Մամուլի հաղորդագրություններ
Մենք պետք է նայենք դեպի ապագա՝ զարգացնելով նոր տեխնոլոգիաները. նախագահ Արմեն Սարգսյանը բացման խոսքով հանդես է եկել իտալական Milano Finanza Digital Week հեղինակավոր համաժողովին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր բացման խոսքով հանդես է եկել իտալական Milano Finanza Digital Week հեղինակավոր համաժողովին: Տնտեսության տարբեր ոլորտների վրա թվային տեխնոլոգիաների ազդեցությանը, ինչպես նաև արհեստական բանականության, կիբերանվտանգության խնդիրներին նվիրված համաժողովին մասնակցում են միջազգային խոշոր ընկերությունների, գիտական ու ակադեմիական շրջանակների, բանկային և ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բացման խոսքի սկզբում խոսելով Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած նոր պատերազմի մասին և ընդգծելով, որ հարցը ուժի միջոցով լուծելու փորձը որևէ հեռանկար չունի , նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է.«Աներկբա է, որ հայերը երբեք չեն հանձնվի: Լեռնային Ղարաբաղը պաշտպանվելու է Արցախի Հանրապետության բնակչության և համայն հայության կողմից»:
Այնուհետև անդրադառնալով համաժողովի հիմնական թեմային՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ պետք է ընդունել, որ մարդկությունը թևակոխել է նոր ժամանակաշրջան, և այն էապես տարբերվում է նախկինից. «Սա մի ժամանակաշրջան է, որն անվանում եմ քվանտային: Շատ բաներ կտրուկ փոխվել են: Ներկայիս աշխարհում գերիշխող չեն նավթային ընկերությունները, փոխարենը գերիշխում են տվյալների ընկերությունները: Մեր կյանքի մի մասն այժմ վիրտուալ է: Այս ամենը փոխել է ողջ միջավայրը: Համաշխարհային ռիսկերը փոփոխվող աշխարհի հետևանք են»:
Նախագահի խոսքով՝ փոփոխվող աշխարհում անգամ համավարակներն են քվանտային վարքագիծ դրսևորում: «Մենք փոխանակում ենք ոչ միայն տեղեկատվություն, տվյալներ, այլ նաև՝ վիրուսներ: Մենք պետք է ընդունենք, որ համավարակով պայմանավորված այս իրավիճակը կորոնավիրուսի կամ աշխարհի փոփոխությամբ առաջացած դժվարությունների պատճառով չէ: Մենք պետք է ընդունենք, որ աշխարհը փոխվել է և այդ պատճառով է, որ այսօր COVID-19 ունենք,-ընդգծել է նախագահ Սարգսյանը: -Մենք պետք է փոխենք ժողովրդավարությունը, քաղաքականությունը, բնության հանդեպ մեր վարքագիծը, վիրուսների նկատմամբ մեր վերաբերմունքը, այլապես ամբողջ աշխարհում ստիպված կլինենք մեկը մյուսի հետևից դիմակայել տարբեր ռիսկերի: Եզրահանգումը հետևյալն է՝ ժամանակն է արթնանալ և ընդունել, որ սա նոր աշխարհ է»:
Անդրադառնալով կիբերանվտանգությանը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ այն պետք է շատ ավելի լայնորեն դիտարկել, քանի որ նոր աշխարհում գերակա են տվյալները և ինտերնետը. «Տվյալը նոր առաջնորդն է, որը պետք է պաշտպանված, զարգացած լինի: Կիբերանվտանգության հետևում տվյալների պաշտպանությունը, անվտանգությունը և կառավարումն են: Տվյալներն ամենուր են՝ ատոմակայաններ, ռազմական ոլորտ: Այդ տվյալներն այսօր մեր զարգացման, սակայն, միևնույն ժամանակ, նաև գլոբալ ռիսկերի առաջացման աղբյուրն են»:
Ցանկացած խնդրի լուծման համար նախագահ Սարգսյանը կարևոր է համարել երկխոսությունը. «Իմ ուղերձը պարզ է՝ 30, 40 տարի առաջ աշխարհի առաջնորդները, ներառյալ՝ Խորհրդային Միության, ԱՄՆ-ի ղեկավարները, հասկացել էին, որ առճակատումները, ավելի շատ միջուկային զենքի ստեղծումը, ավելի շատ հզոր հրթիռները նրանց ոչ մի տեղ չեն տանի և միայն կնպաստեն ավելի շատ առճակատումների առաջացմանը: Նրանք ընդունեցին, որ այդ ամենի համար կա միայն մեկ լուծում՝ երկխոսություն: Նրանք երկխոսություն ունեցան, և Բեռլինի պատը քանդվեց, Գերմանիան վերամիավորվեց, ռազմավարական զենքերը վերահսկողության տակ վերցվեցին: Այդպիսով՝ երկխոսությունը յուրաքանչյուր խնդրի համար մարդկային լուծում է»:
Պատասխանելով Հայաստանի մասին հարցին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ մեր երկիրն ունի մաթեմատիկայի, ֆիզիկայի, բնական գիտությունների մեծ ավանդույթներ: «Մենք պետք է նայենք դեպի ապագա՝ զարգացնելով նոր տեխնոլոգիաները: Որպես երկրի նախագահ, որը գիտակցում է, որ մենք ապրում ենք քվանտային աշխարհում, կարծում եմ՝ անհատական տաղանդը այս նոր աշխարհում զարգացման ամենահզոր խթանն է: Նոր գաղափարները զարգանում են ստարտափներում,-ասել է նախագահը: -Հայաստանի նման երկիրը մեծապես կշահի, երբ մեկնարկի նախագահական նախաձեռնությունը, որը կոչվում է АТОМ (Advanced tomorrow)՝ Հայաստան բերելով նոր տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը: Հայաստանում կան տաղանդներ, և այդ ամենն իրականություն դարձնելու մեծ ցանկություն»: