Մամուլի հաղորդագրություններ
ՆԱՏՕ-ի անդամ երկիրը՝ Թուրքիան, պետք է դադարի լինել այս հակամարտության մաս և հավատարիմ մնա հրադադարին․ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:
Նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է Արցախի Հանրապետության դեմ ու Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությանը և հատկապես իր մտահոգությունը հայտնել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող բացահայտ ռազմաքաղաքական աջակցության առնչությամբ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն անհանգստություն է հայտնել իրավիճակի վերաբերյալ և առանձնապես՝ քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու առնչությամբ՝ հույս հայտնելով, որ կողմերը կհարգեն հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները և կվերադառնան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ բանակցային սեղանի շուրջ։
Հանդիպումից հետո նախագահ Արմեն Սարգսյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ:
«Պարոն նախագահ, ուրախ էի Ձեզ տեսնել այստեղ։ Բարձր եմ գնահատում թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ Հայաստանի համար կարևոր հարցերի վերաբերյալ մեր ունեցած քննարկումները, -ողջունելով նախագահ Սարգսյանին՝ ասել է Յենս Ստոլտենբերգը։ -ՆԱՏՕ-ն և Հայաստանն ունեն երկար տարիների համագործակցություն, և ես շնորհակալ եմ այն ներդրման համար, որ Հայաստանն ունեցել է ՆԱՏՕ-ի առաքելություններում և գործողություններում։ Հանդիպման ընթացքում անդրադարձանք Աֆղանստանում մեր առաքելությանը, և ես բարձր եմ գնահատում Հայաստանի հետևողական աջակցությունն Աֆղանստանում մեր առաքելությանը։
Մենք նաև Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետ կապված քննարկում ունեցանք: Ես հիշեցրի նախագահին, որ ՆԱՏՕ-ն այս հակամարտության մաս չի կազմում։ Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի արժեքավոր գործընկերներ են ավելի քան 25 տարի։ ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է հրադադարի շարունակվող խախտումներով, որոնք մարդկային կյանքեր են խլել։ ՆԱՏՕ-ի և միջազգային անվտանգության համար կարևոր է, որ ռազմական գործողությունները դադարեցվեն, դադարեն տառապանքներն, ու գտնվի խաղաղ կարգավորում։ Կենսական կարևորություն ունի այն, որ բոլոր կողմերն այժմ զսպվածություն ցուցաբերեն, հետևեն հրադադարին և լարվածության թուլացմանը։
Քաղաքացիական բնակչության ցանկացած թիրախավորում անընդունելի է և պետք է դադարեցվի։ Բոլորը պետք է աշխատեն՝ հասնելու խնդրի կայուն քաղաքական լուծման։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է վերսկսեն բանակցությունները՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը շարունակում են լինել կարևոր»։
Նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքում նշել է. «Ցանկանում եմ երկրորդել ՁԵր խոսքերը և նույնպես նշել, որ Հայաստանն ու ՆԱՏՕ-ն համագործակցության պատմություն ունեն, և այս բոլոր տարիներին Հայաստանը լավ գործընկեր է եղել։ Ինչպես նշեցիք, մենք մեր խաղաղապահներն ունենք Կոսովոյում և Աֆղանստանում, որոնք պայքարում են իսլամիստական ահաբեկչության դեմ։ Այստեղ եմ ոչ միայն հաստատելու, որ երկարամյա գործընկերությունն ունենք, այլև Ձեզ և Ձեր գործընկերների հետ խոսելու մի բանի մասին, որը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, այլև կարևոր է ողջ տարածաշրջանի համար։
Համաձայն եմ Ձեզ հետ, որ այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում։ Ուրախ ենք, որ կա ԵԱՀԿ Մինսկի խմբի հարթակն՝ իր երեք համանախագահող երկրներով՝ ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստան։ Գնահատում եմ բոլոր երեք համանախագահների և այս երեք երկրների նախագահների աշխատանքը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Լավրովի ջանքերը։ Սակայն, ցավոք, ո՛չ մոտ 10 օր առաջ և ո՛չ էլ նույնիսկ այսօր, երբ մեր արտաքին գործերի նախարարը Մոսկվայում էր, մենք դեռևս տեսնում ենք, որ պատերազմը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է։ Ցանկացած պատերազմական գործողություն և քաղաքացիական բնակչության հրետակոծություն ամբողջությամբ անընդունելի են։
Լինելով ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ կցանկանայի այստեղ իմ մտահոգությունները հայտնել, որովհետև, ցավոք, շատ վերլուծաբաններ և նրանք, ովքեր մոտիկից են հետևում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հիմա, երբ այն վերսկսվել է որպես պատերազմ, ասում են, որ այն այլևս հակամարտություն չէ Արցախի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի միջև, այլ այնտեղ կա երրորդ կողմ, որը քաղաքական, դիվանագիտական և ռազմական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին։ Այդ երրորդ կողմը ներգրավված է այդ գործողություններում։ Երրորդ կողմ, որն աջակցել և այս տարածաշրջան է բերել իսլամիստ ահաբեկիչների։ Եվ, ցավոք, այդ երրորդ կողմը ՆԱՏՕ-ի անդամ է։ Այստեղ լինելով՝ ես չէի կարող չխոսել այդ երրորդ կողմի մասին, որը Թուրքիան է։ Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը՝ Թուրքիան, պետք է դադարի լինել այս հակամարտության մաս և հավատարիմ մնա հրադադարին, հասկանա, որ պետք է գտնվի խաղաղ լուծում։ Այդ դեպքում, կարծում եմ, հրադադար կհաստատվի, և դրանից հետո մենք կկարողանանք վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ Մինսկի խմբի միջնորդությամբ, և, ի վերջո, կգտնենք հակամարտության խաղաղ լուծում։
Շնորհակալություն, պարոն գլխավոր քարտուղար։ Հույս ունեմ, որ հաջորդ անգամ կհանդիպենք ավելի խաղաղ իրավիճակում, հատկապես մեր տարածաշրջանում, որը կարևոր տարածք է Կովկասում և ամբողջ տարածաշրջանում»։
***
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ մամուլի համար հայտարարությունը ՆԱՏՕ-ի մամուլի կենտրոնում
(21 հոկտեմբեր, 2020, Բրյուսել)
Մեծարգո Գլխավոր քարտուղար,
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն շուրջ երեք տասնամյակ հաստատուն կերպով զարգացրել են հարաբերությունների հարուստ օրակարգ, որն ընդգրկել է ինչպես բարձր մակարդակի երկխոսությունը, այնպես էլ՝ գործնական համագործակցության տարբեր ոլորտներ:
Ունենալով անվտանգության հետ կապված սեփական հսկայական մարտահրավերներ' Հայաստանը շարունակում է իր կարևոր աջակցությունը ողջ աշխարհում անվտանգության և խաղաղության պահպանմանն ուղղված միջազգային ջանքերին: Եվ անգամ ներկայիս պայմաններում Հայաստանը հանձնառու է շարունակել իր ներդրումը Կոսովոյում և Աֆղանստանում «Վճռական աջակցություն» գործողությանը:
Գլխավոր քարտուղարին ես ներկայացրեցի Ադրբեջանի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղի) և Հայաստանի նկատմամբ սանձազերծված և շարունակվող լայնածավալ ագրեսիայի մասին: Արցախի խաղաղասեր բնակչությունը ներկայումս առերեսվում է մարդասիրական մարտահրավերների հետ:
Արցախի բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները, ներառյալ՝ դպրոցներն ու մանկապարտեզները, եկեղեցիներն ու հիվանդանոցները, մայրաքաղաք Ստեփանակերտն ու Շուշին, դեռևս շարունակում են լայնածավալ հրետակոծության թիրախ մնալ, որի ընթացքում օգտագործվում են նաև այնպիսի արգելված զենքեր, ինչպիսիք են կասետային զինատեսակները, որի հետևանքով կան տասնյակ զոհեր խաղաղ բնակչության մեջ և լուրջ ավերածություններ: Հայաստանի Հանրապետության տարածքը նույնպես թիրախավորվել է, որի արդյունքում ևս ունենք զոհեր քաղաքացիական բնակչության մեջ, վիրավորված երեխաներ: Այս հարձակումները որևէ ռազմական անհրաժեշտությամբ չեն կարող արդարացվել և ռազմական հանցագործություն են։
Մենք խորապես մտահոգված ենք, որ փոխանակ հրադադարի կոչ հնչեցնելուն, ինչպես ՆԱՏՕՆ-ն և ողջ միջազգային հանրությունն են անում, Թուրքիան իր հայտարարություններով և գործողություններով շարունակում է աջակցել Արցախի և Հայաստանի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային՝ այդպիսով արդարացնելով ուժի կիրառումը որպես միակ ընդունելի լուծում:
Կարծում եմ՝ միայն մեզ չի մտահոգում, որ ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի ռազմական կարողություններն ու սպառազինություններն օգտագործվում են Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության դեմ: Նույնքան ցավալի է, որ ՆԱՏՕ-ի որոշ անդամ պետությունների ռազմական սարքավորումներն ու զենքերը, որոնք հավաքված են երկակի նշանակության տեխնոլոգիաներով և պահեստամասերով, ինչպես նաև սերտիֆիկացված են ՆԱՏՕ-ի չափանիշներով, ևս տեղափոխվում են Ադրբեջան և օգտագործվում Արցախի քաղաքացիական բնակչության դեմ։ Ակնհայտ է, որ սա հարցեր է առաջացնում՝ կապված շահագործողի վկայականի կասեցման հետ:Վերահաստատում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի, և Հայաստանը հավատարիմ է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը:
Ընդգծեցի ՆԱՏՕ-ի շարունակական աջակցության կարևորությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին:Շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը վճռական և աներկբա ուղերձ հղի Ադրբեջանի ղեկավարությանը, որ չեն հանդուրժի նրա անխոհեմ արկածախնդրությունն ու չարաբաստիկ հարձակումը Արցախի և նրա ժողովրդի դեմ:
Ավելին, անհրաժեշտ է, որ ցանկացած երրորդ երկիր իր հայտարարություններում և գործողություններում զերծ մնա հրահրող հռետորաբանությունից և քայլերից, որոնք կարող են լարել և ավելի սրել իրավիճակը տեղում՝ այդպիսով վտանգելով ամբողջ տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը, որը կարող է հակամարտության գոտուց դուրս գալ՝ ունենալով անկանխատեսելի հետեւանքներ միջազգային խաղաղության և անվտանգության համար: Մենք նաև անդրադարձել ենք օտարերկրյա ահաբեկիչների հետ կապված խնդրին և մեծ թվով արմատականների ներհոսքին դեպի Ադրբեջան՝ որպես շատ վտանգավոր զարգացման։
ՆԱՏՕ-ի անդամ երկրի կողմից Ադրբեջանում Սիրիայից և Լիբիայից բերված ահաբեկիչների ակտիվ հավաքագրումը, վերապատրաստումը և նրանց տեղափոխումը Արցախի Հանրապետության սահմաններին մոտ, ինչպես նաև նրանց Արցախի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով տեղակայելը փաստ է, որն արդեն հաստատված է և փաստված բազմաթիվ երկրների՝ ներառյալ ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից:
Կարծում եմ՝ միջազգային հանրությունը պետք է անհանգստություն հայտնի ահաբեկիչների ներկայության փաստից, ինչը, ի վերջո, կարող է Ադրբեջանի տարածքը դարձնել միջազգային ահաբեկիչների մեկ այլ անվտանգ հանգրվան:
Եզրափակելով՝ կցանկանայի ընդգծել, որ Հայաստանն ակնկալում է շարունակել իր քաղաքական երկխոսությունն ու գործընկերային հարաբերությունները Հյուսիսատլանտյան դաշինքի հետ: