26
01, 2020

Սուրբ քաղաքի մշակութային լանդշաֆտի անբաժանելի մասը. նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Երուսաղեմի Ռոքֆելլեր հնագիտական թանգարանում դիտել են հայկական հախճապակուն նվիրված ցուցադրությունը

Իսրայելի Պետություն աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Երուսաղեմում այցելել են Ռոքֆելլեր հնագիտական թանգարան և դիտել այստեղ բացված՝ հայկական հախճապակուն նվիրված ցուցադրությունը, որը կազմակերպել է հախճապակու ստեղծմամբ զբաղվող Բալյանների հայտնի ընտանիքի չորրորդ սերնդի ներկայացուցիչ Սեդրակ Բալյանը:

Հայկական հախճապակին իր պայծառ գույներով Սուրբ քաղաքի մշակութային լանդշաֆտի անբաժանելի մասն է: Հայաստանի նախագահի հետ զրույցում Սեդրակ Բալյանը պատմել է, որ հախճապակու արվեստը Սուրբ քաղաքում սկիզբ է առել 1919 թվականին, երբ 3 հայ ընտանիքներ բրիտանացիների օգնությամբ տեղափոխվել են Երուսաղեմ և հիմնել գործարան: Այսօր հայկական ավանդույթները շարունակում են այս ընտանիքների երիտասարդ սերունդները: Սեդրակ Բալյանի խոսքով՝ Երուսաղեմում բացված ցուցահանդեսը պատմում է հայկական հախճապակու և Երուսաղեմում դրա դերի ու նշանակության մասին:

Նախագահ Սարգսյանը և տիկին Սարգսյանը դիտել են ցուցադրությունը, որի բոլոր ցուցանմուշները պատրաստվել են Երուսաղեմում, զրուցել են Հայաստանում ևս նման ցուցադրություն կազմակերպելու, ինչպես նաև հայկական հախճապակու արվեստը Հայաստան վերադարձնելու հնարավորությունների մասին: Սեդրակ Բալյանը նշել է, որ ցանկություն ունեն իրենց փորձառությունը ներդնել և հախճապակի արտադրել նաև Հայաստանում: 

← Վերադառնալ