հարցով գագաթնաժողովի՝ Climate Ambition Summit-ի շրջանակում հանդես է եկել տեսաուղերձով:

Վիրտուալ գագաթնաժողովը նախաձեռնել են Միավորված ազգերի կազմակերպությունը, Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան՝ Իտալիայի ու Չիլիի հետ համագործակցությամբ: Գագաթնաժողովը միավորում է պետությունների ղեկավարների, գործարար ու քաղաքացիական հանրության առաջնորդների, որոնք պատրաստ են նոր պարտավորություններ ստանձնել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում և Փարիզյան համաձայնագրի կատարման գործում:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր ելույթում առաջարկել է «Պարտք՝ ի նպաստ կլիմայի» բանաձևով բնութագրվող նորարարական մոտեցումը՝ ուղղված կլիմայի փոփոխության արդյունքում ֆինանսական խնդիրներ ունեցող զարգացած և զարգացող երկրներին:
Գաղափարն այն է, թե ինչպես երկրներն ավելի կանաչ դարձնելով ունենալ ավելի կանաչ աշխարհ՝ նաև ազատվել պարտքերից: «Այս գաղափարով, որը կարող է փոխել տարբեր երկրների` կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում նրանց արդյունավետության աստիճանը, առաջարկվում է այդ պայքարի համար ապահովել լրացուցիչ ֆինանսական հոսքեր,- նշել է նախագահ Սարգսյանը։- Այս ֆինանսական միջոցները պետք է ուղղվեն տվյալ երկրի ՝ կլիմայի փոփոխությունների դեմ պայքարին միտված ազգային պարտավորությունները ժամանակին և արդյունավետ կատարելուն»։

Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է նաև, որ Հայաստանի համար մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում ավելի հավակնոտ կլիմայական նպատակների սահմանումը ևս մեկ հնարավորություն է՝ վերաիմաստավորելու ամբողջ տնտեսական և ազգային զարգացման մոդելն ու արագացնել գործողությունները, որոնք միտված են անցնելու ավելի կայուն և ցածր ածխածնային տնտեսության: Նա ընդգծել է, որ Հայաստանի տեսլականի հիմքում են էկոհամակարգային մոտեցումը, մասշտաբային անտառապատումները, ներդրումները վերականգնվող էներգետիկայի և էներգարդյունավետության ոլորտներում: «Մենք նպատակ ունենք մինչև 2030 թվականը էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում ընդլայնել արևային էներգիայի տեսակարար կշիռը մինչև 15 տոկոսով, իսկ կանաչ էներգիայինը՝ մինչև 54 տոկոսով»,-մասնավորապես նշել է նախագահ Արմեն Սարգսյանը:

Climate Ambition Summit-ում հնչել են նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի, Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի, Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերայի, Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի, ինչպես նաև այլ պետությունների ու կառավարությունների ղեկավարների ելույթներ: 

← Վերադառնալ