Մամուլի հաղորդագրություններ
Ցեղասպանության ժխտման խնդիրը գալիս է նրանից, որ այն չի ճանաչվել Թուրքիայի կողմից. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը հնդկական StratNews Global-ին
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապի միջոցով հարցազրույց է տվել հնդկական StratNews Global հեղինակավոր տեղեկատվական պորտալին: Նախագահը պատասխանել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտմանն, ինչպես նաև գլոբալ համավարակին վերաբերող հարցերին:
Հարցազրույցը թարգմանաբար ներկայացվում է ստորև.
-Պարոն նախագահ, մեզ համար մեծ պատիվ է, որ համաձայնեցիք զրուցել մեզ հետ: Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Ձեր երկրում իրավիճակը նույնն է, ինչ ամբողջ աշխարհում: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված ընդհանուր իրավիճակը:
-Ես այժմ կասեմ մի բան, որը, գուցե, ձեզ տարօրինակ թվա։ Այն իրավիճակը, որում այսօր գտնվում ենք, կարծում եմ՝ կորոնավիրուսի պատճառով չէ։ Համավարակը ոչ թե պատճառն է, այլ` փոփոխված աշխարհի հետևանքը։ Տասնամյակներ շարունակ աշխարհն արագորեն փոխվում էր, և այն այսօր միանգամայն այլ է։ Մեր կյանքի մեծ մասն անցնում է վիրտուալ տիրույթում։ Մենք նույնիսկ պատշաճ չէինք էլ նկատել, որ մեր կյանքը փոխվել է։ Խորհելով այս երևույթի շուրջ՝ ես եկել եմ այն եզրահանգման, որ աշխարհն այլևս դասական չէ։ Ես այս նոր աշխարհն անվանում եմ քվանտային։ Այս նոր աշխարհում շատ բաներ դասական չեն։ Վերլուծություններս ներկայացրել եմ «Համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագիծը» իմ գրքում, և համաճարակներն այդ ռիսկերից մեկն են։ Օրինակ՝ եթե վարակն առաջանում է Չինաստանում, պարտադիր չէ, որ այն տարածվի անմիջապես Ռուսաստանում կամ Մոնղոլիայում: Այն կարող է տարածվել Իտալիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում կամ աշխարհի ցանկացած այլ վայրում։ Եվ շատ դժվար է վերահսկել վարակի տարածումը, քանի որ մենք գործ ունենք քվանտային վարքագծի հետ։ Ուստի, հաշվի առնելով նաև մարդկային փոխկապակցվածությունն, այս վարակն արագորեն տարածվում է ամբողջ աշխարհով մեկ։
Քվանտային վարքագիծը հատուկ է ոչ միայն համավարակներին։ Տեսեք, թե ինչ է կատարվում ֆոնդային բորսաներում, ինչպիսին է կառավարությունների արձագանքը։ Ուստի իմ ուղերձը հետևյալն է. այս վարակը հետևանքն է այն բանի, որ մենք նույնիսկ չէինք էլ գիտակցում, որ ապրում ենք միանգամայն այլ՝ քվանտային աշխարհում։ Այս վարակը նոր է, և, հույս ունենանք, կկարողանանք հաղթահարել այն․ կարևորն ուժեղ իմունային համակարգ ունենալն է։ Բայց դա չի նշանակում, թե ապագայում այլ վարակներ ի հայտ չեն գա ։
-Պարոն Սարգսյան, ըստ Ձեզ, ի՞նչ պետք է անել վարակի տարածումը կանխարգելելու համար:
-Ի՞նչ պետք է մենք անենք։ Նախ և առաջ, պետք է նշել, որ մեզանից յուրաքանչյուրն ինչ-որ բան անում է։ Տարբեր երկրներում իրավիճակը տարբեր է։ Կան երկրներ, որտեղ իրավիճակը վերահսկելի է, սակայն որոշ երկրներում էլ այն աղետի է վերածվել։ Եվ կարևոր չէ, թե դու որտեղ ես։ Օրինակ՝ եվրոպական երկրներում՝ Իտալիայում, Իսպանիայում, նույնիսկ Մեծ Բրիտանիայում մեծ դժվարություններ են առաջացել։
Ի՞նչ է իրականում կատարվում։ Այս համավարակը փորձություն է ողջ մարդկության համար։
Սա փորձություն է անհատների, պետությունների, միջազգային կազմակերպությունների՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Եվրոպական միության համար։ Վերջինս մեծ ներդրումներ է կատարել համընդհանուր տնտեսական, իրավական քաղաքականության ոլորտներում, սակայն, արդյո՞ք նրանք ունեն համավարակների դեմ պայքարի միասնական քաղաքականություն։
Սա փորձություն է նաև գործարարների համար, թե որքանով են նրանք լավ կառավարիչներ՝ իրենց բիզնեսը վերահսկելու առումով։
Սա նաև փորձառություն է ընտանեկան հարաբերությունների առումով, այն իմաստով նաև, թե ով է քո հարևանը։ Կարևոր է, թե որքան քաղաքակիրթ են քո հարևաններն, արդյոք պահպանո՞ւմ են վարակի դեմ պայքարի բոլոր կանոնները՝ լվանում են ձեռքերը, դիմակ են կրում։
Սա նաև փորձառություն է այն առումով, թե որքան պատասխանատու անհատ ես դու։ Եթե դու երիտասարդ ես և վարակվելու դեպքում այն ավելի հեշտ կհաղթահարես, դու պետք է նաև պատասխանատու լինես և հոգ տանես տարեցների մասին։
Սա փորձություն է նաև շրջակա միջավայրի պահպանության առումով։ Տարիներ շարունակ մենք անտեսել ենք այս ոլորտի խնդիրները։ Ես կարող եմ մի օրինակ բերել։ Այժմ երբ իմ տնից նայում եմ իմ քաղաքին, այն բյուրեղյա մաքրություն ունի։ Մեքենաների թիվը քչացել է, գործարանները բավարար հզորությամբ չեն աշխատում, ուստի, օդը մաքուր է։
Սա փորձություն է նաև այն առումով, թե ինչպիսի քաղաքականություն են որդեգրում ֆինանսական շուկաները կամ կառավարությունները։
-Ձեր կարծիքով՝ ո՞րն է քվանտային քաղաքականության ապագան:
Քվանտային քաղաքականությունը պարզապես գաղափար է, որը ես ցանկանում եմ դարձնել տեսություն։ Փորձեմ պարզաբանել, թե ինչպես կարող է քվանտային մեխանիկան աշխատել սոցիալական կյանքում և քաղաքականության մեջ։ Նախ և առաջ, պետք է նշել, որ մեր ապրած կյանքը նույնը չէ, ինչ հիսուն տարի առաջվա կյանքը։ Այն ավելի արագընթաց է դարձել նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ, իսկ մենք փոխկապակցված ենք։ Շատ երևույթներ մեր կյանքում այլևս դասական չեն, և դժվար է բացատրել դրանք։ Այսօրվա աշխարհում, որտեղ տասը միլիարդ մարդ է ապրում, մեզանից յուրաքանչյուրը մասնիկ է։ Մենք փոխկապակցված ենք, որը շատ առումներով դասական չէ, քանի որ այն լույսի արագությամբ է առաջ գնում։ Մենք գնալով ավելի ու ավելի շատ ենք նմանվում քվանտային մասնիկների, և մեր վարքագիծը՝ որպես անհատ կամ խումբ, չի կարող բնութագրվել տրամաբանության դասական մեթոդներով։ Ուստի պետք է նոր կանոններ գտնել ներկայումս տեղի ունեցող երևույթները հասկանալու համար։ Տարիներ առաջ մարդիկ շոկի էին ենթարկվում, երբ իրենց երկրի նախագահը սկսում էր խոսել ռադիոյով կամ հեռուստատեսությամբ։ Իսկ ինչպե՞ս են այսօրվա նախագահները շփվում հանրության հետ՝ Թվիթերով։ Երբ ուսումնասիրում ենք քաղաքականության միտումները, պարզ է դառնում, որ հաճախ բացակայում են գաղափարախոսությունը, կառույցները, նույնիսկ կարիք չկա ունենալ քաղաքական կուսակցություն՝ ընտրություններում հաղթելու համար։ Քաղաքական գործիչներն ամենօրյա շփման մեջ են ընտրազանգվածի հետ և ամեն օր տեսնում են նրանց տրամադրվածությունը։ Քվանտային աշխարհում փոխված է նաև ժողովրդավարության ընկալումը․ այն ամենօրյա փոխկապակցվածություն է պահանջում։
Խոսքն ամենօրյա հաղորդակցության մասին է, որին մարդիկ հիմնականում ամենօրյա ռեժիմով արձագանքում են: Դա այս քվանտային աշխարհի ևս մեկ առանձնահատկությունն է: Մենք պետք է կրկին մտածենք մեր արժեքների, մեր տրամաբանության կիրառման մասին: Բոլոր հին տեսությունները, տրամաբանությունը և մոտեցումները չեն աշխատում, և եթե շարունակենք դրանք օգտագործել, ապա կձախողենք, չենք կարողանա կանխատեսել հաջորդ համավարակը, չենք կարողանա հստակ հասկանալ, թե ինչ է կատարվում:
-Համավարակի ազդեցության պատկերն ինչպիսի՞ն է Ձեր երկրում: Ունե՞ք արդյոք տարբերվող մոտեցումներ:
- Սա թեստ է, և մեզանից յուրաքանչյուրն անցնում է այդ թեստը: Եթե այդ թեստը դիտարկենք գիտական հետազոտության տեսանկյունից, ապա ինչքան շատ թեստեր անցնենք, այնքան լավ, քանի որ այդպես կփորձենք հասկանալ իրավիճակը: Այդուհանդերձ, այդ թեստերի հիմքերը նույնն են: Համավարակը տարածվում է, կորը հասնում է առավելագույնին և հետ է վերադառնում: Մաթեմատիկորեն սա պարզ է, եթե մանրամասների մեջ չես մտնում: Դեռևս դեղամիջոց, պատվաստանյութ չկա այս վիրուսի դեմ պայքարելու համար, բայց կա մի հին միջոց՝ մեկուսացումը: Հարյուր տարի առաջ համավարակի ժամանակ հնարավոր էր գտնել մեկ վարակված գյուղ կամ քաղաք, այն դեպքում, երբ մյուսն առողջ էր, քանի որ դրանց միջև կապ չկար: Այսօր աշխարհը փոխկապակցված է: Լուծումը կրկին նույնն է: Պետք է այդ կորը բարձրացնել և իջեցնել՝ առանց կրիտիկական կետի հասնելու, առանց բժշկական կարողությունների, բժիշկների, սարքավորումների անբավարարության, որպեսզի հնարավոր լինի օգնել մարդկանց՝ հաղթահարել այս համավարակը:
Հայաստանի կառավարությունը կիրառել է խիստ սահմանափակումների դասական մեթոդները: Շատ մարդկանց համար սենյակում մեկ, երկու, երեք շաբաթ, մեկ կամ երկու ամիս նստելը դժվար է: Սահմանափակումների մի փոքր թուլացման դեպքում մարդիկ մտածում են, որ համավարակն ավարտվել է: Սակայն ես բոլորին հորդորում եմ շատ չոգևորվել: Կորոնավիրուսը որոշ ժամանակ դեռ շարունակելու է մեզ հետ լինել: Պահպանեք բոլոր անհրաժեշտ կանոնները, սոցիալական հեռավորությունը և նվազագույնի հասցրեք շփումները, դրանք ավելի վիրտուալ դարձրեք: Սա թեստ է, որը տարբեր երկրներ տարբեր կերպ են անցնում, սակայն մենք պետք է արագացնենք այդ գործընթացը: Կորոնավիրուսը շատ առանձնահատուկ չէ, և աշխարհում գոյություն ունեցող ամենավատ վիրուսը չէ: Հնարավոր է՝ հաջորդներն ավելի վատը լինեն: Կարևոր է, որ մենք դասեր քաղենք և քաղաքական, ֆինանսական, ընդհուպ մինչև՝ անհատական թեստերի առումով ճիշտ եզրահանգումներ անենք: Այդ դեպքում, հնարավոր է, մենք կկարողանանք ասել, որ կորոնավիրուսը սառը ցնցուղ էր, որն օգնեց մեզ հասկանալ, որ մենք ապրում ենք ուրիշ աշխարհում, որը քվանտային է:
- Դուք նախագահի պաշտոնում եք, եթե ճիշտ եմ հիշում, 2 տարի 1 ամիս: Դուք դիվանագետի և գիտնականի հարուստ փորձ ունեք: Ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանությունը: Ի՞նչ է արվում, որ ցեղասպանությունը ճանաչվի, որպեսզի նույնը չկրկնվի:
-Ցեղասպանության ժխտման խնդիրը գալիս է նրանից, որ այն չի ճանաչվել Թուրքիայի կողմից:
Մի քանի կետ կառանձնացնեմ, որից առաջինը կանվանեմ՝ ուժ: Եթե դուք ընդունում եք ձեր սխալներն, ապա ուժեղ եք, կարողանում եք ասել՝ այո՛, սխալ քայլ եմ արել և ցավում եմ դրա համար: Այդ քայլը ձեզ թույլ չի դարձնում, այլ ուժեղացնում է:
Երկրորդ կետը կանվանեմ ճշմարտություն և արդարություն: 1,5 միլիոն մարդ նահատակվեց նախկին Օսմանյան կայսրության տարածքում: Այդ մարդիկ այնտեղ էին ապրում հազարավոր տարիներ. հայերը նորեկներ չէին: Իսկ ո՞ւր մնացին նրանց մշակույթը, հազարավոր եկեղեցիներն, ամրոցները, մշակութային կենտրոնները, մեծ գրականությունը և այլն: Կա պատմություն, և աշխարհն այն ճանաչել է: Եթե մի օր Թուրքիան պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունն, ապա դա առաջին հերթին լավ կլինի Թուրքիայի ժողովրդի և Թուրքիայի համար: Օրինակ՝ Թուրքիան ցանկանում է միանալ Եվրոպական միությանը, սակայն եվրոպական ամենամեծ արժեքներից մեկը հանդուրժողականությունն է, որը Եվրոպան միասնական է պահում: Կարևոր է ճանաչել պատմությունը և հանդուրժողականության ճանապարհով գնալ:
1915 թվականին մենք կորցրեցիքն 1,5 միլիոն մարդ: Պարզ մաթեմատիկական հաշվարկով՝ եթե դա չլիներ, ամբողջ աշխարհի հայերը, որոնք այսօր մոտ 10 միլիոն են, որից 3 միլիոնն է Հայաստանում ապրում, կլինեին 20-25 միլիոն: Սա միայն 1,5 միլիոն հայերի մահվան մասին չէ, այլ սերունդների կորուստ է, մարդիկ, որոնք չծնվեցին:
Մենք նաև դարեր ի վեր տարբեր մշակույթների, տեղեկատվության կրողներ, վաճառականներ ենք եղել: Հայերը մշտապես կապված են եղել տարբեր մշակույթների հետ: Հայերը քաղաքակրթության խաչմերուկում են եղել, մենք առաջին քրիստոնյա երկիրն ենք աշխարհում, մենք շատ ենք տառապել, ինչը, կարծում եմ, մեզ ուժեղ, վերապրող ժողովուրդ է դարձրել: 21-րդ դարում անհատական վերապրողները դեռ շարունակում են շատ կարևոր լինել:
Վերջում՝ իմ լավագույն մաղթանքներն եմ հղում Հնդկաստանի ժողովրդին, Հնդկաստանում իմ բոլոր ընկերներին: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Հնդկաստանի կառավարությանը մեր երկրին տրամադրած աջակցության համար, որը ներառում է դեղորայքի մեծ քանակ: Այն մեզ կօգնի պայքարել կորոնավիրուսի դեմ: Սա նաև լավ հնարավորություն է խոսելու երկու մեծ ժողովուրդների միջև եղած բարեկամության մասին:
-Պարոն նախագահ, շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար: