Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողներ Լուիջի Ամատին և Բրիջիթ Բոումենին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողներ, «Business Angels Europe» կազմակերպության նախագահ և «МЕТА» վենչուրային ընկերության գործադիր տնօրեն, իտալական հրեշտակ ներդրողների ցանցի հիմնադիր Լուիջի Ամատին և Եվրոպայի բիզնես ներդրող հրեշտակների ցանցի (EBAN) պատվավոր նախագահ Բրիջիթ Բոումենին։
Միջազգային փորձագետները մեր երկրում են BANA-ի՝ Business Angel Network of Armenia-ի հրավերով ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և բիզնեսի ղեկավարների ու ներդրողների համար կազմակերպվող համաժողովին մասնակցելու և ներդրումների ներգրավման, ստարտափերի էկոհամակարգերի ձևավորման և այլ հարցերում խորհրդատվություն տրամադրելու նպատակով:
Նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է նրանց այցը և հայկական ընկերություններին ու ստարտափ թիմերին իրենց փորձով ու գիտելիքներով օգտակար լինելու պատրաստակամությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանակարների, ստարտափերի էկոմիջավայրի ձևավորման և կայացման հարցերի շուրջ: