25
09, 2019

Հայաստանի ու Իտալիայի նախագահները պատրաստակամ են առավել մեծ ջանքեր ներդնել երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ․ Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերջիո Մատարելլայի հետ

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի հետ:

Նախագահ Սարգսյանը գործընկերոջը տեղեկացրել է այցի ընթացքում իտալական տարբեր ընկերությունների հետ ունեցած հանդիպումների և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ նշելով, որ նպատակ ունի աջակցել նրանց՝ այցելել Հայաստան, ծանոթանալ ներդրումային փոխշահավետ համագործակցության հնարավորություններին, իսկ որոշների հետ արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածությունները վերածել գործնական քայլերի։

Շնորհակալություն հայտնելով նախագահ Մատարելլային՝ Իտալիա պետական այց կատարելու հրավերի համար, նախագահ Սարգսյանը ողջունել է այս տարվա ապրիլին Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախաձեռնության ընդունումը, ինչպես նաև սեպտեմբերի 25-ին Իտալիայի Սենատի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը։

Փաստելով տնտեսական, կրթական, մշակութային ու գիտական ոլորտներում համագործակցության մեծ հնարավորություններն ու կարևորելով առկա ներուժի լիարժեք իրացումը՝ նախագահները նշել են, որ բարձր մակարդակով փոխայցելություններն էապես նպաստելու են երկկողմ հարաբերությունների խորացմանը և նոր թափ են հաղորդելու բարեկամ երկրների միջև բազմակողմ համագործակցությանը։ Նրանք պատրաստակամություն են հայտնել առավել մեծ ջանքեր ներդնել երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ։

Նշելով Իտալիայի խորհրդարանական կառավարման հարուստ փորձն ու ավանդույթները՝ զրուցակիցները կարևորել են երկու երկրների նախագահական կառույցների միջեւ փոխգործակցությունը, մասնավորապես, նախագահների աշխատակազմերի միջև փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը։

 

← Վերադառնալ