18
11, 2019

Դեսպանատունը պետք է ոչ միայն ձեզ կապի հայրենիքին, այլև նպաստի հարաբերությունների սերտացմանը․ նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հյուրընկալվել է Կատարում ՀՀ դեսպանատանը

Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում այցելել է Հայաստանի Հանրապետության դեսպանություն։ Կատարի Պետությունում մեր երկրի դեսպանատունը բացվել է այս տարի՝ Կատարի Պետության Էմիրի և կառավարության գործուն աջակցությամբ։

Նախագահ Սարգսյանին դիմավորել են Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, Կատարի Հայոց թեմի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տեր Պողոս վարդապետ Թինքճյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև հայկական «Մեսրոպյան» վարժարանի սաները։

Ողջունելով ներկաներին՝ նախագահ Սարգսյանն օրը պատմական և սպասված է համարել բոլորի համար։ «Կատարը բարեկամական երկիր է՝ բարեկամ ժողովրդով։ Երկար տարիներ բոլորս սպասել ենք դեսպանության բացմանը։ Իմ բազմաթիվ այցերի ժամանակ, երբ հանդիպում էի ձեզնից շատերին, խոսվում էր, թե երբ է Հայաստանի Հանրապետությունը վերջապես Կատարում ունենալու իր դեսպանությունը,- հիշել է նախագահը։ - Այսօր դա իրականություն է, և կարծում եմ՝ հատկապես ձեր՝ Կատարի հայ համայնքի կյանքն այսուհետ էապես կփոխվի, քանի որ դուք ավելի սերտ ու անմիջական կապված կլինեք հայրենիքի հետ, հայրենիքի ներկայությունը կլինի ոչ միայն ձեր սրտերում, այլև ձեր ամենօրյա կյանքում։ Կարծում եմ՝ Հայաստանն ու Կատարը շատ անելիքներ ունեն թե՛ քաղաքականության, թե՛ տնտեսության ոլորտներում, թե՛ գործարար հարաբերություններում և մշակութային կյանքում։ Դեսպանատունը պետք է այն կամուրջը լինի, որ ոչ միայն ձեզ կապի հայրենիքին, այլև Հայաստան-Կատար հարաբերությունները սերտացնի։ Այսինքն, ձեզնից յուրաքանչյուրից ակնկալում եմ, որ ակտիվորեն ներգրավվեք և մասնակից լինեք Հայաստան-Կատար հարաբերությունների զարգացմանը»։

Շնորհավորելով բոլորին դեսպանության բացման առիթով՝ նախագահ Սարգսյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիին և Կատարի բարեկամ ժողովրդին՝ դեսպանատան բացմանն աջակցելու համար։ «Դեսպանատան բացումը հնարավոր չէր լինի, եթե չլինեին էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի բարի կամքն ու հսկայական, նաև՝ նյութական աջակցությունը։ Իմ շնորհակալության խոսքերն եմ ուղղում թե՛ Կատարի ժողովրդին, թե՛ կառավարությանը, թե՛ էմիրին,-ընդգծել է նախագահը։ - Սա բարեկամության առանձնահատուկ քայլ է, և մեզնից յուրաքանչյուրը պետք է գնահատի այն, պետք է ամեն ինչ անենք, որ այս բարեկամությունը, երկու ժողովուրդների միջև եղբայրական հարաբերություններն ամրապնդվեն ու ընդլայնվեն։ Այնպես որ, բարի գալուստ Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, բարի գալուստ ձեր տուն»։ 

← Վերադառնալ