06
01, 2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ

Աշխարհասփյուռ սիրելի հայրենակիցներ,

Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:

Սուրբ ծնունդը սիրո, բարության, հույսի և հավատի խորհրդանիշ է, տոն, որը մեր ժողովուրդը նշում է հոգու ցնծությամբ:

Այս սրբազան տոնը մեզ հուշում է ավելի հոգատար լինել մեր ազգային տան, մեր ընտանիքի ու մերձավորների, մեր հավատքի ու հոգևոր արժեքների, միմյանց հանդեպ:

Սուրբ Ծննդյան տոնը ամեն տարի իր հետ բերում է մեր կյանքում դրական փոփոխությունների հույս: Այստեղ կարևորը ոչ թե ժամանակի փոփոխությունն է մարդու կյանքում, այլ մարդու կյանքի փոփոխությունը ժամանակի մեջ: Ուստի կարողանանք այնպես ապրել, որ այդպիսի փոփոխությունները միմիայն դրական հետևանքներ ունենան բոլորիս համար:

Մեր ազգը շատ իղձեր ունի ամբարած իր հոգում, թող Աստծո զորությամբ այդ իղձերն ի կատար ածվեն:

Մաղթում եմ առողջություն, հոգեկան և մարմնական ուժերի ամրություն, խաղաղություն, բարօրություն:

Քրիստոս ծնվեց և հայտնվեց:

Ձեզ և մեզ մեծ ավետիս:

 

← Վերադառնալ