Մամուլի հաղորդագրություններ
Եթե այսօր էլ հավատանք, կարգապահ ու կազմակերպված լինենք, հստակ նպատակ ու ծրագիր ունենանք, ապա կհասնենք մեր երազանքին. նախագահ Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար զոհված նվիրյալների հիշատակին
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ, պաշտպանության նախարարության ու զինված ուժերի ղեկավար կազմի ուղեկցությամբ, այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած նվիրյալների հիշատակին:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախագահ Սարգսյանը բոլորին շնորհավորել է Անկախության տոնի առթիվ և նշել. «Երեսուն տարի առաջ մեր ժողովուրդը երազանք ուներ՝ դարերով փայփայած երազանք՝ վերականգնել իր անկախ պետականությունը, և 29 տարի առաջ այդ երազանքը կատարվեց: Այս ընթացքում ունեցանք և՛ մեծ հաղթանակներ, և՛ դժվարություններ, կարծում եմ, բոլոր լավ և վատ դասերը սովորել ենք: Ժամանակն է, որ նորից երազենք, որպեսզի հաջորդ երեսուն տարում կառուցենք ավելի ամուր ու հզոր պետություն: Քսանինը տարի առաջ մենք բոլորով հավատացինք և ստացանք այն, ինչ ուզում էինք: Եթե այսօր էլ հավատանք, կարգապահ ու կազմակերպված լինենք, հստակ նպատակ ու ծրագիր ունենանք, ապա կհասնենք մեր երազանքին»: