14
11, 2020

Ինձ համար այս պահին կարևոր խնդիրը հետևյալն է՝ թույլ չտալ, որ զայրույթը, անհանգստությունը վերածվեն քաղաքական բևեռացման ու ընդհարումների. նախագահ Արմեն Սարգսյան

Իր նախաձեռնած խորհրդակցությունների շրջանակում, որոնք միտված են հասարակության ներկայացուցիչների կարծիքներին և տեսակետներին տեղեկանալուն, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել տեխնոլոգիական ոլորտի մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:

«Մենք ապրում ենք դժվար, զգացական օրեր, օրեր, որոնք մեր ազգի համար բախտորոշ են: Մեզնից յուրաքանչյուրի սիրտը, հոգին լցված է անհանգստությամբ, դժվարությամբ,-ասել է նախագահը: -Սա երկար է տևելու: Բայց սա ընդամենը մեր ժողովրդի պատմության դրվագներից մեկն է, առաջին անգամը չէ, որ ընկել ենք, պետք է մեր մեջ ուժ գտնենք, որ նորից ոտքի կանգնենք: Պետք է մտածենք հետագա անելիքների մասին»:

Հանդիպման մասնակիցները նախագահ Սարգսյանին հարցեր են ուղղել մասնավորապես երկրում ստեղծված իրավիճակի, Արցախի հետագա ճակատագրի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ստորագրված եռակողմ փաստաթղթի մասին: Անդրադառնալով ստորագրված հայտարարությանը՝ նախագահը նշել է. «Կա զինադադարի փաստաթուղթ, չկա Մինսկի խումբը. սա միակ ինստիտուտն է, որին տրված է բարձր լիազորություն՝ որոշելու Արցախի կարգավիճակը: Ոչ ոք սա չի փոխելու: Կարգավիճակը դեռ որոշված չէ, ընդամենը զինադադար է, հետևաբար, պետք է հրատապ կերպով գործընթացը վերադարձնել Մինսկի խումբ: Բոլոր հարցերը պետք է քննարկվեն, պետք է ստիպել Ադրբեջանին՝ վերադառնալ Մինսկի խումբ»:

Ի պատասխան հարցերից մեկի՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ ներկայումս մենք երկրի կայունության պահպանման խնդիր ունենք. «Չպետք է թույլ տալ, որ բանավեճերը, զայրույթը, ներքին պոռթկումները վերածվեն մեխանիկական քայլերի: Ինձ համար այս պահին կարևոր խնդիրը հետևյալն է՝ թույլ չտալ, որ զայրույթը, դեպրեսիան, անհանգստությունը վերածվեն քաղաքական բևեռացման ու ընդհարումների»:

Նախագահն անթույլատրելի է համարել որևէ բախում, որևէ բռնություն: «Ցանկացած՝ ամենալավ ու ամենավատն մարդն էլ արժանի են, որ ապրեն և լսելի լինեն: Որևէ մեկը թույլ չի տվել որևէ մեկին, որ նա իր վրա վերցնի պատժելու գործառույթը: Սա անթույլատրելի է: Եվ սա պետք է երկկողմանի լինի: Պետությունը, իշխանությունը, ի դեմս իրավապահ մարմինների, ունեն պարտականություններ, պետք է թույլ չտան նման բաներ»,- ասել է նախագահը:

Հանրապետության նախագահը կարևոր է համարել կատարված սխալների ու բացթողումների վերլուծությունը և աշխատանքը երկրի հզորացման ուղղությամբ. «Եթե վերլուծենք, թե ինչ սխալներ ենք արել, և որտեղ են դրանց աղբյուրները, կկարողանանք գալ ճիշտ եզրակացության, և դրանից հետո, եթե այնքան հանդուրժողականություն և հարգանք ունենք իրար հանդեպ, նստենք միասին ու մտածենք, թե որոնք են մեր տեսլականն ու ռազմավարությունը: Տեսլական ասելով նկատի չունեմ լավ, գեղեցիկ ցանկությունների ցանկ, այլ՝ հստակ պատկերացում՝ տեղափոխվենք 20 տարի հետո, գնահատենք, թե աշխարհը, տարածաշրջանն ինչպիսին է լինելու, մեր հարևանները որտեղ են լինելու, և մենք որտեղ պետք է լինենք»:

Նա ընդգծել է, որ այս ուղղությամբ որոշ քայլեր արդեն իսկ նախաձեռնել է՝ մասնավորապես առանձնացնելով երկրի գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված ATOM նախաձեռնությունը: «Մենք այսօր բարձր տեխնոլոգիական երկիր դառնալու ներուժ ունենք, բայց դեռևս ոչինչ չենք անում դրա համար,-ասել է նախագահ Սարգսյանը:- Երբ մենք Երևանում մտածում ենք ATOM ծրագիր իրականացնելու մասին, դա միայն նրա համար չէ, որ աշխատանքային տեղեր բացվեն, գիտությունը զարգանա և այլն: Դա նաև նրա համար է, որպեսզի ուժեղ բանակ ունենանք, որովհետև այդ բանակն արդեն չի լինելու զինվորը: Մենք պետք է դառնանք 21-րդ դարի փոքր, բայց հզոր պետություն: Պետք է մտածենք ազգային միասնության մասին: Սփյուռքից մարդիկ գալիս են, օգնում են, «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումար ուղարկեցին, բայց կարծում եք դա՞ է ճանապարհը: Ոչ: Ամեն սփյուռքահայ պետք է մտածի այս երկրի մասին, որպես իր տան մասին: Այդ առումով խոչընդոտները պետք է վերացնենք: Ո՞վ է ասել, որ, երբ մեր լավագույն տաղանդավոր երեխաները, որ Գերմանիայում, Ֆրանսիայում, ամբողջ աշխարհում հաջողությունների են հասել բիզնեսի, քաղաքականության, կրթության մեջ, իրավունք չպետք է ունենան գալ և այստեղ նախարար դառնալ, որովհետև պետք է 4 տարի այստեղ ապրեն և ՀՀ քաղաքացի լինեն: Մեր ամենամեծ ռեսուրսը մեր մարդիկ են: Պետք է ստեղծենք բոլոր հնարավոր պայմանները, որ երիտասարդ տաղանդավոր հայերը, որոնք կրթություն են ստացել, փորձառություն են ձեռք բերել դրսում, գան, օգնեն Հայաստանին»:

Նախագահի խոսքով՝ լինելով փոքր երկիր, Հայաստանը պետք է բացվի աշխարհի համար, նոր բարեկամներ ու հնարավորություններ ստեղծի. «Բացվենք սփյուռքի, աշխարհի համար: Այս աշխարհում լավ աշխատելով կարող ենք նոր բարեկամներ և նոր կապեր գտնել ու հավասարակշռել: Հնարավորություններ կան»:

← Վերադառնալ