Մամուլի հաղորդագրություններ
Հայերն ու հայկական համայնքները Մերձավոր Արևելքի խճանկարի յուրահատուկ տարրն են. նախագահ Արմեն Սարգսյան
«Sputnik Արմենիա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի ռազմական համագործակցությանը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի համատեքստում՝ ընդգծելով հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության կենսական կարևոր նշանակությունը։
«Կարծում եմ՝ մենք հավասարապես շահագրգռված ենք ՀԱՊԿ շրջանակում հարաբերությունների ամրապնդմամբ և ընդլայնմամբ` բոլոր մարտահրավերներին և սպառնալիքներին ճիշտ ժամանակին և արդյունավետ արձագանքելու համար,-ասել է նախագահը:- Սիրիան մեզ համար օտար երկիր չէ՝ հաշվի առնելով այն փաստը, որ այդ պետության տարածքում հանգրվան են գտել Ցեղասպանությունից փրկված հարյուր հազարավոր հայեր: Հալեպում և Քեսաբում հայերն ապրել են այդ քաղաքների հիմնադրումից ի վեր և, ըստ էության, մենք չէինք կարող անտարբեր մնալ: Դուք գիտեք, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ միակ երկիրն է, որն ուղղակիորեն, Ռուսաստանի հետ միասին, մասնակցում է մարդասիրական գործողություններին, այդ թվում՝ ուղարկելով զինվորական բժիշկներ և սակրավորներ: Իհարկե, մենք բարձր ենք գնահատում այն կարևոր առաքելությունը, որը Ռուսաստանն իրականացնում է ահաբեկչության դեմ պայքարում»։
Նա նշել է, որ հայերն ու հայկական համայնքները Մերձավոր Արևելքի խճանկարի յուրահատուկ տարրն են, քաղաքակրթությունների համակեցության և քրիստոնյա ու մահմեդական աշխարհների խաղաղության խորհրդանիշ. «Մենք պետք է պահպանենք այդ խճանկարի ամբողջականությունը»։
Պատասխանելով Արցախի խնդրի կարգավորմանը վերաբերող հարցին՝ նախագահ Սարգսյանը նկատել է, որ կարգավորման խնդրով զբաղվում է կառավարությունը, հարցի բանակցային կողմը վարչապետի և արտաքին գործերի նախարարության իրավասության ներքո է:
«Մենք համոզված ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում (Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահությամբ) խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն,-ասել է նախագահը:- Սակայն, չնայած մեր խաղաղ մտադրություններին, Ադրբեջանի կողմից ռազմական ռևանշի փորձի դեպքում մենք պատրաստ ենք և կպաշտպանենք Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը։ Հայաստանի Հանրապետությունը հակամարտության խաղաղ կարգավորման և Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանության գլխավոր երաշխավորն է»։
Նա ընդգծել է, որ ուժի գործադրման սպառնալիքն ու խնդրի լուծման ռազմական սցենարը բացարձակ անընդունելի են պետք է խստագույնս կասեցվեն միջազգային հանրության կողմից։ «Մենք ապրում ենք «սև կարապների» չընդհատվող և անկանխատեսելի ժամանակներում, և ինձ համար միանգամայն ակնհայտ է, որ ռազմական սցենարն անկանխատեսելի հետևանքներ կունենա բոլորի համար։ Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ Արցախի հարցը դուրս է գալիս Հայաստանի սահմաններից և շատ զգայուն է ամբողջ աշխարհի հայության համար, որը լսելի ձայն ու գլոբալ մակարդակի ազդեցություն ունի,-ասել է նախագահը՝ ընդգծելով։- Մեզ համար առաջնահերթն Արցախի հիմնախնդրի արդարացի կարգավորման հարցն է, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա կայուն խաղաղության հաստատումը, հայ ժողովրդի անվտանգությունն ու Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի ամրապնդումը»: