Մամուլի հաղորդագրություններ
Իմ պատկերացրած ապագա Հայաստանում Երևանը պետք է ավելի քիչ բնակչություն ունենա, Գյումրին, Վանաձորը՝ գոնե կրկնակի. նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է առողջապահության ապակենտրոնացման, ժողովրդագրական, պարենային անվտանգության խնդիրները
«Ես կարծում եմ, որ կորոնավիրուսն այսօրվա դժվարությունների, խնդիրների պատճառը չէ, այլ հետևանքը»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարին տված հարցազրույցում նշել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, -որովհետև իրական պատճառը փոփոխվող աշխարհն է: Աշխարհը վաղուց, երկար տարիներ փոխվում է: Հայաստանն էլ է փոխված»:
Նախագահն ասել է, որ ներկայիս համավարակով և առողջապահության համակարգի վիճակով պայմանավորված՝ կենտրոնացված առողջապահությունը Հայաստանի համար լուծում չէ: «Ունենք երկիր, որտեղ բնակչության կեսն ապրում է մի քաղաքում,-նշել է նախագահը:- Եթե մենք կարողանանք լավագույն կենտրոնները բաշխել ամբողջ հանրապետության տարածքով, ապա հաջողության կհասնենք: Առողջապահությունը պետք է լինի ժամանակակից՝ տարածության մեջ փռված: Ունենալով լավագույն կենտրոններ Երևանում, Գյումրիում կամ Վանաձորում, գյուղական տարածքներում ստեղծել առողջապահական համակարգեր, որոնք ունեն տարածքային լոկալ լուծումներ»:
Հանրապետության նախագահի խոսքով՝ կորոնավիրուսից հետո պետք է գիտակցենք, որ առողջապահությունը և առողջությունը համաշխարհային մասշտաբով և նաև Հայաստանում դառնում են առաջնահերթ: «Այսուհետ անհնարին է լինելու, որ պետությունները փող չծախսեն կենսաբանության կամ առողջապահական համակարգերի վրա,-ասել է Արմեն Սարգսյանը:- Հայաստանն իր դերը պետք է ունենա, և խոսելով գործընկերների հետ, կարողանանք որոշակի Know-how-ներ տեղափոխել մեր երկիր, ընդ որում, մենք այստեղ ունենք վարպետներ»: Որպես օրինակ, նախագահը մասնավորապես նշել է, որ վերջերս մոտ 30 օդափոխիչ սարքավորումներ վերանորոգվել են մեր մասնագետների կողմից: «Մենք ունենք և՛ գիտական, և՛ տեխնոլոգիական այդ հնարավորությունը,- ասել է նախագահ Սարգսյանը:- Մենք շարունակում ենք քննարկումները Գերմանիայի հետ՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերի համատեղ արտադրություն ստեղծելու ուղղությամբ: Երկու ընկերություն կա՝ Siemens-ը և Bosch-ը, որոնց հետ աշխատում ենք»:
Վերստին անդրադառնալով այն թեզին, որ կորոնավիրուսը եկավ ապացուցելու աշխարհի փոխվելը, նախագահն ասել է, որ ինքը կրկին դիմել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովին՝ առաջարկելով, որ նախագահի աշխատակազմն աշխատի իրենց հետ և համատեղ վերանայի կամ լրացում կատարի նախկինում պատրաստված զեկույցի մեջ՝ ելնելով նրանից, թե կորոնավիրուսից հետո ինչպիսի առաջարկներ կլինեն: Առաջարկներից մեկն է արագացնել էլեկտրոնային կառավարման համակարգերը, որոնք կապված են և՛ առողջապահության, և՛ այլ ոլորտների հետ, որովհետև սա անհրաժեշտություն է: Համագործակցությունը ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի հետ նախապատմություն ունի: «Ստեղծվել է այսպես կոչված, Ավագների համաժողով, որտեղ տարբեր երկրների նախագահներ և վարչապետներ են, որոնք պետք է առաջարկեն, թե նշված կազմակերպությունն ինչպես պետք է փոխվի ապագայում: Ինձ խնդրեցին լինել այդ համաժողովի նախագահը,-պատմել է Արմեն Սարգսյանը,- ես էլ, քանի որ համաձայնեցի, խնդրեցի անվճար հետազոտություն անել Հայաստանի համար օտարերկրյա ներդրումների հետ կապված ծրագիր մշակելու ուղղությամբ: Այդ ծրագիրը մշակվեց և ներկայացվեց Հայաստանի կառավարությանը»:
Ինչ վերաբերում է էլեկտրոնային կառավարմանը, Հանրապետության նախագահի խոսքով՝ այն անհրաժեշտություն է. «Էլեկտրոնային կառավարումն անհրաժեշտ է և՛ պետական ծառայությունում, և՛ կրթական համակարգում: Եթե մենք ուզում ենք բարձրորակ կրթություն տալ այն երեխաներին, որոնք գտնվում են սահմանամերձ գյուղերում, ապա էլեկտրոնային կրթությունը լավագույն ճանապարհն է, որպեսզի այդ երեխան Հայաստանի լավագույն մաթեմատիկայի ուսուցիչների դասախոսությունը լսի և տնային աշխատանքները կատարի»:
Հանրապետության նախագահն ասել է, որ կորոնավիրուսը փորձություն էր, և մեզնից յուրաքանչյուրն, աշխարհը որպես ամբողջություն, առանձին պետություններն անցնում են այդ փորձությունը: «Այդ թեստի եզրակացություններից մեկն այն էր, որ Հայաստանն ունի խնդիր, և դրան պետք է լուծում տա: Այդ խնդիրը պարենի անվտանգությունն է,- նշել է նախագահը:- Պարենային անվտանգություն ասելով՝ մենք նախ պետք է հիշենք, որ ունենք երկու դարպաս, մեկը դեպի հարավ՝ Իրան, մյուսը՝ դեպի Վրաստան: Մենք ունենք շատ մեծ գյուղատնտեսական պոտենցիալ, որը չենք օգտագործում»: Խոսքն այն մասին չէ, թե մենք ինչքան ունենք, խոսքն այն մասին է, թե մենք ինչքան ենք արտադրում: «Օրինակ՝ եթե չվերցնենք Արարատյան դաշտը, ապա լեռնային մասերում չենք կարող ասել, որ ինտենսիվ գյուղատնտեսություն ունենք,-նշել է նախագահը:- Հետևաբար, պոտենցիալը շատ ավելին է, քան մենք արտադրում ենք: Մեկ ուրիշ օրինակ բերեմ: Ես վերջերս հանդիպել էի Արցախի նորընտիր նախագահի հետ, խոսում էինք Արցախում ոչխարաբուծության մասին: Եթե այսօր Արցախում 65-70 հազար գլուխ ոչխար կա, Արցախը համապատասխան ներդրումների, քաջալերման ճանապարհով՝ և՛ հարկային, և՛ ֆինանսական, և՛ բանկային, կարող է սկզբունքորեն մի քանի տարվա ընթացքում այդ արտադրությունը հասցնել մինչև կես միլիոնի կամ 600 հազարի: Իսկ սա նշանակում է, որ Արցախը կարող է արտահանել Հայաստան, և Հայաստանն ինքնին կարող է արտահանել հարևան երկրներ, և՝ ոչ միայն»:
Պարենային անվտանգության խնդիրը կապակցելով ժողովրդագրական խնդրի հետ՝ նախագահ Սարգսյանը կրկին դրան անդրադարձել է Արցախի օրինակով. «Այսօր Արցախի Հանրապետության բնակչությունը մոտավորապես 150 հազար է: Պատկերացրեք, որ եթե պատերազմից հետո մենք որդեգրեինք հստակ ծրագիր և աջակցեինք մարդկանց, որպեսզի իրենց տուն-տեղը դնեին Արցախում: Եթե բնակչությունը 200 հազար կամ 400 հազար լիներ, մտածենք, թե այդ 400 հազարը, թե ինչ հսկայական ներդրում կարող էր ունենալ Արցախի տնտեսության մեջ, Հայաստանի տնտեսության մեջ, և, միաժամանակ, պարենային անվտանգության մեջ»:
Այս թեմայի շրջանակում վերադառնալով Երևանին, նախագահ Սարգսյանն ասել է, որ մայրաքաղաքն արդեն չի կարող բավարարել բոլորիս: «Եթե ապրում ես բազմահարկ շենքի ինչ-որ հարկում, առողջապահական իմաստով ընտանիքով այդտեղ մեկուսանալը շատ ավելի դժվար է, քան եթե ապրեիր Երևանից դուրս՝ առանձնատանը կամ փոքրիկ տանը, որն ուներ իր փոքրիկ այգին,-ասել է նախագահը:- Քո երեխաները կարող էին դուրս գալ, և դու ավելի անվտանգ պայմաններում կարող էիր անցկացնլ կորոնավիրուսի ժամանակը: Երկրորդը՝ Երևանից մինչև Բյուրական կարելի է մեքենայով հասնել 25 րոպեում, Ծաղկաձոր, Հրազդան՝ մինչև 40 րոպեում, իսկ աշխարհի մեծ քաղաքներում մարդիկ մեկ, երկու, երեք ժամ են կորցնում աշխատանքի գնալու և վերադառնալու համար: Այսինքն՝ Հայաստանը երկիր է, որի բնակիչները, չգիտես ինչու, ուզում են ապրել դրա կենտրոնում: 21-րդ դարում մենք պետք է ունենանք ժամանակակից երկիր դառնալու նպատակ: Իմ նախագահության առաջին օրվանից ես խոսում եմ դրա մասին: Օրինակ, եթե մենք կարողանանք ենթակառուցվածքային խնդիրներ լուծել, եթե Երևանից Գյումրի ճանապարհը կառուցենք որքան հնարավոր է արագ՝ օգտագործելով նաև այն մարդկանց ներուժը, որոնք այս ժամանակ պետք է Ռուսաստանում լինեին, նախ, աշխատատեղեր կստեղծեինք, երկրորդ՝ կնպաստեինք մեր ընտանիքների կայունությանը: Այսինքն՝ իմ պատկերացրած ապագա Հայաստանում Երևանը պետք է ավելի քիչ բնակչություն ունենա, Գյումրին, Վանաձորը՝ գոնե կրկնակի, և մենք սովորենք ապրել ավելի բնական պայմաններում»: