Մամուլի հաղորդագրություններ
Հայաստանի և Արցախի համար այս դժվարին պահին Ավստրիան վերստին արտահայտեց իր հստակ աջակցությունը հայ ժողովրդին. նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Ավստրիայի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության Դաշնային նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելլենին՝ երկրի ազգային տոնի առթիվ:
Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ հայ-ավստրիական կայուն փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ մակարդակներում կշարունակի ամրապնդվել և ընդլայնվել՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։
«Հայաստանի և Արցախի համար այս դժվարին պահին, երբ մեր ժողովուրդը մարտնչում է կյանքի և ազատության համար, Ավստրիան վերստին արտահայտեց իր հստակ և աներկբա աջակցությունը Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին:
Երախտագիտությունս եմ հայտնում Ձեզ և Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի և բանակցությունների հարթակ տրամադրելու պատրաստակամության համար:
Բարձր ենք գնահատում նաև Ավստրիայի խորհրդարանի՝ ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի ռազմական միջամտությունը և Ադրբեջանին զենք մատակարարելու գործընթացը դատապարտող բանաձևը»,- մասնավորապես ասվում է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում: