Մամուլի հաղորդագրություններ
Իմ տեսլականն է, որ Հայաստանը գիտական և տեխնոլոգիական հանգույց դառնա. նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել միջազգային աստղագիտական գիտաժողովին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանում անցկացվող միջազգային աստղագիտական գիտաժողովին, որը նվիրված է գերնոր աստղերի ծագման աղբյուր համարվող՝ սպիտակ թզուկ պարունակող սեղմ կրկնակի աստղերին: Միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել շուրջ 60 գիտնականներ աշխարհի տարբեր գիտակրթական հաստատություններից, մասնավորապես՝ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտից, Քեմբրիջի, Շեֆիլդի, Պոտսդամի, Միչիգանի, Մոսկվայի պետական համալսարաններից:
Նախագահ Սարգսյանը, ով, որպես տեսաբան-աստղաֆիզիկոս, ժամանակին զբաղվել է հարաբերական աստղաֆիզիկայով, ողջունել է գիտաժողովը Հայաստանում կազմակերպելու նախաձեռնությունը՝ այն օգտակար համարելով գիտության զարգացման տեսանկյունից, ինչպես նաև Հայաստանի՝ որպես գիտական ավանդույթներ ունեցող երկրի համար: Նա հաջողություն ու արդյունավետ աշխատանք է մաղթել գիտաժողովի մասնակիցներին՝ նշելով, որ նրանք Հայաստանում են ոչ միայն իրենց գիտելիքները ներկայացնելու, այլև սովորելու համար:
«Ես համոզված եմ, որ 21-րդ դարը բացարձակապես տարբեր է լինելու 20-րդ դարից, և հիմնական փոփոխությունը լինելու է գիտության, տեխնոլոգիաների, մարդկային վարքագծի, ներառյալ՝ քաղաքականության վերափոխումը: Տեխնոլոգիական առաջընթացը հսկայական ազդեցություն է ունենալու ամեն ինչի, ներառյալ՝ հիմնական սոցիալական վարքագծի, արժեքների, մարդկանց վարքագծի վրա, որն ավելի քվանտային է դառնում»,-իր խոսքում մասնավորապես ասել է նախագահը՝ նշելով, որ նույնիսկ ժողովրդավարությունն է փոխում իր ձևը:
«Սա նոր աշխարհ է: Իմ տեսլականն է, որ Հայաստանը գիտական ու տեխնոլոգիական հանգույց դառնա: 21-րդ դարում իրական արժեքներն են լինելու մարդկային միտքը, ստեղծարարությունը, գաղափարը՝ հիմնված ձեռք բերած փորձի, գիտության ու տեխնոլոգիաների վրա»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:
Գիտաժողովն անցկացվում է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի աջակցությամբ, կազմակերպիչը Մեքսիկայի ազգային համալսարանի պրոֆեսոր Գագիկ Թովմասյանն է: