11
01, 2020

Նախագահ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ:

Այցի շրջանակում Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն ղեկավարության հետ: Քննարկումների առանցքում կլինեն փոխշահավետ համագործակցության զարգացման օրակարգին առնչվող հարցեր: Անդրադարձ կլինի նաև նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին:

Նախագահ Սարգսյանի հանդիպումների կարևորագույն թեմաներից կլինեն նաև միջուկային էներգետիկայի, նորագույն տեխնոլոգիաների, սննդի անվտանգության ոլորտները, ինչպես նաև համագործակցությունը գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում:

Հայաստանի նախագահն Աբու Դաբիում կմասնակցի «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումին և հանդես կգա որպես գլխավոր բանախոս: «Աբու Դաբի կայունության շաբաթն» անցկացվում է 2008 թվականից: Այն գլոբալ հարթակ է, որը միավորում է պետությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, հեղինակավոր փորձագետների, գիտնականների, գործարարների՝ աշխարհի կայուն զարգացման գլոբալ մարտահրավերներն ու հրատապ խնդիրները քննարկելու նպատակով: Համաժողովի բացմանը մասնակցելու են շուրջ 4000 պատվիրակներ ավելի քան 175 երկրներից, այդ թվում՝ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, դիվանագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, խոշոր ձեռնարկատերեր:

Համաժողովն այս տարի անդրադառնալու է կլիմայական փոփոխություններին ու դրանց հետևանքներին, էներգետիկայի, սննդի անվտանգության խնդիրներին, առողջապահության ոլորտում նորարարությունների ու բիոտեխնոլոգիաների կիրառությանը, արհեստական բանականությանն ու երիտասարդությանը վերաբերող հիմնահարցերին:

Հեղինակավոր համաժողովի նախորդ բանախոսների թվում են եղել ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրը, Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը, Շվեդիայի թագաժառանգ արքայադուստր Վիկտորիան և այլք:

Նախագահ Սարգսյանը երկկողմ հանդիպումներ կունենա ֆորումին մասնակցելու նպատակով Աբու Դաբի ժամանած այլ երկրների նախագահների ու կառավարությունների ղեկավարների՝ մասնավորապես Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի, Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեի, Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչի և այլոց հետ: 

← Վերադառնալ