Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Սարգսյանն այցելել է Պաշտպանության բանակի ինժեներասակրավորական գումարտակ
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Պաշտպանության բանակի ինժեներասակրավորական առանձին թիվ N գումարտակ։ Նախագահը զրուցել է զինծառայությունն իրականացնող զինվորների ու սպաների հետ, ծանոթացել է նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին, սննդի կազմակերպման նոր հնարավորություններին։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախագահը նշել է, որ լավ տպավորություններ է ստացել շրջայցից և, մասնավորապես, զինվորների սննդի կազմակերպման նոր հնարավորություններից։
«Կարևոր է, որ զինվորն այսօր ունի ուտելիք ընտրելու և առողջ սնվելու հնարավորություն։ Զինվորի համար իր սնունդը և հիգիենան շատ էական և կարևոր են։ Շենքն ի սկզբանե զորանոցի համար նախատեսված չի եղել և հետևաբար ունի թերություններ, որոնք ժամանակի ընթացքում պետք է կարգի բերվեն։ Շինարարական և սակրավորական ծառայությունները մեր բանակում շատ կարևոր են, այնպես որ, բոլորս պետք է աջակցենք, որ սակրավորները և շինարարներն իրենց գործը բարձր որակով կատարեն,-նշել է նախագահը։-Զինվորները, որոնց հանդիպեցի, ուրախ են ծառայության համար, հպարտ են, որ ծառայում են Արցախում»։