Մամուլի հաղորդագրություններ
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի տնօրեն Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի (DAI) գլխավոր տնօրեն, Ալ-Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը:
Ճանաչողական այցի շրջանակում շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը կայցելի մի շարք տեսարժան վայրեր և մշակութային հաստատություններ, այդ թվում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ՝ Մատենադարան, Գաֆեսճյան արվեստի կենտրոն, Հայաստանի ազգային պատկերասրահ և պատմության թանգարան, կծանոթանա մեր ժողովրդի պատմամշակութային ժառանգությանը։ Կքննարկվի նաև հանրահայտ Ալ-Սաբահ հավաքածուի նմուշները Երևանում ցուցադրելու հնարավորությունը։
Ալ-Սաբահ հավաքածուն ներառում է արվեստի արժեքավոր նմուշներ, այդ թվում՝ եզակի ձեռագրեր, գորգեր, թանկարժեք զարդեր, կերամիկական և մետաղական, փայտից ու ապակուց պատրաստված աշխատանքներ: Հավաքածուի ավելի քան 30 հազար նմուշները ներկայացնում են տարբեր երկրների մշակույթն ու արվեստը և աշխարհագրական ու ժամանակագրական տարբեր շրջանների են պատկանում։
Շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և ԱՄՆ-ի համալսարաններում ու մշակութային ինստիտուտներում պարբերաբար հանդես է գալիս դասախոսություններով՝ նվիրված իսլամական մշակույթին և արվեստին: Նա ակտիվորեն ներգրավված է ճարտարապետական կոթողների պահպանության գործում, մասնավորապես, աշխատանքներ է իրականացնում Բահրեյնի, Սիրիայի և Եգիպտոսի պատմական շինությունները պահպանելու և վերականգնելու ուղղությամբ:
Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանը (DAI) հիմնադրվել է շեյխ Նասեր Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Սաբահի և նրա տիկնոջ՝ շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահի հավաքածուի հիման վրա ։ DAI- ի հիմնական գործառույցներից են դասախոսությունների, համերգաշարերի, ֆորումների, ցուցադրությունների, թրեյնինգների կազմակերպումը, հետազոտությունների իրականացումը, գրքերի հրատարակումը: DAI-ն ունի նաև երկու գրադարան, որոնցից մեկում ներկայացված է իսլամական արվեստի ու մշակույթի մասին գրքերի հարուստ հավաքածուն, իսկ մյուսում պահվում են հազվագյուտ գրքեր: Ընդ որում, այդ հավաքածուի գրքերն այժմ թվայնացվում են՝ հասանելի դառնալով գիտնականների ու հետաքրքրված անձանց ավելի լայն շրջանակի համար: