Մամուլի հաղորդագրություններ
Ապագային միտված համագործակցություն. նախագահ Սարգսյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը՝ բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը, ներկայացնելով բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, նշել է, որ դրանք հիմնականում առնչվում են ենթակառուցվածքներին և ուղղված են երկրում կյանքի որակի բարելավմանը:
Հանրապետության նախագահն արդյունավետ է գնահատել բանկի հետ համագործակցությունը՝ նշելով, որ հաջողված ծրագրերը դրա լավագույն վկայությունն են: Նախագահը միևնույն ժամանակ առաջարկել է ավելի մեծ ուշադրություն հատկացնել ապագային միտված նախագծերին` վստահություն հայտնելով, որ մեր երկրի ապագան նորարարություններն ու նորագույն տեխնոլոգիաներն են, արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում գործակցությունը:
Այս համատեքստում նա ներկայացրել է նախագահական նախաձեռնություններից մեկը՝ Հայաստանում տեխնոլոգիաների ու գիտության զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) ծրագիրը, որը, ի թիվս այլ բաղադրիչների, նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններին բերել Հայաստան՝ գիտահետազոտական, ուսումնական ծրագրեր իրականացնելու։ «Դա կստեղծի ճիշտ միջավայր և կօգնի երիտասարդներին սովորել խոշոր ընկերություններից»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը: Նա առաջարկել է դիտարկել այս ծրագրի շրջանակում համագործակցության, մասնավորապես, բանկի ներգրավվածության հնարավորությունները։ «Վստահ եմ՝ Եվրոպական ներդրումային բանկի համար ևս փոխգործակցության հնարավորություններ կլինեն»,-նշել է Վազիլ Հուդակը: