10
07, 2020

Ընտրությունները ցույց տվեցին, որ Արցախը ոչ միայն ամուր ու հզոր, այլև ժողովրդավարական երկիր է. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Արցախ: Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի նախագահի հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել և հաջողություններ է մաղթել Արայիկ Հարությունյանին՝ վստահություն հայտնելով, որ նա իր փորձով ու գիտելիքներով հաջողությամբ կշարունակի ծառայել հայրենիքին: «Ուզում եմ Ձեր միջոցով շնորհավորել նաև Արցախի ողջ ժողովրդին, որովհետև նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին ժողովրդավարական ձևով, -ասել է նախագահը՝ ավելացնելով: -Շնորհակալությունս փոխանցեք նաև նախագահական ընտրությունների մյուս մասնակիցներին, որոնք անձնապես չհաղթեցին, բայց հաղթեցին միասին՝ ցույց տալով աշխարհին, որ Արցախը ոչ միայն ամուր ու հզոր, այլև ժողովրդավարական երկիր է, ինչպես նաև՝ ազատ երկիր, որտեղ անցկացվում են ազատ ընտրություններ: Նրանք պետք է հպարտ լինեն, քանի որ իրենց ներդրումն ունեցան գործընթացում: Ուզում եմ Ձեզ, ինչպես նաև Արցախի բոլոր քաղաքացիներին նախ և առաջ մաղթել առողջություն: Վստահ եմ, որ հաղթահարելու ենք նաև այս դժվարին վիճակը և առաջ ենք գնալու՝ ամրապնդելով և՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛ Արցախի Հանրապետությունը»:

Շնորհակալություն հայտնելով՝ Արցախի նախագահը նշել է, որ նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների մեծ մասը ներկա քաղաքական իշխանության մաս է կազմում և պատրաստակամ է ապահովել երկրի առաջընթացն ու զարգացումն, իսկ նրանք, ովքեր ներգրավված չեն, նույնպես շարունակում են իրենց գործունեությունը հանուն Արցախի: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանի իշխանություններին՝ Արցախի զարգացմանն ուղղված գործնական ծրագրերին աջակցելու համար. «Ուզում եմ նշել, որ միասին մեզ հաջողվելու է ոչ միայն հաղթահարել իրավիճակն, այլև մեր հայրենիքի զարգացման ուղղությամբ առաջընթաց ապահովել»:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության հզորացման և զարգացմանն ուղղված ընթացիկ և հեռանկարային մի շարք ծրագրերի:

 

← Վերադառնալ