11
10, 2019

Միասին հնարավոր է շատ ավելին անել. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է հայ և գերմանացի գիտնականներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է գերմանական հայտնի «ԴԵԶԻ» (DESY) գիտահետազոտական կենտրոնի և նրա գործընկերներ՝ Երևանի «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ներկայացուցիչներին:

Նախագահ Արմեն Սարգսյանը 2018թ. Գերմանիայի Դաշնային Հանրապետության կատարած պաշտոնական այցի ընթացքում հյուրընկալվելով «ԴԵԶԻ»-ում՝ կարևորել էր հայ գործընկերների հետ համագործակցության հետագա սերտացումը:

«ԴԵԶԻ»-ի տնօրենների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Հելմուտ Դոշի գլխավորությամբ գերմանացի գիտնականների խումբը Հայաստան է ժամանել հայ գործընկերների հետ առկա գիտական համագործակցությունն առավել խորացնելու նպատակով:

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նշել է. «Ձեր այցը և պատվիրակության մեծությունը վկայում են, որ միասին կարող ենք շատ ավելին անել: Դուք կարող եք լիովին համոզված լինել, որ նախագահի աշխատակազմը պատրաստակամ է ամբողջությամբ աջակցել, որ համագործակցությունն ավելի խորը և արդյունավետ լինի»:

«ԴԵԶԻ»-ի տնօրենների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Հելմուտ Դոշը տեղեկացրել է այցի արդյունքների մասին՝ նշելով, որ երեկ արդեն գիտական համագործակցության ընդլայնման վերաբերյալ երկու փաստաթուղթ է ստորագրվել՝ համապատասխանաբար Երևանի «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի հետ: «Կարծում ենք, որ կարող ենք ընդլայնել այս համագործակցությունը: Կան նոր ոլորտներ, որտեղ հնարավոր է համագործակցություն սկսել»,-ասել է նա՝ մասնավորապես առանձնացնելով մեծ ծավալի տվյալների կառավարումը, որը ժամանակակից մարտահրավերներից մեկն է: Նա նշել է, որ համագործակցությունը գիտականից բացի նաև կրթական բաղադրիչ ունի, և հայ գործընկերների հետ պայմանավորվածություն կա իրականացնել գիտնականների փոխանակման, վերապատրաստման ծրագրեր:

«ՔԵՆԴԼ» ինստիտուտի և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի ներկայացուցիչներն իրենց հերթին նույնպես տեղեկություններ են ներկայացրել համագործակցության ուղղությունների մասին:

Հանրապետության նախագահը մեծ նվաճում է համարել գերմանական և հայկական գիտահետազոտական կենտրոնների միջև ձեռքբերված պայմանավորվածությունները: «Սա համագործակցության նոր ուղի է բացում՝ հասկանալու, թե նոր աշխարհում ինչպես պետք է կառավարել մեծ տվյալները, ինչ տեսակի մաթեմատիկական հաշվարկ պետք է օգտագործել դրա համար: Այն իսկապես կարող է լինել հաջորդ տարիներին համագործակցության ուղղություններից մեկը,-նշել է նախագահ Սարգսյանը՝ կարևորելով նաև կրթական բաղադրիչը:- Հայաստանում ծավալած յուրաքանչյուր գործունեություն պետք է երկու կողմ ունենա: Մեկը հետազոտությունն է, իսկ մյուսը պետք է լինի կրթությունը: Դրանք պետք է փոխլրացնեն իրար»:

Նախագահը հաջողություն է մաղթել հայ և գերմանացի գիտնականներին՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցել նրանց նախաձեռնությունների իրականացմանը: 

← Վերադառնալ