Մամուլի հաղորդագրություններ
Մենք ունենք ներուժ՝ առավել ընդլայնելու ու խորացնելու մեր հարաբերությունները Չինաստանի հետ. նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Հայաստանում ՉԺՀ դեսպանություն
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ազգային օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն: Նախագահը մեր ժողովրդի և անձամբ իր անունից դեսպան Թիան Էրլունին, դեսպանության աշխատակազմին և, ի դեմս նրանց, Չինաստանի ողջ ժողովրդին շնորհավորել է ազգային տոնի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդարձի առթիվ:
«Չինաստանը բարեկամ երկիր է, որը մոտ է մեզ: Այն ավելի ու ավելի մոտ է դառնում «Մեկ գոտի, մեկ ուղի» ծրագրի շնորհիվ՝ ինչպես տնտեսապես, այնպես էլ քաղաքական առումով: Մենք ունենք ներուժ՝ առավել ընդլայնելու ու խորացնելու մեր հարաբերությունները Չինաստանի հետ»,-նշել է նախագահ Սարգսյանը:
Դեսպան Թիան Էրլունը շնորհակալություն է հայտնել նախագահին՝ այցելության և շնորհավորանքի համար. «Տոնի առթիվ տարբեր միջոցառումներ ենք կազմակերպել, սակայն այսօրվա Ձեր այցը դեսպանություն ամենակարևորն է: Պատրաստակամ ենք ընդլայնել համագործակցությունը մեր երկրների միջև: Որպես դեսպան՝ ես հարաբերությունների զարգացման հսկայական ներուժ եմ տեսնում»:
Նախագահ Սարգսյանն ու դեսպանը Թիան Էրլունը մտքեր են փոխանակել հայ-չինական հարաբերությունների զարգացման ուղղությունների, ինչպես նաև, Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ, Հայաստանում Չինաստանին վերաբերող համաժողով կազմակերպելու հնարավորությունների շուրջ, որը դեսպանը համարել է կարևոր ձեռնարկ: Անդրադարձ է կատարվել է նաև նախագահական նոր նախաձեռնություններից մեկի՝ Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced tomorrow) ծրագրի շրջանակում հնարավոր համագործակցությանը: