Մամուլի հաղորդագրություններ
Հայտարարություն Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի և 14 հարակից օրենքների մասին
«Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը և 14 հարակից օրենքները Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2020թ. ապրիլի 21-ին:
Օրենքի ընդունումը Կառավարությունը հիմնավորում է հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու և այդ համատեքստում հանցավոր գործունեության արդյունքում ապօրինի ձեռք բերված գույքը բռնագանձելու անհրաժեշտությամբ:
Օրենքի նախագծի քննարկման փուլում և այն Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացնելուց հետո բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, օտարերկրյա ներդրողներ, իրավաբանական և մասնագիտական հանրության և գործարար շրջանակների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ և անհատ քաղաքացիներ իրենց մտահոգությունն են ներկայացրել Հանրապետության նախագահի աշխատակազմ՝ օրենքի սահմանադրականության, դրա կիրառման արդյունքում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի, ինչպես նաև տնտեսության զարգացման, ներդրումային միջավայրի և ֆինանսական կայունության վրա օրենքի հնարավոր բացասական ազդեցության և հետևանքների վերաբերյալ:
Հանրապետության նախագահի աշխատակազմը արտահայտված մտահոգություններն ու նկատառումները հանգամանալից և հետևողականորեն քննարկել է Ազգային ժողովի պետական-իրավական մշտական հանձնաժողովի նախագահի ու արդարադատության նախարարի հետ և ստացել պարզաբանումներ:
Հանրապետության նախագահը մեծապես կարևորում է հանցավորության դեմ պայքարը:
Միևնույն ժամանակ ակնկալվում է, որ օրենքը պետք է կիրառվի ընդունման իրավաչափ նպատակին խիստ համապատասխան՝ որպես բացառիկ միջոց առանձնապես բարձր հանրային վտանգավորություն ունեցող հանցագործությունների դեմ պայքարելու համար: Օրենքի անբարեխիղճ կիրառումը կարող է խաթարել պետության նկատմամբ վստահությունը և վտանգի տակ դնել դրա արդյունավետությունը:
Օրենքը շոշափում է մարդու հիմնական իրավունքների շրջանակ և նախատեսում է այդ իրավունքներին միջամտության հնարավորություն, ուստի դրա կիրառման ընթացքում պետք է ապահովվեն համաչափ իրավական երաշխիքներ:
Հարկ է հաշվի առնել նաև անձնական տվյալների, ձեռնարկատիրական և մասնագիտական գործունեության, ինչպես նաև բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության պաշտպանության հարցերի առանձնահատուկ զգայունությունը, մասնավորապես` գործարար շրջանակների և ընդհանրապես հանրության համար:
Քանի որ օրենքով սահմանված է դրա կիրառման տիրույթում գտնվող անձանց լայն շրջանակ, կարևոր է, որ նրանց վերաբերյալ ստացվող տեղեկատվության ծավալը լինի պիտանի, անհրաժեշտ, համաչափ և համապատասխանի օրենքի ընդունման նպատակներին:
Կիրառման ընթացքում պետք է հաշվի առնել անձանց մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, անձնական տվյալների պաշտպանության սահմանադրական պահանջները և բացառել դրանց նկատմամբ ցանկացած անհամաչափ միջամտություն:
Հասանելի դարձած տեղեկատվության տնօրինման ընթացքում պետք է բացառել հնարավոր չարաշահումները, ապահովել, որ չոտնահարվեն անձանց իրավունքները, այդ տեղեկատվությունը ոչ իրավաչափ և անհարկի չհավաքագրվի, անհիմն չպահվի և չօգտագործվի, չխոչընդոտի տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը, ներդրողների և գործարարների համար չհանգեցնի անհավասար մրցակցության:
Այս համատեքստում հարկ է ընդգծել, որ Հանրապետության նախագահը դեռևս 2020թ. փետրվարի 6-ին դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի որոշ դրույթների սահմանադրականությունը: Դիմումի քննությունը նախատեսված է 2020թ. հունիսի 16-ին:
Օրենքը պետք է կիրառվի բարձր պատասխանատվությամբ՝ բացառելով կոռուպցիոն դրսևորումները, խտրականությունը, ոչ իրավաչափ ազդեցության ռիսկերը:
Օրենքի կիրառման ընթացքում անհրաժեշտ է նաև անվերապահորեն ապահովել անձանց շահերի արդյունավետ իրավական պաշտպանության և օգնության երաշխիքները, անհիմն բռնագանձված գույքի հետ վերադարձման և վնասների փոխհատուցման հստակ և գործուն մեխանիզմները:
Ակնկալվում է, որ թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներով կապահովվի օրենքի կիրառման ընթացքում բռնագանձված գույքի օրինական և նպատակային տնօրինումն՝ ի շահ պետության և քաղաքացիների:
Ակնկալվում է նաև, որ հանցավոր գործունեությանը որևէ կերպ չառնչվող և գույքը բարեխիղճ ձեռք բերած երրորդ անձանց, մասնավորապես՝ նշված գույքը ներդրումային ծրագրերում և ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործող գործարարների նկատմամբ օրենքը կկիրառվի անվերապահորեն բարձր պատասխանատվությամբ՝ բացառելով ներդրումային և գործարար միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունները:
Հանրապետության նախագահն այսօր ստորագրել է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը և 14 հարակից օրենքները:
Հարկ է ընդգծել՝ յուրաքանչյուր օրենսդրական նորմի սահմանադրականությունը, համաձայն ՀՀ օրենսդրության, դիտարկվում է դրա բովանդակության և իրավակիրառ պրակտիկայի տեսանկյունից։ Սահմանադրական արդարադատության ինչպես միջազգային, այնպես էլ հայրենական փորձը, թերևս, վկայում է, որ օրենսդրական դրույթի սահմանադրականությունը պայմանավորված է ոչ միայն այդ դրույթի՝ Սահմանադրության նորմերին հակասությամբ կամ հակասության բացակայությամբ, այլ նաև իրավակիրառ պրակտիկայում այդ դրույթի մեկնաբանությամբ: Կարևորելով ելակետային այս իրողությունը՝ Հանրապետության նախագահը անհրաժեշտ է համարում հետագայում անդրադառնալ օրենքների կիրառման արդյունքում դրսևորված իրավաընկալումներին ու հնարավոր մեկնաբանություններին։
Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում Հանրապետության նախագահն ուշադրությամբ հետևելու է օրենքների բարեխիղճ և իրավաչափ կիրառմանը: