02
10, 2020

Թուրքիան իր գործողություններով չպետք է ապակայունացնի ամբողջ տարածաշրջանը. նախագահ Սարգսյանի հարցազրույցը «Ալ Ջազիրա»-ին

«Դուք ասում եք, թե արդյո՞ք հնարավոր է հիմա երկխոսություն սկսել, երբ F-16 -երը սպանում են կանանց և տղամարդկանց՝ հրթիռակոծելով գյուղեր և քաղաքներ: Ինչպե՞ս կարող ես բանակցություններ սկսել, երբ Թուրքիան, որն այս հակամարտության մասը չէ, կրակում է Լեռնային Ղարաբաղի քաղաքների և գյուղերի վրա: Բացատրեք ինձ՝ ինչպե՞ս է հնարավոր նման բան: Առաջին հերթին Թուրքիան պետք է դուրս բերվի այս հակամարտությունից, նրանք այս խնդրի մասը չպետք է լինեն,- «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության «Հատուկ հարցազրույց» ծրագրի եթերում ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և շարունակել:- Այնուհետև, ադրբեջանական կողմը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը պետք է որոշեն, թե երբ պետք է ռազմական գործողությունները դադարեցվեն, և գնան դեպի բանակցությունների սեղան: Բոլորին հորդորում եմ դա անել որքան հնարավոր է շուտ: Թուրքիան իր գործողություններով չպետք է ապակայունացնի ամբողջ տարածաշրջանը»:

«Ալ Ջազիրա»-ի մեկնաբան Հասան Ջամուլի դիտարկմանը, թե Թուրքիան մինչև հիմա ժխտում է, որ ուղղակի աջակցություն է ցուցաբերում, նախագահ Սարգսյանը պատասխանել է, որ նրանք ճիշտ չեն ասում. «Թուրքիան նույնն է անում Սիրիայի, Լիբիայի, Իրաքի դեպքում: Հիշում եմ ամերիկացի մեծագույն նախագահներից մեկի խոսքը, որն ասում էր, որ կարող եք հիմարացնել բոլորին ինչ-որ ժամանակ, կարող եք ինչ-որ մարդկանց հիմարացնել երկար ժամանակ, բայց չեք կարող բոլոր մարդկանց մշտապես հիմարացնել: Թուրքիան հիմարացնում է միջազգային հանրությանը»: 

← Վերադառնալ