Մամուլի հաղորդագրություններ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի առթիվ
Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,
Աշխարհասփյուռ սիրելի՛ հայրենակիցներ,
Շուտով կշրջենք մեր պատմության եւս մեկ՝ 2019 թվականի էջը: Կշրջենք ապագայի հանդեպ հույսով ու հավատով, նոր ակնկալիքներով ու սպասումներով:
Անցնող 2019 թվականն ազգային ու պետական նպատակները նորովի ուրվագծելու տարի էր: Մենք միասին անցանք մեր պետականության ամրապնդման եւս մեկ փուլ:
Որպես պետություն, որպես ժողովուրդ, որպես մեծ ընտանիք՝ մեր առաջնահերթ խնդիրները և գերակայությունները չեն փոխվել։ Սակայն 2020 թվականին մեր հույսերը պետք է վերափոխվեն ու շարունակեն դառնալ գործնական քայլեր և արդյունքներ։
Եվ ես բոլորիս մաղթում եմ ողջամտություն, կարգապահություն, կազմակերպվածություն, առողջ դատողություն, պատասխանատվություն և հանդուրժողականություն:
Ամեն Աստծո օր մենք մտածում ենք մեր մեծ ու փոքր ընտանիքների մասին՝ մեր տան ու մեր Հայրենիքի մասին: Հայրենիքը սկսվում է ընտանիքից: Իսկ ընտանիքից սկսվում է մեր միասնական Հայրենիքի՝ Հայաստանի ու Արցախի անկախության և անվտանգության պաշտպանությունը: Մեր հավաքական կամքը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ունի դրսևորման մեկ ճակատ՝ Հայաստանի ու Արցախի անվտանգություն և հզորություն:
Ընտանիք...
Ընտանիքը նաև հոգևոր ու բարոյական անվտանգության երաշխիքն է, մեր արժեհամակարգի հիմքը, մեր լեզուն, մեր հավատքը, մեր եկեղեցին, մեր ժառանգությունը, մեր ազգային արժեքները, մեր բանակը, մեզ պահապան հուսալի ամրոցը...
Չմոռանանք նաև, որ մեր ընտանիքի անդամ են մեզ անծանոթ անցորդը, հացթուխը, որը գիշերով մեզ համար հաց է թխում, սահմանին կանգնած զինվորը, որի ծնողը և ընտանիքը սրտատրոփ սպասում են նրան, բժիշկը, որը մարդու կյանքը փրկելով՝ դառնում է նրա հարազատը, ծաղկավաճառը, որից գնած ծաղիկներով ուրախացնում ենք մեր սիրելիներին,հող մշակող գյուղացին, որն իր բարիքներն է հասցնում բոլորիս, մանկապարտեզի դայակը, որը խնամում է մեր փոքրիկին, յուրաքանչյուրը, ով սեր, երջանկություն, ուշադրություն, հոգատարություն է պարգևում մանուկներին...
Սերը, համերաշխությունը և հանդուրժողականությունը թող իշխող լինեն բոլոր ընտանիքներում, նաև մեր քաղաքական և հասարակական կյանքում...
Հոգատարությունը ընտանիքի հանդեպ հոգատարություն է Հայրենիքի հանդեպ՝ Գյումրիից Գորիս, Սյունիքից Լոռի,
Արցախից Տավուշ... Եկեք ընտանիքով ճանաչենք Հայրենիքը։
Յուրաքանչյուր ընտանիքի մեջ մեր վաղվա օրն է, մեր ապագան, Հայրենիքի ապագան: Ապագան հիմնված է կրթության, գիտելիքի, մշակույթի և նոր տեխնոլոգիաների վրա: Հայաստանը կարո՛ղ է և պե՛տք է դասվի այն երկրների շարքը, որոնք փոքր են, սակայն՝ հաջողած ու հզոր, որոնք ունեն լսելի ձայն։ Մենք ունենք շատ հստակ առավելություն. փոքր պետություն ենք, բայց՝ համաշխարհային ազգ։
Լինենք նավահանգիստ համաշխարհային տվյալների օվկիանոսում: Ծրագրավորումից գնանք դեպի արհեստական բանականություն, մաթեմատիկայից՝ դեպի մաթեմատիկական մոդելավորում, ֆիզիկայից, քիմիայից, կենսաբանությունից՝ դեպի գիտական նորարարություններ:
Բայց հիշենք, որ անհնար է հաջողության հասնել բարոյականության և մշակույթի անապատում:
Հանդուրժող լինենք միմյանց հանդեպ, սակայն անհանդուրժող՝ անհանդուրժողականության, կոռուպցիայի և հասարակական պարսավելի երևույթների հանդեպ:
Հայրենիքը չի կարող տնտեսապես հզոր լինել, եթե այնտեղ գերակայողն օրենքը չէ։ Մենք պետք է օրենքի երկիր լինենք ոչ միայն լավ օրենք ընդունելով, այլև օրենքը հարգելով և կիրառելով: Սահմանադրությունը և օրենքները պետք ընկալվեն ոչ թե որպես սոսկ իրավաբանական փաստաթուղթ, այլ՝ որպես մշակույթ և կենսակերպ։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Թող 2020 թվականը լինի նոր ձեռքբերումների և հաղթանակների տարի:
Թող խաղաղությունը և հաջողությունն ուղեկցեն մեր երկրին,
Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեր ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, մեր ընտանիքներին, մեզնից յուրաքանչյուրին:
Առանձնահատուկ բարեմաղթանքներս եմ հղում բոլոր զինծառայողներին, պատերազմի հաշմանդամներին եւ նահատակված հերոսների ընտանիքներին, միայնակ կամ ծերանոցում գտնվող հայրենակիցներին, բազմազավակ ընտանիքներին, առողջապահության աշխատակիցներին եւ նրանց խնամքի տակ գտնվող հիվանդներին, Հայաստանի Հանրապետության մանուկ քաղաքացիներին,
Բոլորին...
Թող Աստված պահապան լինի մեր Հայրենիքին և աշխարհասփյուռ հայ Ժողովրդին:
Շնորհավոր Նոր տարի: