25
10, 2019

Արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման ոլորտում կարող ենք լինել գործընկերներ. նախագահ Սարգսյանն այցելել է ճապոնական Mitsubishi Heavy Industries ընկերություն

Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է աշխարհի խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկը՝ ճապոնական Mitsubishi Heavy Industries ընկերություն և հանդիպել Mitsubishi Group ընկերության խորհրդի անդամ, Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միանագայի հետ։

«Պատիվ է հյուրընկալել Ձեզ մեր գլխամասային գրասենյակում և խոսել, թե համագործակցության ինչպիսի ծրագրեր կարող ենք ունենալ»,
- ողջունելով Հայաստանի նախագահին ասել է ընկերության խորհրդի նախագահը։ Նա նշել է, որ Mitsubishi Heavy Industries-ն սկսել է որպես նավաշինական ընկերություն ու այսօր դարձել արդյունաբերական և տեխնոլոգիական խոշորագույն ընկերություն։

Ընդգծելով, որ արագ փոփոխվող աշխարհում իրական արժեքներն են լինելու մարդկային միտքը, ստեղծարարությունը, գաղափարը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ իր ցանկությունն է, որպեսզի Հայաստանը դառնա գիտական ու տեխնոլոգիական հանգույց։ Նրա խոսքով՝ դրան են միտված նաև նախագահական մի շարք նախաձեռնություններ, որոնց նպատակն է զարգացնել նորագույն տեխնոլոգիաները՝ հիմնված արհեստական բանականության, մեծ տեղեկատվության կառավարման և մաթեմատիկական մոդելավորման վրա, և սա այն ոլորտն է, որտեղ «կարող են լինել գործընկերներ»։

Զրուցակիցները խոսել են փոխգործակցության, Հայաստանում Mitsubishi Heavy Industries -ի առաջատար տեխնոլոգիաների, ինչպես նաև փորձի կիրառման հնարավորությունների մասին։

Նախագահ Սարգսյանը հրավիրել է ընկերության ղեկավարությանն այցելել Հայաստան՝ տեղում ծանոթանալ առկա ներուժին և համագործակցության հնարավորություններին։

← Վերադառնալ