04
12, 2019

Համախմբելով մեր ջանքերը՝ կարող ենք նպաստել տեխնոլոգիական ոլորտում մեր երկրի առաջընթացին. նախագահը հյուրընկալել է «Silicon Mountains» համաժողովի մի խումբ մասնակիցների

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Երևանում անցկացված «Silicon Mountains» տեխնոլոգիական համաժողովի մի խումբ մասնակիցների՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանին, «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի արհեստական բանականության զարգացման ծրագրի ղեկավար Դմիտրի Տուրչինին և «Մայքրոսոֆթ» ընկերության՝ ԱՊՀ տարածքում հաճախորդների ծրագրի ղեկավար Աստղիկ Դալլաքյանին, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանին և միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանին:

Նախագահը ողջունել է Երևանում նման տեխնոլոգիական համաժողով անցկացնելու նախաձեռնությունը: «Ժամանակն է, որ բոլորս համատեղենք մեր ջանքերը, քանի որ համախմբվելով ավելի մեծ արդյունքներ կարող ենք ունենալ և նպաստել տեխնոլոգիական ոլորտում մեր երկրի առաջընթացին»,- ընդգծել է նախագահը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ինչպես Հայաստանում գալիք տարի անցկացվելիք «Մտքերի հայկական գագաթնաժողովի», այնպես էլ նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում համագործակցության հնարավորություններին: Ներկայացնելով ATOM նախաձեռնության բաղադրիչները՝ նախագահը նշել է, որ ուրախ կլինեն այս հարթակում, ի թիվս համաշխարհային տեխնոլոգիական այլ առաջատար կազմակերպությունների, տեսնել նաև Microsoft ընկերությանը:

← Վերադառնալ