Մամուլի հաղորդագրություններ
Արցախցի երեխաները հյուրընկալվել են նախագահական նստավայրում
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել են արցախցի մի խումբ երեխաներ, ովքեր Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքով ժամանակավորապես ապաստանել են Հայաստանում:
Հանրապետության նախագահի աշխատակազմը, Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հետ համագործակցությամբ, արցախցի երեխաների համար ժամանցային միջոցառում է կազմակերպել: Թատրոնի դերասանների մասնակցությամբ նախագահական նստավայրում բեմադրվել է մանկական գեղեցիկ ներկայացումներից մեկը՝ «Բրեմենյան երաժիշտները»:
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանն այս նախաձեռնությունը հոգեբանական աջակցության տեսանկյունից կարևոր է համարել դժվարին պայմաններում հայտնված երեխաների համար: «Այս օրերին շատ կարևոր է արցախցի երեխաներին հոգեբանական թիկունք լինելը, քանի որ երեխաները հասարակության ամենախոցելի մասն են, նրանց հուշերում դեռ շատ կմնա այն մղձավանջը, որն ապրեցին: Կարծում եմ՝ պետք է անենք հնարավորը այս երեխաների համար»,- նշել է Ղազանչյանը՝ ընդգծելով, որ նմանօրինակ միջոցառումները շարունակական կլինեն և ավելացրել, որ Հայաստանի բոլոր թատրոնների դռները բաց կլինեն արցախցի երեխաների առջև:
Նա տեղեկացրել է, որ դեռ ամռանը, նախագահ Արմեն Սարգսյանի հետ թատրոնների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, նախագահ Սարգսյանի կողմից առաջարկ էր հնչել ներկայացումներ կազմակերպել նախագահական նստավայրի տարածքում՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի հետևանքով թատրոնների և մշակույթի մյուս օջախների գործունեության սահմանափակումները: «Երբ նախագահն առաջարկն արեց, դեռ պատերազմ չկար, խաղաղ էր: Պատերազմական այս օրերին որոշեցինք Արցախի մեր փոքրիկների համար հենց նախագահական նստավայրում ներկայացումը բեմադրել»,-ասել է Հ. Ղազանչյանը: Նա հույս է հայտնել, որ իրենց դերասաններին հաջողվել է դրական տպավորություններ փոխանցել փոքրիկ հանդիսատեսներին:
Ներկայացումից հետո երեխաներին նաև նվերներ են փոխանցվել Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից: