13
07, 2020

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել «Ակցեռն» հոլդինգի նախագահի հետ. քննարկվել են անշարժ գույքի շուկայի վրա համավարակի հետևանքների հաղթահարման հնարավորությունները

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Ակցեռն» հոլդինգի նախագահ Հակոբ Բաղդասարյանի հետ:

Մտքեր են փոխանակվել անշարժ գույքի շուկայի վրա համավարակային իրավիճակի ազդեցության, առկա խնդիրների, հնարավոր դժվարությունների և դրանք հաղթահարելու ուղիների շուրջ: Անդրադարձ է եղել նաև վերջերս ընդունված օրենքների, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի հնարավոր ազդեցությանն ինչպես անշարժ գույքի ոլորտի, այնպես էլ բնակչության և գործարար դաշտի վրա:

Գործարարը նշել է, որ ծանոթացել է օրենքի, մասնավորապես՝ գույքահարկի դրույքաչափերի փոփոխության վերաբերյալ նախագահ Սարգսյանի հայտարարությանը՝ գնահատելի համարելով նախագահի հավասարակշիռ մոտեցումները և նշելով, որ կիսում է այնտեղ արտահայտված մտահոգությունները: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ համավարակով պայմանավորված ներկայիս դժվարին իրավիճակում կարևոր նշանակություն ունի մի շարք ոլորտների խրախուսումը՝ հատկապես աշխատատեղերի պահպանման և համավարակի սոցիալական հետևանքների մեղման նպատակով:

 

← Վերադառնալ