19
06, 2020

Նախագահ Արմեն Սարգսյան. «Սահմանադրությունը խորհրդարանական հանրապետությունում նախագահի համար գործադիր իշխանության ինչ-որ լծակներ չի ենթադրում»

«Սահմանադրությունը խորհրդարանական հանրապետությունում նախագահի՝ որպես պետության գլխի համար գործադիր իշխանության ինչ-որ լծակներ չի ենթադրում»,- «Ազգ» թերթին, սփյուռքահայ «Պայքար» և Armenian Mirror-Spectator պարբերականներին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

Պարբերականները նշել են, որ 2015 թ. ընդունված Սահմանադրությունն այժմ սուր բևեռացումների և կորոնաքաղաքական պայմաններում ավելի ցցուն է երևան հանում իր անհամապատասխանությունը ներկա պահանջներին՝ պետական իշխանական թևերի միջև հակակշիռների խախտման, այդ թվում՝ նախագահի իրավասությունների սահմանափակման տեսակետից։ Ըստ այդմ, Հանրապետության նախագահի կարծիքով, ի՞նչպես կարելի է դուրս գալ այս վիճակից։ «Իմ խնդիրը, որպես կյանքի երկար ճանապարհ անցած նախագահ, համակարգային խնդիրներին լուծումներ գտնելն է, ինչպես նաև ազգի և պետականության ամբողջականության ջատագով լինելը: Հենց դրանում եմ տեսնում նախագահի ինստիտուտի հիմնական գործառույթը,-ասել է նախագահ Սարգսյանը: -Անկախ նրանից, թե տվյալ պաշտոնն ինչ նկարագրություն ունի, պաշտոնը զբաղեցնող անհատն է ձևավորում արդյունքը։ Ես փորձում եմ Հանրապետության նախագահի գործունեության մեջ դնել այն իմաստը, որը կարծում եմ ճիշտ է և օգտակար։

Կարող ես ունենալ աշխարհի ամենամեծ պատասխանատվությունը, բոլոր մեծ հնարավորությունները, բայց ոչինչ չանել։ Եվ հակառակը՝ ունենալ մեկը և այն օգտագործել։ Պետք չէ մտածել, թե ինչ լծակ, գործիք ունես, կարևորը՝ հասնես նպատակին»:


Արմեն Սարգսյանն ասել է, որ առաջին հերթին քայլեր է անում կայացնելու և ուժեղացնելու նախագահի ինստիտուտը, որը խորհրդարանական կառավարման համակարգի անցնելուց հետո փաստորեն պետք է վերակառուցել այնպես, որ, անկախ անձերից, կարողանա ապահովել պետության կայունությունը և ներքին հավասարակշռությունը, մեր ժողովրդի միասնականությունը: «Մյուս կողմից, մենք պատմական այնպիսի ժառանգություն ենք ստացել, որ ցանկացած հայ քաղաքական ղեկավարի և գործչի պարտադրում է իր գործն ընկալել որպես առաքելություն,- ասել է Հանրապետության նախագահը: -Առանց այդ գիտակցության, առանց այդ պատմական ժառանգության խոր վերլուծության և դրանից բխող ապագա ծրագրերի, հնարավոր չէ կառուցել կենսունակ պետություն:

Մենք վերապրող ժողովուրդ ենք և որպես ռազմավարական դիրք ունեցող զարգացող երկիր և համաշխարհային ազգ, մեր խոսքն ունենք ասելու աշխարհին: Այդ իմաստով ես ինձ տեսնում եմ որպես միջնորդ, որպես դեսպան Հայաստանի ու աշխարհի միջև»:


Նախագահը հույս է հայտնել, որ տարբեր հարցերի շուրջ հանրային քննարկումներն ու բանավեճերը կհանգեցնեն հանրօգուտ, համազգային շահերին համահունչ արդյունքի, այդ թվում՝ ժամանակի ընթացքում Սահմանադրության մեջ ի հայտ եկած բացերի վերացման, մասնավորապես՝ զսպումների ու հակակշիռների մեխանիզմների ներդրման: «Համակարգային մոտեցումը ոչ միայն անհրաժեշտ է, այլև այլընտրանք չունի, քանի որ մենք կանգնած ենք գլոբալ փոփոխությունների ճամփաբաժանին, և այդ փոփոխություններն արդեն իսկ տեղի են ունենում մեր աչքի առաջ,-նշել է նախագահ Սարգսյանը։ -Մեր խնդիրների մեծ մասը բարդ, համալիր բնույթ ունեն, և դրանց համար արդյունավետ լուծումներ գտնելը մեզնից ոչ ստանդարտ մտածողություն է պահանջում։ Հակառակ դեպքում մենք կարող ենք պատմության ճամփեզրին մնալ»։


 

← Վերադառնալ