25
10, 2019

Հայաստանը, որը, ինչպես Ճապոնիան, սովորել է ոտքի կանգնել ընկնելուց հետո, 21-րդ դարում կարող է լինել հաջողակ. նախագահ Արմեն Սարգսյանը դասախոսությամբ է հանդես եկել Տոկայի համալսարանում

Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Տոկայի համալսարան: Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության հետ, այնուհետև հանդես է եկել դասախոսությամբ։

Համալսարանի նախագահ Կիյոշի Յամադան նշելով, որ մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, ասել է. «Հավատացած եմ, որ սա կարևոր քայլ է առաջ՝ ընդլայնելու հարաբերությունները Հայաստանի և Տոկայի համալսարանի միջև: Մեր համալսարանի անունից Ձեր երկրին ամենայն հաջողություն եմ մաղթում»:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ ուսանողների հետ ցանկանում է խոսել ապագայի մասին: «Դա հատուկ ապագա է, քանի որ դուք ապրում եք մեծ փոփոխությունների ժամանակաշրջանում»,- ընդգծել է նախագահը՝ ավելացնելով, որ մի ժամանակ այն, ինչ համարվում էր գիտական ֆանտաստիկա, այսօր դառնում է իրականություն:

Նա անդրադարձել է ճապոնացի գրող, գրականության նոբելյան մրցանակակիր Կենձաբուրո Օէին՝ նշելով, որ երիտասարդ տարիքում հետաքրքրությամբ էր ընթերցում նրան, քանի որ նրա գրքերն ընթերցողին տեղափոխում էին ապագա: Ապագայի կյանքը, նախագահի խոսքով, շատ տարբեր է լինելու, քանի որ արհեստական բանականությունը, թվային տեխնոլոգիաներն ամբողջությամբ փոխելու են այն, փոխվելու են նաև արդյունաբերությունը, առողջապահությունը, մյուս ոլորտները. «Երբ օգտագործենք հատուկ մաթեմատիկական գործիքներ կամ արհեստական բանականությունը կամ մեծ ծավալի տվյալների կառավարման գործիքները, կարող ենք շատ ավելի արագ հասնել արդյունքների: Սա նշանակում է, որ 10, 20 տարի հետո, օգտագործելով արհեստական բանականությունը, մենք կարող ենք հաղթահարել այն հիվանդությունների մեծ մասը, որոնք ժառանգել ենք»:

Նախագահը նշել է, որ աստիճանաբար վիրտուալ կյանքը սկսում է ավելի մեծ տեղ զբաղեցնել, և ժամանակի ընթացքում այն ավելի ու ավելի կարևոր է դառնալու: Անգամ քաղաքական կյանքն է աստիճանաբար դառնալու ինտերակտիվ և տեխնոլոգիաներից կախված: Իսկ վիրտուալ կյանքն ավելի կանոնակարգելու համար կարևոր է դառնալու մաթեմատիկական մոդելավորման, արհեստական բանականության դերը:

«Արհեստական բանականությունը կդառնա ձեր կազմակերպված գիտելիքի աղբյուրը: Այն կուղեկցի ձեզ ամեն օր, ամեն պահի, կտրամադրի ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը: Հետևաբար, արհեստական բանականությունը կփոխի արդյունաբերությունը, մեքենաների արտադրությունը, զվարճանքները, մեր կողմից դպրոցներում ու համալսարաններում կրթվելու և դասավանդելու ձևերը, մեր առողջությունն ու կփոխի ողջ աշխարհը,-նշել է նախագահ Սարգսյանը: -Յուրաքանչյուր ազգ կանցնի մեծ փոփոխությունների միջով: Աշխարհը կփոխվի, և տարբեր կլինեն նաև մեր ազգային հետաքրքրությունները, աշխարհաքաղաքականությունը: Մենք նախկինը չենք լինի: Այսուհետ կարևոր չի լինի, թե որքան ոսկի կամ նավթ ունես, կարևոր կլինի, թե որքան շատ գաղափար ու գիտելիք ունես, որքանով ես խելացի ու արագ, պատրաստ պայքարելու քո խնդիրների համար: Եվ այս գործընթացն արդեն սկսվել է»:

Հայաստանի նախագահի խոսքով՝ նոր աշխարհը ստարտափների աշխարհ է: Երիտասարդները, որոնք ունեն գաղափար, լավ կրթություն, ջանասեր են, գիտեն, թե ինչ է տեղի ունենում աշխարհում, կարող են մտածել և կյանքի կոչել ստարտափներ, որոնք կարող են դառնալ հաջորդ Google-ը կամ Apple-ը:
«Խորհուրդ եմ տալիս ձեզ սկսել ձեր մտավոր վիրտուալ ճանապարհորդությունը՝ գնալով դեպի ապագա և վերադառնալով: Միայն այդ դեպքում դուք կհասկանաք, թե ինչ ճանապարհով պետք է ընթանաք ու ինչ պետք է անեք հաջողակ լինելու համար՝ մշակույթի, երաժշտության, բիզնեսի, առողջապահության և այլ ոլորտներում: Եվ այստեղ ամենուր ձեզ ուղեկցելու են մեծ ծավալի տեղեկատվությունն ու դրա կառավարումը, մաթեմատիկական մոդելավորումն ու արհեստական բանականությունը»,-նշել է նախագահը:

Նա խորհուրդ է տվել չվախենալ արհեստական բանականությունից, որի շնորհիվ միլիոնավոր նոր աշխատատեղեր են ստեղծվելու:

Խոսելով Հայաստանի մասին` նախագահ Սարգսյանն ասել է, որ այն թեև փոքր է, բայց 21-րդ դարի երկիր է: «Փոքր պետություն, բայց համաշխարհային ազգ, ինչը 21-րդ դարում առավելություն է, քանի որ հայերն ունեն համաշխարհային ցանց: Մենք շատ հին պատմություն ունենք: Հին ազգ ենք, որը տարբեր դժվարությունների միջով է անցել, տառապել է: Եթե գիտեք պատմություն, կիմանաք, որ ավելի քան 100 տարի առաջ մենք ենթարկվել ենք ցեղասպանության Օսմանյան կայսրության կողմից: Սակայն մենք մի ժողովուրդ ենք, որը վերապրող է: Մենք մարտիկներ ենք, մարդիկ, ովքեր կարող են ընկնել և նորից ոտքի կանգնել: Սա մի որակ է, որն անհրաժեշտ է ապագայում,-ասել է նա և ավելացրել:-Թեպետ մենք փոքր ազգ ենք, սակայն 21-րդ դարում մենք ևս ունենք հնարավորություն: Մի ազգ, որն ունի հնարավորություն` դառնալու հաջողակ: Ես հավատացած եմ, որ իմ ժողովուրդը կարող է լինել հաջողակ: Ցամաքով շրջապատված Հայաստանը 21-րդ դարում կարող է դառնալ հաջողակ, քանի որ այն կարող է լինել տեղեկատվության, մաթեմատիկայի կամ արհեստական բանականության զարգացման նավահանգիստ կամ կենտրոն: Նոր աշխարհում, որի կեսը վիրտուալ է, կարող ես դառնալ նավահանգիստ` տեղեկատվության, դրա մշակման համար: Որպես պետություն՝ մենք ունենք հնարավորություն, եթե շատ աշխատենք, ունենանք տեսլական, լինենք կարգապահ: Հայաստանը, որը, ինչպես և Ճապոնիան, սովորել է, թե ինչպես կարելի է ոտքի կանգնել ընկնելուց հետո, կարող է լինել հաջողակ»:

Նախագահ Սարգսյանն ուսանողներին հրավիրել է Հայաստան՝ ոչ միայն տեսնելու հնագույն վանքերը, հիասքանչ բնությունը, վայելելու մարդկանց հյուրընկալությունն ու հիանալի ուտելիքը, այլև մասնակցելու «Seaside Startup» նախագծին. «Մասնակցելով դրան՝ դուք ոչ միայն կվայելեք ճամբարային կյանքը, այլև հնարավորություն կունենաք շահելու նախագահի մրցանակը, որը տրվում է լավագույն ստարտափին»:

Տոկայի համալսարանը մասնավոր ուսումնական հաստատություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Տոկիոյում: Այն հիմնադրվել է 1942 թվականին: Ունի շուրջ 30 հազար ուսանող, որից շուրջ 1000-ը` արտերկրից: Համալսարանը բարձրագույն կրթություն է տրամադրում ինչպես հումանիտար, այնպես էլ բնագիտական ուղղություններով: Այն ուսանողական փոխանակման ծրագրեր է իրականացնում աշխարհի 40 երկրների ավելի քան 120 համալսարանների ու կրթական հաստատությունների հետ:

← Վերադառնալ