04
10, 2019

Իմ դերը հնարավորություններ ստեղծելն է, ես դռներ եմ բացում․ նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սերբիայի իր հանդիպումներին

«Մեր զրույցը Սերբիայի նախագահի հետ սկսվել է մոտավորապես մեկ տարի առաջ՝ Մյունխենում, երբ հանդիպեցինք,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այցի ընթացքին, հանդիպումներին և ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ասել է պաշտոնական այցով Սերբիայի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ -Երկար տարիներ մենք ուշադրություն չենք դարձրել Սերբիայի հետ հարաբերություններին։ Եկեք չմոռանանք, որ Սերբիան և Բելգրադն այս տարածաշրջանի կենտրոնն են եղել և կմնան երկար տարիներ։

Ուրախ եմ, որ առաջին իսկ օրն արդյունքներ ունեցանք․ նախագահ Վուչիչի հետ պայմանավորվեցինք, որ մոտ ժամանակներս ՀՀ քաղաքացիները սովորական անձնագրով առանց վիզայի կճանապարհորդեն Սերբիա։ Սա կարևոր է, քանի որ եթե ուզում ենք երկու երկրների միջև կազմակերպել հետագա տնտեսական համագործակցություն, զբոսաշրջություն, կարևոր է, որ մարդիկ կարողանան ազատորեն ճանապարհորդել մի տեղից մյուսը»։

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Սերբիայի նախագահը, վարչապետը, կառավարությունը շատ մեծ ուշադրություն են դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին։ «Մեզ պես լինելով փոքր երկիր, շրջապատված տարբեր հարևաններով` իրենք էլ հասկանում են, որ ապագան նոր տեխնոլոգիաներինն է։ Հետևաբար, համագործակցությունը շատ բնական է լինելու։ Մի մոռացեք, որ Սերբիան անում է ամեն բան՝ դառնալու ԵՄ անդամ», -նշել է նախագահը։ Նրա խոսքով՝ ունենում ենք մի գործընկեր-երկիր, որը բարեկամ է, որը Եվրոպայի ֆիզիկական մաս է, և որը վաղը կդառնա ԵՄ անդամ։ «Հոկտեմբերի 25-ին Սերբիայի վարչապետը Մոսկվայում ստորագրելու է համաձայնագիր, որով ազատ առևտրի հնարավորություն կունենան եվրասիական տնտեսական համակարգում,-ասել է նախագահ Սարգսյանը։- Ուրախալի է, որ դա տեղի է ունենում այն պահին, երբ Հայաստանն է նախագահում ԵԱՏՄ-ում։ Սա նոր հնարավորություն է բացում․ եթե սկսենք լավ աշխատել, Սերբիայի և Բալկանների համար մուտքը եվրասիական տարածք կլինի Հայաստանով։

Խոսեցինք նաև ավիացիոն հաղորդակցության մասին, ինչը զբոսաշրջության համար նոր ուղիներ կբացի։ Սերբիան գյուղատնտեսական ապրանքների մեծ կենտրոն է, իրենց ապրանքները մեր միջոցով կարող են տարածվել տարածաշրջանում»։

Ընդհանուր առմամբ, նախագահ Սարգսյանի գնահատմամբ, Սերբիայի հետ մեր հարաբերություններն ավելի են խորանում։ Պատասխանելով Կոսովոյի և Արցախի հիմնախնդիրների նման լինելուն վերաբերող հարցին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ դրանք նույնը չեն, ուստի անհրաժեշտ է, որ այս հարցում Սերբիան ու Հայաստանն իրար ճիշտ հասկանան և միջազգային հարթակներում ճիշտ քաղաքականություն վարեն։ «Եթե չունենանք ամենօրյա երկխոսություն, մեզնից յուրաքանչյուրը խնդիրը կարող է մեկնաբանել տարբեր ձևերով, համապատասխան որոշում ընդունել և քվեարկել տարբեր միջազգային կառույցներում։ Մեր երկխոսությունն ու ավելի սերտ հարաբերությունները լուծելու են նմանատիպ խնդիրները,-նշել է Հայաստանի նախագահը։ - Մենք պետք է մեկս մյուսին լավ ճանաչենք, շատ շփվենք, բացատրվենք միմյանց հետ»։

Բելգրադի տեխնոպարկ այցելությանն անդրադառնալով՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ նոր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը կարող է լինել առանձին ընկերությունների մակարդակով։

Ինչ վերաբերում է Գյումրիի և սերբական Նովի Սադ քաղաքի միջ կապեր ստեղծելուն, Արմեն Սարգսյանը լրագրողներին մանրամասնել է, որ Սերբիայի խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը, որը Նովի Սադ քաղաքից է, ինքն առաջարկել է, որ Նովի Սադը և Գյումրին դառնան քույր քաղաքներ․ Նովի Սադը պատմական հին քաղաք է, որտեղ գտնվում են Սերբիայի ամենամեծ տեխնոլոգիական կենտրոնները։ «Զարգացման համար Գյումրին պետք է ունենա քույր քաղաքներ աշխարհում, որպեսզի զգա, որ մենակ չի մնացել և աշխարհի մասն է կազմում,- նշել է Հայաստանի նախագահը։- Առաջարկը շատ ջերմ ընդունվեց․ մինչ պայմանագիրը կստորագրվի, քաղաքապետարանի ներկայացուցիչները Գյումրիից կգան Նովի Սադ, իսկ Նովի Սադից կգան Հայաստան։

Իմ դերը հնարավորություններ ստեղծելն է։ Ես դռներ եմ բացում, դռներ եմ բացում մեր դիվանագիտական հարաբերությունների համար, ապագա տնտեսական հարաբերությունների համար, քաղաքների միջև հարաբերությունների, զբոսաշրջության համար։ Իմ գործն է խորհուրդ տալը, աջակցելը, բայց կառավարությունը, Ազգային ժողովը, մասնավոր ընկերությունը, ամեն կառույց իր մասը պետք է վերցնի։ Մենք բոլորս՝ նախագահական ինստիտուտ, կառավարություն, Ազգային ժողով, մեր ամբողջ հասարակությունը, բոլորս ծառայում ենք մեր երկրի բարեկեցությանը։

Իմ մեծ նպատակը մեր երկիրը բարեկեցիկ դարձնելն է, և ես պատրաստ եմ համագործակցել բոլորի հետ»։

 

 

← Վերադառնալ