23
07, 2020

Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի հետ:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նախագահ Մատարելլային՝ ծննդյան օրվա առթիվ և փոխանցել իր լավագույն մաղթանքները:

Ջերմ զրույցի ընթացքում նախագահներն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին՝ արձանագրելով դրանց բարձր մակարդակն ու զարգացման մեծ ներուժը: Նախագահները համակարծիք են եղել, որ նախագահ Սարգսյանի՝ աշնանն Իտալիա նախատեսվող պետական այցը նոր թափ կհաղորդի հայ-իտալական բազմաբնույթ հարաբերություն­ներին, որոնց հաստատումը երկու ժողովուրդների և երկրների սերտ ու վաղեմի առնչություններն են և երկու նախագահների անձնական ջերմ բարեկամությունը:

Նշելով, որ մշակույթը լավագույնս է միացնում Հայաստանն ու Իտալիան՝ երկու երկրների նախագահները կարևորել են առաջիկա սեպտեմբերին Երևանում և Հռոմում՝ Հայաստանի և Իտալիայի նախագահների նստավայրերում նախատեսվող՝ հայ գեղանկարչությանն և Վենետիկին նվիրված ցուցադրությունները:

Նախագահները մտքեր են փոխանակել նաև երկու երկրներում կորոնավիրուսային համավարակի հետ կապված իրավիճակի և դրա հաղթահարման վերաբերյալ: Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել իտալացի իր գործընկերոջը՝ համավարակի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերած օգնության համար՝ նշելով, որ վերջերս հանդիպել է իտալացի բուժաշխատողների թիմին, ովքեր եկել էին աջակցելու իրենց հայ գործընկերներին և փոխանցելու համավարակի դեմ պայքարի իրենց փորձը: Նախագահ Սարգսյանը ընդգծել է, որ այդ աջակցության գործում մեծ է նաև նախագահ Մատարելլայի անձնական ավանդը, և վստահություն է հայտնել, որ միայն համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել համավարակը և վերադառնալ բնականոն կյանքի: Նախագահ Մատարելլան իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի նախագահի զորակցությունն Իտալիայի համար ծանր օրերին:
 

← Վերադառնալ