Մամուլի հաղորդագրություններ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Քրիստոսի hրաշափառ hարության տոնի առթիվ
Սիրելի հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում,
Շնորհավորում եմ Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ։
Սուրբ Զատիկը մեր եկեղեցու և ժողովրդի ամենամեծ տոներից մեկն է: Այս տարի այն նշում ենք առանձնահատուկ իրավիճակում՝ արտակարգ դրության պայմաններում։
Իրավիճակով պայմանավորված՝ մեր աղոթքները և ապաշխարանքի խոսքերը, որ պետք է հնչեին եկեղեցիների և վանքերի կամարների ներքո, այսօր հնչում են մեր ընտանեկան օջախի տանիքի տակ։
Մեր բազմապիսի խնդրանքները, որ ավանդաբար Սուրբ Զատիկի օրերին հնչում են առ Աստված, այսօր մեկ բովանդակություն ունեն՝ առողջություն և կազդուրում բոլոր հիվանդներին, հոգու ամրություն բոլորիս։
Երախտիքի և շնորհակալության բառերը, որ սովորաբար հղում ենք Աստծուն, այսօր նաև ուղեկցող խնդրանք ունեն՝ մեր երախտագիտությունը բժիշկներին և բուժաշխատողներին՝ իրենց աստվածահաճո և մարդասիրական գործի համար։
Սուրբ Հարության տոնի խորհրդի մեջ մեծ մարդասիրություն կա։ Հայացքներս ուղղենք միմյանց և ոչ թե հայացքները փախցնենք իրարից։ Իզուր չի ասվում՝ օգնիր և օգնություն կգտնես։ Իսկ օգնել կարելի է նաև մենակ չթողնելով։ Մեր աղոթքներում Աստծո հովանին և պաշտպանությունն ենք հայցում մեր ընտանիքների, հարազատների, մեր երկրի ու ժողովրդի համար։ Իսկ մեր երկիրը մի մեծ ընտանիք է, բոլորիս ընտանիքը։
Այս օրերին ամենաշատ հոգատարության և ուշադրության կարիք ունեն տարեցներն ու խոցելի առողջություն ու սոցիալական վիճակ ունեցող մեր մյուս հայրենակիցները։ Իմ մտքերն ու զգացմունքներն այսօր առավելապես նրանց հետ են։ Սրտացավ լինենք նրանց հանդեպ, աջակից՝ նրանց հոգսերին։
Սիրելի հայրենակիցներ,
Սուրբ Հարության խորհուրդը մշտապես համախմբել է մեզ, ոգևորել, զորություն տվել և կոչել նոր գործերի։ Ստեղծված իրավիճակը բարդ է, սակայն՝ ոչ անելանելի։
Այնուհանդերձ, մենք չենք կարող հաջողությամբ հաղթահարել ներկայիս և ապագայի մարտահրավերները, եթե չլինենք միասնական, ավելի զգոն, ավելի կազմակերպված, ավելի կարգապահ, և, իհարկե, ավելի հոգատար։
Առողջ լինենք մարմնով և հոգով։
Աստված պահապան բոլորիս։
Քրիստոս հարյավ ի մեռելոց։
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։