20
09, 2019

Երախտապարտ ու շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ ձեր ծառայության և հայրենանվեր աշխատանքի համար. նախագահ Սարգսյանը պետական պարգևներ է հանձնել Անկախության տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության, ընտանիքի կայացման և ամրապնդման, երաժշտարվեստի, մշակույթի, կրթության, արվեստի բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև գրական-մշակութային երկարամյա բեղմնավոր գործունեության համար մի խումբ անձինք պարգևատրվել են մեդալներով և շքանշաններով, ստացել են կոչումներ և դասային աստիճաններ:

Անկախության տոնի առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Մարտական ծառայության մեդալով հետմահու պարգևատրվել է ազատամարտիկ Կարեն Սուքիասյանը:

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Արմեն Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգևները, շնորհավորել պարգևատրվածներին ու ներկաներին Անկախության տոնի առթիվ:

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի խոսքը

Անկախության տոնի առթիվ պարգևների հանձնման արարողությանը

Մեծարգո պարոն վարչապետ,

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Սիրելի՛ զինվորներ ու սպաներ,

Հարգելի՛ մտավորականներ,

Թանկագի՛ն հայրենակիցներ,

Տիկնայք և պարոնայք,

Թույլ տվեք շնորհավորել բոլորիս համապետական ու համազգային գալիք մեծագույն տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

Այսօր ես հաճելի ու պատվաբեր առաքելություն ունեի՝ պետական կոչումներ և պարգևներ հանձելու մարդկանց, ովքեր այդ ամենը վաստակել են իրենց արժանապատիվ աշխատանքով։

Հարգելի պարգևատրվածներ,

Վստահ եմ, որ յուրաքանչյուրդ, մտածելով ձեր գործի մասին, այն կատարում եք սրտի, հոգու և մտքի խորը գիտակցությամբ և նվիրումով: Ձեզնից յուրաքանչյուրը ձեր գործի իսկական վարպետն է, իսկական գիտակ։

Երախտապարտ ու շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ՝ ձեր ծառայության և հայրենանվեր աշխատանքի համար։

Շնորհակալ եմ ձեր ընտանիքներին։ Շնորհակալ եմ ձեր ծնողներին, որ կյանք են տվել ձեզ ու դաստիարակել այսպիսին, ինչպիսին որ կաք։

Հարգելիներս,

Գիտեմ՝ ինչ էլ որ անելու լինեք, երբեք շնորհակալության խոսք կամ նշան չեք ակնկալում։ Վստահ եմ՝ այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև ձեր աշխատանքը, ձեր նվիրումը ձեր ներքին պահանջն է:

Դա պատասխանատվություն է հայրենիքի, ժողովրդի, ընտանիքի, ձեր գործի հանդեպ:

Ինչպես ասում էր Ամենայն Հայոց կաթողիկոս Վեհափառ Վազգեն Առաջինը՝ հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքելություն: Եվ դուք այդ առաքելության մասն եք:

Այսօր Վազգեն Առաջին Վեհափառը կդառնար 111 տարեկան: Սիմվոլիկ է, որ այս արարողությունն անցկացվում է նրա ծննդյան օրը:

Հարգելինե՛րս,

28 տարի առաջ հռչակվեցինք ազատ, անկախ պետություն, վավերացրինք համազգային պայքարի արդյունքը։

Անկախությունն անսակարկելի արժեք է, որի համար պայքարել և իրենց կյանքն են զոհաբերել մեր ժողովրդի բազում և լավագույն զավակներ:

Այսօր երախտագիտության զգացումով ենք հիշում բոլոր նրանց: Խոնարվում ենք նրանց բոլորի առաջ:

Խոնահվում ենք ազատամարտիկ Կարեն Սուքիասյանի հիշատակի առաջ, ով այսօր հետմահու արժանացավ պետական պարգևի:

Գնահատանքի և երախտիքի խոսք եմ ուզում ասել և ուղղել այս դահլիճում ներկա նրա մորն ու եղբորը, ընտանիքին:

Սիրելի տիկին Անիկ, հարգելի Տիգրան, շնորհակալ եմ ձեզ, ձեր ողջ ընտանիքին այն հսկա զոհաբերության համար, որ դուք և ձեր պատանի որդին արեցիք հայրենիքի համար:

Վերստին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Անկախության օրվա շատ լուսավոր տոնի առթիվ, իսկ ձեզ, սիրելի բարեկամներ, նաև այսօրվա պարգևների ու կոչումների համար ։

Երջանկություն ու հաջողություն բոլորիդ օջախներին և մեր միասնական տանը՝ Հայաստանի Հանրապետությանը։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Կերցե՛ Արցախի Հանրապետությունը։

Կեցցե՛ մեր ժողովուրդը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի։

Աստված պահապան բոլորիս:

 

← Վերադառնալ