21
01, 2020

Համագործակցության լայն սպեկտր և հսկայական ներուժ. նախագահ Սարգսյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ

Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ:

Գեորգի Գախարիան նախագահ Սարգսյանին է փոխանցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ջերմ բարեմաղթանքները:

Հայաստանի նախագահը և Վրաստանի վարչապետը մտքեր են փոխանակել հայ-վրացական հարաբերությունների օրակարգի շուրջ: Նրանք նշել են, որ երկու երկրներն ունեն համագործակցության շատ լայն սպեկտր և հսկայական ներուժ: Ընդգծելով, որ փոխշահավետ համագործակցության արդյունքները ծառայելու են երկու երկրների քաղաքացիների բարեկեցությանը՝ զրուցակիցները կարևորել են գործնական քայլերի և համատեղ ծրագրերի իրականացումը:

Կողմերը նշել են, որ համագործակցության մեծ ներուժ են տեսնում բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության և մատակարարման, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում:
 

← Վերադառնալ