07
12, 2019

Երբեք մի վախեցեք աշխատել մարդկանց հետ, ովքեր ձեզնից ավելի խելացի են կամ փորձառու․ նախագահ Սարգսյանը հանդիպել է «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության անդամների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրի աշխատանքային այցի շրջանակում այցելել է «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության արվեստանոց։

Երիտասարդները պատմել են իրենց տարբեր ձեռնարկների մասին՝ սահադաշտ Գյումրիում, տարբեր թեմաներով խճանկարների պատրաստում, աֆորիզմներ Գյումրու փողոցներում, բնապահպանական ակցիաներ, ծառատունկ, քաղաքի բարեկարգում և այլն։ «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնությունն ունի 300 անդամ, գործում է 2012 թվականից: Նախաձեռնության հիմնական նպատակն է վերհանել և լուծել Շիրակի մարզում առկա խնդիրները, մասնավորապես՝ սոցիալական, զբոսաշրջային, մշակութային, սպորտային ուղղություններով:

Նախաձեռնության հիմնադիրների ուղեկցությամբ նախագահը ծանոթացել է երիտասարդների յուրօրինակ աշխատանքներին, դիտել նրանց հերթական նվերը քաղաքին՝ խցաններով խճանկարի տեսքով։ Այնուհետև նախագահը հանդիպել է նախաձեռնության անդամների հետ, զրուցել վերածնվող Գյումրիում երիտասարդների դերի մասին։

«Ձեր մասին տարբեր տեղերից լսելով՝ մտածեցի, որ կարող է դառնանք համախոհներ, ինչ-որ բան անենք միասին»,- ասել է նախագահ Սարգսյանը՝ ավելացնելով․ «Դուք մեր երկիրն եք, մեր երկրի ապագան եք։ Այն մարդիկ եք, ովքեր ստեղծագործ աշխատանքով են զբաղված, իսկ դա ամենակարևոր բանն է։ Դրա մեջ մեծ փիլիսոփայություն կա։ Ուրախ կլինեմ, եթե հնարավորություն լինի միասին աշխատել»։

Նախագահը, մասնավորապես, խոսել է ծնունդով գյումրեցի փիլիսոփա, երաժիշտ, մեծ մտածող Գյուրջիևի մասին և հետաքրքիր հիշողություններ պատմել․ «Երբ 1984 թվականին Միացյալ Թագավորությունում աշխատում էի, Նոր տարվա՝ դեկտեմբերի կողմերը Գյուրջիևի ասոցիացիան հրավիրեց հանդիպման։ Կարծեցի՝ հինգ-վեց հոգով ենք հանդիպում, իրականում հանդիպումը հսկայական սրահում էր, որտեղ մոտ երկու հազար մարդ կար։ Հաջորդ օրը նույնպես մոտ երկու հազար մարդ կար, ընդ որում, շատ բարձրաստիճան անձինք, պետական մարդիկ, գործարարներ, մշակույթի գործիչներ և այլն։

Հայաստան այցելությունից հետո այդ ասոցիացիան ամիսը երկու-երեք անգամ հավաքվում էր։ Հայաստանի պատմական քարտեզը տպել էին, ներկում էին ու բաժանում։ Թվում է՝ ինչ կապ ունեն շոտլանդացիները, անգլիացիները, գերմանացիները և այլն։ Սակայն նրանք հավաքվում էին, հին, պատմական քարտեզները ներկում ու նվիրում։ Ես դրանցից երկուսն ունեմ, մեկն էլ Հայաստանի դեսպանատանն է (Լոնդոնում), պատին փակցված է։ Գյուրջիևն արժեք է, և սխալ է այն չօգտագործելը»։ Նախագահը ցանկություն է հայտնել վերականգնել Գյուրջիևի տունը Գյումրիում․ «Գյուրջիևի տունը չկա, սակայն ես այսպիսի միտք ունեմ՝ վերականգնենք այդ տունը կամ նորը կառուցենք»։

Նախագահի ու երիտասարդների զրույցը շարունակվել է արժեքների թեմայի շուրջ։ Նախագահ Սարգսյանը չափազանց կարևոր է համարել ազգային արժեքները գնահատելը։ «Մենք հաճախ սխալվում ենք և կարծում, թե այն, ինչ մեզնից հեռու է և դուրս է, ավելի կարևոր է ու մեծ արժեք ունի։ Բայց ամենաարժեքավորը քո սեփականն է,-նշել է նախագահը։ -Այն, ինչ դարերով ստեղծվել է և արժեքավոր է, կարծում ես, թե սովորական երևույթ է։ Պետք չէ այդ արժեքը կորցնել։ Մենք ունենք շատ սովորություններ, որոնք պետք չէ սարքել արհեստական, պետք չէ սարքել գռեհիկ, անշնորհք։ Հակառակը, շփվելով ուրիշների հետ, պետք է դրանք մաքրել և ներկայացնել գեղեցիկ ձևով։

Ասածս հետևյալն է՝ ձեր շրջապատում այնքան արժեք կա։ Դուք փողոցից մեխը վերցնում եք և փորձում եք դրանով հետաքրքիր բան անել։ Նույնը մեր մշակութային արժեքներն են։ Դուք ապրում եք Գյումրիում, այստեղ փողոցներում, տներում հսկայական քանակով «փոքրիկ մեխեր» կան, որոնք պետք է գտնել, մաքրել վրայից ժանգը։ Ընդհանրապես ամբողջ Հայաստանում հսկայական արժեքներ ունենք, պետք է գնանք, ամեն «մեխը» հանենք, փայլեցնենք, դրանից սարքենք այնպիսի մի բան, որ օտարները գան և զարմանան։ Սա մեծամտություն չէ։ Մենք այն ենք, ինչ այսօր կանք։ Տիգրան Մեծի պատմությունը պետք է իմանանք, բայց դրանով գլուխ գովելով տեղ չենք հասնի։ Ունեցածը, պատմությունը դեռ ոչինչ չի նշանակում, եթե չես կարողանում այն հղկել, արժեք տալ»։

Կարևոր համարելով թիմային աշխատանքը՝ նախագահ Սարգսյանն ասել է․ «Լավագույն ղեկավարը, առաջնորդը նա է, ով ստեղծում է իր կողքին մարդկանց, ովքեր կարող են շարունակել գործն առանց իրեն։ Խորհուրդս ձեզնից յուրաքանչյուրին՝ անգամ եթե փոքր գործ եք անում, ստեղծեք թիմ, հնարավորություն տվեք՝ մյուսներն էլ խոսեն։ Երբեք մի վախեցեք աշխատել մարդկանց հետ, ովքեր ձեզնից ավելի խելացի են կամ փորձառու։ Դա միայն ցույց է տալու, որ դուք ուժեղ եք։ Միայն թույլ մարդիկ կարող են վախենալ, որ ինչ-որ մեկը կարող է իրենցից խելոք լինի կամ փորձառու։ Մեծ հաջողությունը միշտ գալիս է թիմի հետ»։

 

← Վերադառնալ